13 / Սեպտեմբեր / 2022 : 20-48

Ինչ սպասել ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից

Վերնագրում արձանագրված հարցադրմանը, որ այսօր եղել է հայկական տեղեկատվական, հանրային, մեդիա-փորձագիտական տիրույթում ամենից հաճախ հնչած հարցերից մեկը, թերևս հնարավոր է պատասխանել խիստ համառոտ՝ գործնականում ոչինչ: Գործնականում ոչինչ, որովհետև ՄԱԿ Անվտանգւթյան խորհրդի հինգ մշտական անդամների միջև առկա է քաղաքական հարցերի այն աստիճանի տարակարծություններ, որ դրանց մոտ կամ արագ հաղթահարումը թվում է անհնարին: Իսկ խոսքը թե ռեգիոնալ՝ կովկասյան հարցերում տարաձայնությունների և տարբեր ռազմավարությունների մասին է, թե աշխարհաքաղաքական: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում, հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին մարտերի հարցով հրավիրել անվտանգության խորհրդի նիստ: Առայժմ հստակ չէ, թե երբ տեղի կունենա նիստը, սակայն գործնականում բարդ է պատկերացնել, թե նիստն ինքնին կարող է էական հարց լուծել իրավիճակի կայունացման առումով, եթե դա չեն կարող անել օրինակ Մինսկի խմբի համանախագահ երկրները միասին կամ առանձին-առանձին: Ըստ այդմ, հավանականությունը, որ ՄԱԿ ԱԽ նիստը կընդունի իրավիճակի կայուն կառավարմանը նպաստող բանաձև, գրեթե անհավանական է: Դրանից զատ հնարավոր է իհարկե որևէ ընդհանուր հայտարարություն պատվիրակել նախագահողին՝ ԱԽ նիստի մասնակիցների անունից անելու համար, որը չունի որևէ իրավական կամ պարտադիր ուժ: Եվ կա իհարկե նախագահող երկրի նախաձեռնությամբ մամուլի հայտարարության հնարավորությունը, որը ևս՝ առավելագույնս կարող է ունենալ բարոյական նշանակություն:


Ընդհանուր առմամբ, ՄԱԿ ԱԽ շրջանակում լուծման փնտրտուքը թերևս անիրատեսական է, գոնե այս աշխարհաքաղաքական իրադրության պահին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե Հայաստանն ինչո՞ւ է դիմել ՄԱԿ ԱԽ-ին: Այստեղ իհարկե Հայաստանն առաջնորդվել է թերևս առավելագույնն անելու մղումով, չունենալով կորցնելու ոչինչ: Սա ամենևին չի նշանակում, որ չպետք է պայքարել այդ ամբիոնում սեփական մոտեցումները ներայացնելու համար: Ի վերջո,, պետք է ձգտել օգտագործել յուրաքանչյուր հարթակ: Ամբողջ հարցն այն է, որ չարժե ունենալ չափազանցված սպասում և Հայաստանը թերևս ունի աշխատանքային երկու շատ կոնկրետ ուղղություն՝ Ռուսաստան և ԱՄՆ: Իրավիճակի կառավարման հարցում առարկայական որևէ մեխանիզմ հնարավոր է փնտրել դրանցից որևէ մեկում: Իհարկե այստեղ հարց է, թե որտեղ ինչ գին կարող է արժենալ այդ մեխանիզմը, սակայն իրավիճակը խոշոր հաշվով այդպիսին է և Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում իր կարողությունից և ներուժից զատ, որն այսօր ցավոք սրտի բավականին համեստ է՝ զինվորների և սպաների անմնացորդ և անձնազոհ ամրությամբ հանդերձ, կարող է առարկայական լուծումների և կայունացման հարցում ակնկալել միայն ԱՄՆ կամ Ռուսաստանի մասնակցություն: Ցանկալի է իհարկե թե ԱՄՆ, թե Ռուսաստանի:


Սևանով հանդերձ հարկ է նկատել, որ իրավիճակը գերլարվել է ռեգիոն՝ ԱՄՆ ու Ռուսաստանի համանախագահների համաժամանակյա այցի օրերին:

Ռուսաստանցի համանախագահ Խովաևը սեպտեմբերի 8-իին ժամանեց Բաքու, իսկ նույն օրը Երևան ժամանեց ամերիկացի համանախագահ Ռիքերը: Այսօր ռուսաստանցի համանախագահը Երևանում է, իսկ Ռիքերը ժամանել է Բաքու:
Դիտվել է 67468անգամ
Վերջին լուրեր