Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2023 : 14-04

Մայրս եղել է իմ բեմական խոսքի վարպետը. Ծովինար Մարտիրոսյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը մանկության ամենատպավորիչ հիշողության, թատրոնի, ընտանիքի և կերտած կերպարների մասին:
-Ի՞նչն է Ձեր մանկության ամենատպավորիչ հիշողությունը:

-Մանկությանս տպավորիչ հուշերը Վանաձորում են, որովհետև ես Վանաձորում եմ մեծացել, փոքր տարիքից շատ էի սիրում տատիկիս հետ անտառ գնալ, շատ տպավորիչ է եղել բնությունը, բույսերը, որ տատիկիս հետ հավաքում էի, իսկ տպավորիչ հուշերից կարող եմ ասել մութ ու ցուրտ տարիները,բայց դե դրանք էլ էին տպավորիչ, ինչու չէ՞...
Դրանք նաև սովորեցնող տարիներ էին...

-Ձեր մայրը ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն է: Հաճա՞խ է Ձեզ քննադատում կամ գովերգում խաղացած դերերի վերաբերյալ:

-Երբ երիտասարդ էի, այո՛, հաճախ խորհուրդներ էր տալիս, դերերի առումով՝ ինչն է լավ, ի՞նչն է վատ, մայրս եղել է նաև իմ բեմական խոսքի վարպետը, ուսուցիչը, բայց մամաս իմ կյանքում ինձ մեծ խորհուրդ է տվել, որը շատ մեծ խորհուրդ ունի իմ կյանքում.

«Ամենադժվար պահերին անգամ մարդ մնա»...

Այս խոսքերը միշտ ինձ հետ են...
-Ձեր կերտած կերպարներից ո՞րն է հոգեհարազատ Ձեր էությանը:

-Ես իմ բոլոր կերպարներն էլ շատ սիրում եմ,բոլորին եմ շատ սիրում,ես փորձում եմ ինձ նրանց չնմանեցնել,որովհետև կարծում եմ,որ դա ճիշտ չէ,կան գծեր,որ իսկապես նման են,բայց ես փորձում եմ ուրիշ բան բերել կերպարների հետ,ոչ թե նմանեցնել ինձ իմ կերպարներին...
-Թատրոնը տալիս է հանդիսատեսին «լինե՞լ,թե՞ չլինել» հավերժական հարցի պատասխանը:
-Իհարկե լինել,

Միշտ...

Թատրոնը ոչ միայն տալիս է հարցերին պատասխաններ,այլ նաև թատրոնը կարող է ցույց տալ լավը,վատը,բարձրորակը,այսինքն՝թատրոնի միջոցով մարդը տեսնում է իրեն և իրեն շրջապատող աշխարհը...

-Դիմախա՞ղն է զրույցին լրացնում, թե՞ զրույցը դիմախաղին:

-Շատ հետաքրքիր հարց է.ինձ թվում է երկուսը միասին...

-Ի՞նչն է յուրաքանչյուր արտիստի միակ և հավատարիմ «ընկերը»:

-Արտիստի ընկերը իր ազնվությունն է իր իսկ գործի նկատմամբ,ազնվությունը հանդիսատեսի նկատմամբ,ազնվությունն ինքն իր նկատմամբ.սա շատ կարևոր է...
-Եթե չար լինելու պատճառ չունես ու բարի ես, դա բարություն չէ:Համամի՞տ եք:
-Երևի թե այո: Ընդհանրապես ասում են՝ մաքուր տեղում մարդը միշտ մաքուր է մնում, այլ բան է, որ դու կեղտոտ տեղում մաքուր մնաս...

-Ի՞նչն է ամենաշատը թուլացնում արվեստագետին:

-Արվեստագետին թուլացնելը դժվար է մի քիչ:Արվեստագետն ինքնին ուժեղ տեսակ է,նրան շատ դժվար կլինի թուլացնելը,արվեստագետը ստեղծագործում է բոլոր պայմաններում, և իհարկե շատ դեպքերում կոտրվում է չգնահատված լիելուց:Իհարկե ես այն երջանիկներից եմ,ով միշտ գնահատված է իրեն զգացել հանդիսատեսի կողմից և ոչ միայն,այլ նաև կոլեգաներիս կողմից, որոնց շատ շնորհակալ եմ և նաև իմ ընտանիքի անդամների կողմից, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իսկապես թանկ են...

Բայց, կարծում եմ, արվեստագետին թուլացնում է անտարբերությունը...

-Ի՞նչն է անփոխարինելի կյանքում:

-Այն, ինչը թանկ է քեզ համար, դա էլ անկրկնելի է և անփոխարինելի...

-Ի՞նչն է ամուր ընտանիք ունենալու գրավականը:

-Միմիայն սերը և հանդուրժողականությունը...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը...
Դիտվել է 36696անգամ
Վերջին լուրեր