Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )

1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։

Կիսավեր տաճարը 1873-1879ին վերակառուցել եւ օծել է Գեւորգ Դ կաթողիկոսը։
Մնչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շինության պատերի հետքերը։
Ավագ խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (443թ.)՝ ուղղանկյուն թաղածածկ խուց։

1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք, որը հետագայում վերանորոգվել, իսկ 1997 թվականին արդեն այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը։ Դեպի դամբարանը տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով (1964թ.)։

Եկեղեցու ներսը նկարազարդված է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով. Մեսրոպ Մաշտոցը նորաստեղծ այբուբենը ձեռքին՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևնը է, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները։ Նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը:
Կենտրոնում, պատուհանի ապակու վրա, պատկերված է հայոց այբուբենը՝ ողողված պայծառ լույսով։



Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։