19 / Սեպտեմբեր / 2022 : 19-42

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, և դա մերօրյա գլխավոր մարտահրավերն է:

Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 19-ին տեսաուղերձի միջոցով:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով:

«Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով»,-շեշտեց Արցախի նախագահը՝ խորին վշտակցություն հայտնելով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին:

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ Հարությունյանը համոզված է, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա:

«Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանությունները, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված»,-հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 100846անգամ
Վերջին լուրեր