31 / Մարտ / 2023 : 15-06

Ես իմ մանկությունից եմ եկել... Անահիտ Աղասարյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը բեսթսելլեր դարձած գրքերի, «Հարսանիք թիկունքում» դրամայի, կին-տղամարդ տարանջատումների և աշխարհը գունավորող առաքյալների մասին:
-Գրող լինելը մասնագիտությու՞ն է, թե՞ ի վերուստ տրված կոչում:

-Գրողը նախ և առաջ բնավորություն է, մարդկային առանձնահատուկ տեսակ: Ցակացած իրավիճակում, նույնիսկ երբ այդ իրավիճակն իրենն է, և ինքն է ապրումի կրողը՝ նա դիտորդ է: Խորը վշտի պահերին անգամ նա կողմնակի աչքով դիտում է իրեն կողքից, ֆիքսում մանրամասները: Նա հետևում է իր սեփական և ուրիշների ապրումների դրսևորմանը, ուսումնասիրում երևույթները, մարդկանց, նրանց շարժումները, ձայնի ինտոնացիան՝ ստելու պահին, ցավի արտահայտման կերպը, ուրախության… Հետաքրքրասեր ու անհագ, մտածող դիտորդ է գրողը:

-Ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Պատվերը:

-Ո՞րն է Ձեր հոգու գիրքը:

-Եթե ուղղակի իմաստով եք հարցնում՝ Հովհաննու հայտնությունը, Փոքրիկ Իշխանը, Ռեյ Բրեդբերիի « 451 ըստ Ֆարենհայթի » …
Շատ են: Անուղղակի իմաստով՝ Բարսումն է, լեռների ու սարերի մեջ ծվարած գյուղ, որտեղ անցել է մանկությունս: Էդ չքնաղ, նախաստեղծ բնությունը, որի գեղեկցությունից մարդու շունչ էր կտրվում: Ծաղիկների առատությունը, տատիս գոգնոցի բույրը, երբ գլուխս դնում էի նրա ծնկին ու լսում Շեքսպիրի պիեսների սյուժեն, որ նա պատմում էր որպես հեքիաթ; Մեղուների միալար բզզոցը, մեծ պապիս 47 փեթակները, որոնցով հաշվել սովորեցի ու հետո ապշեցի, երբ արդեն դպրոցում իմացա, որ 47-ից հետո թվերը շարունակվում են: Ես իմ մակությունից եմ եկել:
-Ի՞նչ կարծիք ունեք բեսթսելլեր դարձած գրքերի մասին:

-Տեղական բեսթսելլերներին լավ ծանոթ չեմ, մի քանիսը կարդացել եմ գործի բերումով, երբ առաջարկություն է եղել սցենարի վերածել: Դրսի մի քանի գործեր կան, որ մեծ հաճույքով եմ կարդացել՝ Դեն Բրաուն, Հարարիի, Կիյոսակիի… Ինձ ավելի հետաքրքիր են վավերագրությունները, նամականիները, կենսագրական գրքերը:

-Եթե այսօր գրեիք «Հարսանիք թիկունքում» դրաման, ինչը կփոխեիք սյուժեի ու բովանդակության մեջ:

-Ոչինչ չէի փոխի: Այդ պիեսը բեմադրվեց ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում: Երբևէ նորից դրան անդրադառնալու ցանկություն չի ծագել: Կա պիես, որ 30 տարի առաջ է բեմադրվել Սունդուկյանի անվան թատրոնում, բայց ժամանակ առ ժամանակ վերանայում եմ, ինչ-որ բան փոխում և առ այսօր դեռ չեմ ավարտել:
-Հանուն սիրո՞, թե՞ իշխանության են լինում պատերազմները:

-Հանուն սիրո պատերազմները անտիկ աշխարհում էին, հիմա միայն հանուն ազդեցության ոլորտների տեղաբաշխման, ռեսուրսների, ճանապարհների: Իմ սերունդը տեսավ Արցախյան առաջին պատերազմ, խորհրդային կայսրության փլուզման ցնցումներ, մի հազարամյակից անցանք հաջորդ հազարամյակ, դարը փոխվեց…
Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում: Մեկը կա՝ Կլաուս Շվաբ, Դաոսի համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրն ու անփոփոխ պրեզիդենտը…Ըստ նրա՝ կապիտալիզմն արդեն սպառել է իրեն որպես ֆորմացիա: Այնպես, ինչպես համայնական կարգերին հաջորդեց ստրկատիրականը, դրան՝ ֆեոդալիզմը, այնպես էլ այսօր մի նոր տնտեսակարգի ձևավորման շրջան է, որը կգա ու կհաջորդի կապիտալիստականին: Անցման շրջան է, երկունքի ծանր շրջան՝ մեծ, ցնցումնալից ու ահռելի տեղաշարժերով:

Ես ուրախ եմ, որ ծնվել եմ 20-րդ դարում, մտել 21, ապրել իմ երկրի ճակատագրով, տեսել և ՛ հաղթանակ, և՛ պարտություն, և՛ ցավ, և՛ ցնծություն: Ինձ հետաքրքիր է ապրել էս ժամանակի մեջ:

-Տղամարդը երբեք չի՞ լքում կնոջը, եթե սիրում է:

-Նայած տղամարդ, նայած կին…
Մարդիկ տարբեր են: Դրանից ութ միլիարդ կա:
-Ի՞նչն է ջնջում կին-տղամարդ տարանջատումները:

-Տաղանդը:

-Ի՞նչ են տղամարդիկ փնտրում հարաբերություններում:

-Ուրախություն: Կյանքի ուրախություն: Սրա մեջ մտնում են սերը, ընտանիքը, մարմնական վայելքը, սեփական անձը ձագի միջոցով հավերժության մեջ տանելու բնազդի բավարարումը:

-Սպասումը սպանու՞մ է կնոջը:

-Ոչ, հաճախ ապրեցնում է:Մանավանդ՝ զավակին սպասելը:
-Ովքե՞ր են աշխարհը գունավորող առաքյալները:

-Խոշոր անհատականությունները: Մեծ ուսուցիչները, աշխարհում բան փոխած, լեգենդ դարձած լուսավոր դեմքերը: Նկատի չունեմ միայն կարկառուններին, Կարաբալան էլ գունավոր ծաղիկներ բաժանող, գունավոր դեմք էր:

-Ի՞նչն է ամենակատարյալ ստեղծագործությունը...
-Գունդը:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 49071անգամ
Վերջին լուրեր