Մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան. Փաշինյան
«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, շատ էական ու կարևոր ենք համարում, քանի որ չենք պատկերացնում լուծում` առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության»,-պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում բանակցությունների ընթացքի գործընթացը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենց չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան:
«Մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես Արցախին չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում, երբ 1998-ին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց:
Եվ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատել է այդ պայմաններում և այդպես եղել է լռելյան կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ չլինի և սա իր հետ բերելու է որոշակի բարդություններ: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,-հավելեց նա: