13 / Ապրիլ / 2023 : 12-49

Արվեստը միջակություններ չի սիրում. Անի Ահարոնյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է բալետի արտիստ, պարուսույց Անի Ահարոնյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը պարի, կազմվածքը պահպանելու համար սննդակարգի հետևելու, նշանավոր բալետմաստերիների հետ աշխատելու և «Թափառում» ռոք -օպերայի մասին:
-Ի՞նչ բնորոշում կտաք պարին:

-Թույլ տվեք Բոբ Ֆոսիի խոսքերով պատասխանեմ. «Երբ բառերը չեն հերիքում՝ զգացմունքներդ արտահայտելու համար, օգնության է գալիս երաժշտությունը: Բայց երբ անգամ երաժշտությունն ի զորու չէ փոխանցելու հույզերդ, ակամա սկսում ես պարել»: Դժվար է չհամաձայնել այս բառերի հետ. սա բոլորիս է վերաբերում՝ անկախ մասնագիտությունից: Ծիսական պարերը կային, երբ անգամ դեռ մեր ժամանակների մարդուն հասկանալի խոսքը չկար: Անցել են դարեր, ու այսօր մարդկությունն արդեն տիեզերքն է ուսումնասիրում, բայց միևնույն է՝ ամենաերջանիկ պահերին մենք ուրախությունից թռվռում ենք, մեկ է՝ մարմինը պարում է:
-Արդյոք մասնագիտությունը փոխել է Ձեր տեսակը:

-Անկասկա՜ծ: Հնարավոր չէ դառնալ պրոֆեսիոնալ ու հարգված մասնագետ որևէ ոլորտում առանց նվիրումի տվյալ գործին: Դասական բալետը հազար ու մի պահանջների կողքին նաև կարգապահություն է պահանջում, առանց որի կարելի է դառնալ ընդամենը կիսատ–պռատ պարող, այլ ոչ թե կրել «բալետի արտիստ» պատվավոր կոչումը: Իմ լավագույն ուսուցիչներից մեկը` երջանկահիշատակ Լոլա Ստեպանովնան, ասում էր, որ բալետը, և առհասարակ արվեստը, միջակություններ չի սիրում. արվեստում պետք է գործիդ « ՖԱՆԱՏ»-ը լինես, հակառակ դեպքում ավելի լավ է՝ ոլորտով ընդհանրապես չզբաղվես։ Ստորագրում եմ յուրաքանչյուր բառի տակ:
-Պարը ունի՞ սահմանված ժամանակ:

-Իհարկե ունի: Առանց որևէ էյջիզմի կարող եմ փաստել, որ պարը, հատկապես եթե դասական պարի (բալետի) մասին ենք խոսում, երիտասարդների համար է: 30-ից հետո տարին տարվա վրա զգում ես, որ ավելի ու ավելի շատ ուժեր են պահանջվում՝ միևնույն կատարողական որակն ապահովելու համար: Բնականաբար, եթե շատ փորձառու պրոֆեսիոնալ ես, հանդիսատեսը դա չի զգում, բայց դու գիտես, որ քեզ համար հաջորդ օրն ավելի դժվար է, քան նախորդը։ Հիմնականում դասական բալետներում («Ժիզե»լ, «Կարապի լիճ», «Շոպենիանա» և այլն) կարողանում ես հանդես գալ մինչև 35–38 տարեկան, հետո արդեն այլ` ավելի կերպարային, դերերի հերթն է գալիս: Եթե օրինակ վերցնենք «Ժիզել» բալետը, որը խաղարկային ներկայացում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դու արդեն ոչ թե Ժիզելի կամ Միրթայի կերպարում ես, այլ օրինակ՝ Ժիզելի մայրիկի կամ Ալբերտի ապագա կնոջ: Այս անցումը, որպես կանոն, հոգեբանական տեսանկյունից այդքան էլ հեշտ չի տրվում արտիստներին, բայց դա երևի արդեն այլ հարցազրույցի թեմա է։
-Ո՞ր նշանավոր բալետմաստերի հետ եք երազում աշխատել և ինչու՞:

-Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում և Ռուսաստանում սովորելիս, և հետո նաև աշխատելիս, պատիվ եմ ունեցել համագործակցել շատ շնորհալի, որոշ դեպքերում անգամ տաղանդավոր, բալետմայստերների հետ: Նրանց մեջ եղել են ինչպես մեծանուն ու լեգենդար անուններ, ինչպես օրինակ՝ Յուրի Գրիգորովիչ, Մաքսիմ Մարտիրոսյան, Վիլեն Գալստյան և այլն, այնպես էլ նոր ու խոստումնալից անուններ՝ Ռիմա Պիպոյան, Արինա Արարատյան և այլն: Դասականներից շատ կուզեի աշխատել նաև Իվանովի հետ. դա, իհարկե, անհնար է հասկանալի պատճառներով։ Ժամանակակիցների շրջանում անկասկած շատ են հետաքրքիր ձեռագրով խորեոգրաֆները. Մաց Էկ, Լուկա Սինյորետտի, Արսեն Մեհրաբյան... Հրաշալին այն է, որ ժամանակակից տաղանդավոր խորեոգրաֆների ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ո՞վ իմանա՝ գուցե մի օր, որպես պարող կամ արդեն որպես խորեոգրաֆ, նրանցից մեկի հետ հետաքրքիր համատեղ աշխատանք ներկայացնեմ։
-Ի՞նչը ազդակ դարձավ , որպեսզի նկարահանվեք «Թափառում» ռոք -օպերայում: Արդյոք կարևորում եք Ձեր մասնակցությամբ որևէ ֆիլմի գաղափարն ու թեմատիկան:

-«Թափառում» ռոք–օպերայում աշխատելն իրապես հետաքրքիր փորձառություն էր: Արամ Սուքիասյանը, Արշալույս Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը և ողջ ստեղծագործական թիմը մեծ նվիրումով էին մոտենում այդ նախագծին, և նկարահանումներն անցնում էին ոչ միայն հաճելի աշխատանքային միջավայրում, այլև յուրաքանչյուր օրը նոր հմտությունների և իմացությունների պաշարով էր ավարտվում: Ե՜վ որպես հախորդավար, և՜ որպես պարող, ու իհարկե նաև որպես խորեոգրաֆ, զանազան հետաքրքիր նախագծերում եմ հասցրել աշխատել այս տարիներին, բայց բնական է, որ առաջարկները շատ ավելի շատ են եղել: Պարզապես ինձ համար շաաաաաատ կարևոր է, թե ինչի մասին է տվյալ նախագիծը, ինչ ասելիք ունի, ինչ արժեքներ է բերում: Եթե ինձ համար կարևոր կետերը բաց են մնում, ու տվյալ նախագիծն իմ արժեքներին չի համապատասխանում, ապա ոչ մի դեպքում համագործակցություն չի լինի: Մասնագիտական հեղինակությունը շատ կարևոր է: Վերջին մասշտաբային նախագիծն «Ամերիկացին» հայ–ամերիկյան ֆիլմն էր, որը վստահորեն նվաճում է աշխարհի հեղինակավոր փառատոնները: Ֆիլմի ստեղծագործական թիմի հետ աշխատելը շատ հետաքրքիր ու արժեքավոր փորձառություն էր: Ես ֆիլմի խորեոգրաֆն էի ու սերտորեն աշխատում էի գլխավոր դերասաններից Նարինե Գրիգորյանի, Հովիկ Կեուչկերյանի, Նելլի Ուվարովայի, Մայքլ Գյուրջյանի և մյուսների հետ: Մայքլը ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսն է, այլ նաև ռեժիսորը. պիտի նշեմ, որ իր հետ աշխատանքն ուղղակի աննկարագրելի հաճելի ու արդյունավետ պրոցես էր: Ֆիլմը կարևոր ժամանակահատվածի ու շատերին ծանոթ, բայց միևնույն ժամանակ բացարձակ նոր խնդիրներ է վերհանում: Կարծում եմ՝ այս աշխատանքն այն համագործակցությունների շարքին է պատկանում, որոնց մասին խոսելիս գլուխս կարող եմ բարձր պահել:
-Կազմվածքը պահպանելու համար հետևո՞ւմ եք որևէ սննդակարգի:

-Սննդակարգիս հետևել փորձում եմ, իհարկե, բայց առաջին հերթին՝ առողջ լինելու համար: Բնական է, որ որոշակի ֆիզիկական ակտիվություն ևս ունեմ, հետևաբար կազմվածքիցս բողոքելու պատճառներ դեռ, կարծես, չունեմ: Մսից եմ հրաժարվել, արդեն տևական ժամանակ է, քանի որ գտնում եմ, որ կենդանիները մեր ընկերներն են, ոչ թե սնունդը, և ակտիվորեն փորձում եմ լրացնել մսի բացակայությունը: Թե որքանով է հաջողվում, մի քանի տարի հետո պարզ կլինի։
-Ի՞նչն է մարդկային հարաբերություններում ամենակարևորը:

-Մարդկային հարաբերություններում կարելի է երկար թվարկել, իհարկե, կարևոր կետերը, բայց փորձեմ մի քանի բառով ասել: Կարևոր է, որ արժեքները համապատասխանեն, ոչ թե տեսակետները. վերջիններս կարող են տարբեր լինել, իսկ արժեքները՝ ոչ: Կարևոր է, որ դիմացինիդ մտքի թռիչքի մեծությունն ու քոնը մոտ լինեն իրար: Կարևոր է, որ մեկը մյուսի անձնական սահմանները չհատեն: Որ էմոցիոնալ կապ ունենան, որ հոգեբանական իմաստով լիարժեք, առողջ, հասուն կետից հարաբերություն սկսեն: Կարևոր է, որ անձնային աճ գրանցելու տեմպը նույնը լինի, որ միասին ոչ միայն խոսելու, այլև լռելու թեմաներ ունենան: Ու էլի հազար ու մի կարևոր բան, առանց որոնց, ըստ իս, հնարավոր չէ առողջ հարաբերություններ կառուցել:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 30337անգամ
Վերջին լուրեր