Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2022 : 14-09

Իմաստուն մարդու լավագույն ընկերը ուղեղն է... Արտավազդ Եղոյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հեռուստահաղորդավար, ռեժիսոր, թարգմանիչ, դերասան Արտավազդ Եղոյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենավառ հիշողության,իմաստավորված ապրելու, սիրո բնորոշման և չիրականացած երազանքի մասին:

-Ո՞րն է Ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

-Երբ մորս ծնկին ննջում էի նրա դյութիչ ձայնով պատմվող հեքիաթների տակ: Չկա առավել երջանկություն, երբ տեսնում ու զգում ես նրա ներկայությունը...

-Ձեր աշխատանքային փորձը բազմազան է, ամեն դեպքում ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Այո, դրանք շատ են... Ես կասեի այն, որն ավելի լավ է ստացվում, որում հասնում ես գրեթե կատարելության ու ստանում մեծագույն հաճույք կատարածիցդ: Երբ այն առավել ընդունելի է շրջապատի կողմից ու գնահատվում է ըստ արժանվույն:
-Դուք «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկն եք, ունեցել եք հեղինակային հաղորդումներ: Հիմա պահանջարկ ունե՞ն հեղինակային հաղորդումները:

-Իհարկե ունեն, եթե դրանք իրոք արժեքավոր են ու ընդունելի հեռուստադիտողի կողմից: Հեղինակը պետք է զգա, արժե՞ շարունակել, թե՞ իմաստ չունի, քանզի արձագանքը ամենալավ գնահատականն է արածդ գործի: Երբ չես նկատում, կամ չնկատելու տալով շարունակում ես այն, հաշվի չառնելով կամ չհասկանալով արածիդ տկարությունը՝ կնմանվես «Անաղում ջրաղացի» (մեջբերում «Սայաթ- Նովա» ֆիլմից):

-Դուք նաև թարգմանություններ եք կատարել:Համամի՞տ եք, որ թարգմանությունը միշտ մի ոտքից «կաղ» է:

-Իհարկե: Դժվար է ներկայացնել հեղինակի արտահայտած միտքը, չկարողանալով զգալ նրա ապրումները, իսկ դա գրեթե անհնար է: Ես ինձ թարգմանիչ չեմ համարում, քանզի չունեմ այն կրթությունը, որն անհրաժեշտ է: Չնայած, շատ դեպքերում նույնիսկ ունեցողը չի կարող թարգմանիչ կոչվել, չկարողանալով հեղինակի խոսքն ու միտքը հեղինակել այն լեզվով, որով պետք է ներկայացնի այն:
-Փոխվում են ժամանակները, մարդը փոխու՞մ է իր էությունը:

-Անշուշտ: Յուրաքանչյուր միջավայր ազդում է մարդու կացութաձևի, գիտակցության, պահվածքի վրա: Հակառակ դեպքում նա չի ընդունվի շրջապատի կողմից, որպես օտար մարմին դուրս կմղվի: Չնայած շատ դեպքերում ստիպված ես հարմարվել՝ չընդունելով կամ չհամաձայնելով այս կամ այն իրողությանը:Ձեր հարցը, խորը փիլիսոփայական պատասխան է ենթադրում, որի համար ես պատրաստ չեմ:

-Ի՞նչն է իմաստուն մարդու լավագույն ընկերը:

-Իհարկե ուղեղը...
-Ի՞նչն է վաղվա օրը ավելի լավը դարձնելու միջոցը:

-Այսօրվա հանդեպ ուշադիր լինելը: Անցյալը չմոռանալը: Այս պահով չապրելը:

-Ինչպիսի՞ն է սիրո Ձեր բնորոշումը:

-Դրան լուրջ, պատասխանատվությամբ վերաբերվելը...: Եվ ամեն գնով այն պահպանելը...:

-Ե՞րբ է ապրելն իմաստավորվում:

-Երբ զգում ես, որ պետք ես հասարակությանը: Երբ քեզանից ճիշտ ապրելու խորհուրդներ են հարցնում: Երբ փակուղու առջև կանգնածին, այնտեղից դուրս գալու ելքն ես ցույց տալիս: Սակայն դա միակն է: Ելքն այնտեղ է, որտեղից մտել ես:
-Կյանքի այս թատրոնում Դուք գտե՞լ եք Ձեր դերը:

-Համամիտ չեմ: Այո՛,դերակատարները շատ են, հիմնականում՝ կեղծերը, սակայն կյանքը թատրոն չէ: Յուրաքանչյուրս, ով Աստծո տված այս հրաշալի վիճակին լուրջ է վերաբերվում, հեշտությամբ է գտնում իր ճիշտ տեղը կյանքում: Իսկ նրանք, ովքեր երևակայական վարագույրի ետևից են նայում, նրանց կյանքը՝ մեկ կամ ամենաշատը երկու գործողությամբ էլ ավարտվում է՝ զրկվելով ծափահարողներից ու բուռն ծափերից, որոնց արժանանում են իրական արտիստները իրենց կյանքի վարագույրը փակվելուց հետո:

-Ո՞րն է Ձեր չիրականացած երազանքը:

-Այն, ինչ արել եմ կյանքումս, գովեստի ու դրվատանքի է արժանացել, սակայն ոչ իմ կողմից: Միշտ դժգոհ եմ մնացել...Շատ կուզենայի, որ աշխարհում ամենուր խաղաղություն լիներ: Մարդիկ գոհունակ գային ու այդպես էլ հեռանային ինչ-որ լավ բան թողնելով սերունդներին: Բարի լինեին միմյանց հանդեպ, ներողամիտ: Էէէէ...որ ճիշտն ասեմ, չգիտեմ: Գուցե կիմանամ կյանքիս վերջին վայրկյանների՞ն, ՉԳԻՏԵՄ...
-Ի՞նչ վերնագիր կունենա Ձեր մասին պատմող ֆիլմը:

-Երևի «Մեր Արտոն»...

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 24030անգամ
Վերջին լուրեր