Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Սեպտեմբեր / 2022 : 17-17

«Խաչվերաց». հավատք եւ խորհրդանիշ, աշնանամուտ եւ ժողովրդական ավանդույթներ

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է «Խաչվերաց»ը՝ հինգ տաղավար տոներից վերջինը:

Պարսկական գերությունից Տիրոջ խաչափայտի Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, բարձրացման՝ ԽաչՎԵՐԱՑի ի հիշատակ։

Ժողովրդական ավանդույթի համաձայն, տոնի նախօրեին կանայք պատրաստում են խմորեղեն, տղամարդիկ ուլ են մորթում ու ԳՈՐՈՎԻ պատրաստում: Ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա՝ Խաչվերաց տոնի առանձնահատուկ ուտելիքներն են։

Տոնը խորհրդանշում է նաեւ աշնանամուտ. «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»։


Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է.

«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:

Կայուն ու կենդանի հավատք պետք է ունենալ Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական Խաչի նշանը մեր վրա պատկերելիս՝ այսպես են դավանում եւ պատգամում եկեղեցու սուրբ հայրերը։

Սբ. Խաչը գերությունից վերադարձվել է 628թ-ի սեպտեմբերի 14-ին:

Այդ ժամանակից ի վեր քրիստոնյա աշխարհի բոլոր եկեղեցիները տոնում են Խաչվերացը։ Խաչը՝ որպես կայսրության խորհրդանիշ, Բյուզանդիայում տեղադրվել է կառավարական շենքերի պատերին, ապա պաշտոնյաների հագուստների զարդանախշերում սկսեցին պատկերել զայն։
Հայ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ մինչ օրս կիրակի երեկոյան կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն տոնակատարության օրերին։ Խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով, ապա պտտեցնում են եկեղեցու շուրջը՝ Խաչափայտը հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով գերությունից դեպի Երուսաղեմ տանելու խորհրդանշական արարողությամբ։

«Եթե այդ նշանը մեծ հավատով դրոշմենք, ապա ոչ մի անմաքուր ոգի չի մոտենա»։

Սբ. Հովհան Ոսկեբերան

Կատարվում է անդաստանի կարգ, ապա քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ վարդաջուր ցողում հավատացյալների վրա եւ խաղաղություն հայցում Աստծուց։

Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Author's cover photo
Ամսաթիվ 11 / Սեպտեմբեր / 2022 : 17-17
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 44990անգամ
Վերջին լուրեր