12 / Սեպտեմբեր / 2022 : 14-51

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:


Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։


Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։

Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22189անգամ
Վերջին լուրեր