10 / Ապրիլ / 2023 : 14-25

Սիրո վտանգավոր թշնամին կասկածն է... Սիրանուշ Լազյան


Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սիրանուշ Լազյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը երազանքի թատրոնի,անցած սերերի, մարդկանց իրար հետ կապող ամենաձիգ լարերի, երջանկության և տաղանդի մասին:

-Ո՞րն է Ձեր երազանքի թատրոնը:

-Այն թատրոնը ,ուր ստեղծագործելու անսահման հնարավորություններ կլինեն, ուր խաղաղ ու առողջ բանականություն կտիրի ստեղծագործական կազմում, ուր տեխնիկայի պակաս չի լինի հանդիսատեսին «երազ» տեսնելու համար։ Թատրոն՝ թատերասեր հանդիսատեսով...

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի տաղանդավոր դերասանուհին:

-Եթե դերասանուհին տաղանդավոր է,ապա արդեն իսկ օժտված է ճիշտ հատկանիշով ...տաղանդ+անսպառ նվիրվածություն,էներգիայի ճիշտ պաշար, իր իսկ բնավորությունը անընդհատ կրթելու կարողություն, որպեսզի կարողանա տաղանդը ճիշտ մատուցել, հմայք, անսպառ աշխատասիրություն և սիրելու ուժ...
-Ո՞ր գրական ստեղծագործություններն են Ձեզ անսահման հուզում:

-Այն գրական ստեղծագործությունները ,որտեղ մարդն է ու իր պայքարը...
Ինձ մինչև օրս «Փոքրիկ իշխանը» հուզում է ։

-Ո՞ր պատմություններն են լավ գրքեր դառնում:

-Պատմությունները , որ պայքարի և հաղթանակների մասին են, սիրո ու խաղաղության ,ապրված, մարսված կյանքերի պատմություններն են դառնում լավ գրքեր:

-Ի՞նչն է սիրո վտանգավոր թշնամին:

-Սիրո վտանգավոր թշնամին կասկածն է:
-Ինչի՞ է նման սթափ ողջախոհությանը գերի դարձած մարդը:

-Սթափ ողջախոհությանը գերի դարձած մարդը նման է երևակայությանը՝ հետեւաբար կասկածին գերի դարձած փթախտին:

-Որո՞նք են մարդկանց իրար հետ կապող ամենաձիգ լարերը:

-Մարդիկ իրար հետ կապված պետք է լինեն «հարգանքի» լարերով:

-Ո՞ր երջանկությունն է կործանման դատապարտված:

-Երջանկությունը, որը կառուցված է կեղծիքի վրա ,դատապարտված է պարտության:
-Ինչի՞ են նմանվում անցած սերերը:

-Անցած սերե՞րը...
Սերը ,որն անցնում է, իրակա՞ն է ...
Չգիտեմ,երևի կողպված պահարանների...

-Ո՞ր ֆիլմն է պատմում մեր օրերի մասին:

-Ցավոք, այսօր ապրում ենք էնպիսի օրերում ,որ կարելի է շատ առաջ գրված պատմությունները արդի դարձնել,բայց «Աստվածաշունչը» խոսում է հենց այսօրվա մասին:

-Ե՞րբ է աշխարհը գեղեցիկ...

-Աշխարհը գեղեցիկ է ,երբ ազնվությունն ու արդարություն է տիրում ,երբ հարգանք ու սեր է իշխում , երբ աշխարհը ստեղծողին շնորհակալ ես...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 67038անգամ
Վերջին լուրեր