Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2022 : 10-05

Հավանականություն կա, որ թշնամին 3 ուղղությամբ գործողություն կնախաձեռնի

Կանխատեսելի էր, որ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախկին 3 նախագահներ-կաթողիկոս ձեւաչափը չաշխատող կձեւակերպի՝ ասում է «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Մարդիկ, ովքեր անլուծելի տարաձայնություններ ունեն, չեն կարող կոնսոլիդացվել` ամեն մեկը շարժվում է անձնական շահերով։ Մեկն ուզում է իշխանության վերադառնալ, մյուսն ուզում է այս իշխանությունների մեղավորության բեռն ու պատասխանատվությունը կիսել։ Կարապետյանն էլ է Նիկոլ Փաշինյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը համարում` քաղաքականության մեջ։ Դա հանրային ձեւակերպում է, նման ձեւակերպումները հենց այնպես չեն ձեւավորվում։ Նա կարծում է, որ Հանրայինում իր հարցազրույցի ժամանակ ՀՀ առաջին նախագահը փորձեց ենթադրելի զիջումների, ենթադրելի անելանելի իրավիճակների համար արդարացնել այս իշխանություններին։ Ցավալի էր, որ ժամանակին հաղթանակ գրանցած նախագահը խոսում է անելանելի վիճակի, ցավալի զիջումների եւ այն մասին, որ ով էլ գա, անհնար է որեւէ բան փոխել: Այնինչ 1990-ականներին շատ ավելի ծանր է եղել վիճակը: Դավիթ Կարապետյանը սա որակեց որպես Տեր-Պետրոսյանի ամենավատ հարցազրույց։

Անդրադառնալով Ժնեւում կայացած Արարատ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, երբ նախորդ օրն ադրբեջանցիները հերթական ռազմական ագրեսիան էին նախաձեռնել Հայաստանի տարածքում եւ գնդակահարել ռազմագերիներին, ասաց, որ դիվանագիտական պրակտիկայում պրոտոկոլային հարցերը եւ նմանատիպ հանդիպումներ չեղարկելը շատ բարդ պրոցես է։ Իհարկե, կարող էր հայկական կողմը չեղարկել՝ պատերազմական իրավիճակն ու բազմաթիվ զոհերի առկայությունը հաշվի առնելով, սակայն Կարապետյանը կարծում է, որ դիվանագիտական հարթակներում պետք է փորձեն դեմառդեմ հարցերը լուծել։

«Մենք գործ ունենք նենգ, ստոր, թշնամական հարեւանի հետ, որը երբեք չի փոխվելու, ոչ էլ իր վարքագիծն է փոխելու»,- նշում է նա։ Բայրամովը հայտարարում է, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը պետք է համաձայնի իրենց առաջարկած հինգ սկզբունքներին, ու դրանից բացի ոչ մի այլ խոսակցություն չի կարող լինել․ հենց այստեղ է, որ Արարատ Միրզոյանը հավուր պատշաճի պետք է պատասխանի այդ հայտարարությանը։ Չի կարող լինել որեւիցե պայմանագիր, առավել եւս՝ խաղաղության միջպետական պայմանագիր, որը լինի մեկ կողմի կամարտահայտությամբ եւ ազգային ու պետական շահերից ելնելով։ Պետք է բացառել միակողմանի կամարտահայտությունը։
«Եթե Ալիեւին մնա, ընդ որում՝ նա կաշկանդված չէ, ցույց կտա Բաթումիի տխրահռչակ փաստաթուղթը, որով Հայաստանի Հանրապետությունը 12.000 ք/կմ է, որով Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը Հայաստանի տիրապետության տակ չեն, Սեւանա լճի որոշ հատվածներ, Տավուշի մարզից որոշակի հատվածներ։ Բնականաբար, այդպես լինել չի կարող»,- նկատեց նա։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա կարելի է 19-րդ կամ 20-րդ դարերի քարտեզներից օգտվել, որոնց վրա սուվերեն Ադրբեջանի պետություն գոյություն չունի, եւ փորձենք հենց դրանցով առաջ տանել բանակցությունները, իրականացնել դելիմիտացիա եւ դեմարկացիա։ Սակայն գոյություն ունեն Ռուսաստանի Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց միջոցով իրականացվելու է այդ պրոցեսը, եւ ռուս մասնագետներն էլ իրենց աջակցությունն են ցուցաբերելու այդ գործընթացում։
Կարապետյանը նշում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմքեր հայկական կողմն ունի, սակայն այդպիսի ռազմական դաշինքից դուրս գալը լուրջ գործիքակազմ է պահանջում եւ ժամանակ։ Չնայած դրան` այս կառույցը կենսունակ չէ եւ համարժեք չի պատասխանում այդ նույն կառույցի համանախագահող երկրի դեմ ծավալվող ռազմական ագրեսիային։ Կարապետյանին մտահոգում է, որ ռազմական գործողությունների հավանականությունը մոտ օրերս շատ ռեալ է, ու եթե հանկարծ Ռուսաստանը պահանջի, որ Ուկրաինայի տարածքում՝ իրեն միացած հատվածներում ՀԱՊԿ-ն ռազմական գործողություններ ծավալի, փաստացի Փաշինյանը` որպես ՀԱՊԿ համանախագահող, կանգնելու է լրջագույն խնդրի առաջ՝ արդյոք Հայաստանը պե՞տք է ռազմական ներկայությամբ մասնակցի այդ գործողություններին, այն էլ՝ այն պարագայում, երբ Հայաստանում ՀՀ զինված ուժերը բավականին բարդ խնդրի առաջ են կանգնել եւ ՀԱՊԿ-ի աջակցությունը չեն ստանում։ Այս պարագայում Հայաստանը մեկ այլ հարվածի տակ կհայտնվի՝ այլ պետությունների ու գերտերությունների կողմից:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, Դավիթ Կարապետյանը նշում է, որ ադրբեջանցիների հայտարարություններին պետք չէ հավատալ, քանի որ թշնամին նենգ է՝ հայտարարում է մի բան եւ անում մեկ այլ բան։ Հակառակորդը հայտնվել է ՀՀ տարածքի խորքում, իրականացրել է ամրաշինական աշխատանքներ ու հենց բռնազավթված հատվածներից էլ իրականացնում է նոր հարձակումներ։ Կարապետյանը հավանական է համարում, որ մինչեւ ձմեռ թշնամին ռազմական լայնածավալ հարձակում կսկսի 3 ուղղությամբ՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր։ Ուստի օր առաջ պետք է պատրաստվել հարձակմանը, շփման գծում հայկական դիրքերի ամրաշինական աշխատանքներ կատարել։ Կարդացեք նաև՝

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 17 հայ ռազմագերու վերադարձնելու մասին

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Այլնորություններ կարդացեք Yelaket.am կայքում
Դիտվել է 339692անգամ
Վերջին լուրեր