29 / Սեպտեմբեր / 2022 : 09-54

ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են հրադադարը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վերաբերյալ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։

Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։


Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու և նոր ագրեսիաները կանխելու համար։

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ երեկ տեղեկացրել էր, որ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:


Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:


Կարդացեք նաև

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 167525անգամ
Վերջին լուրեր