03 / Հոկտեմբեր / 2022 : 09-51

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից։


Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։


ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Կարդացեք նաև՝ Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22337անգամ
Վերջին լուրեր