27 / Մայիս / 2023 : 13-25

Սիրո մեջ անվերջանալի պատերազմ կա. Հովիկ Աֆյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է ժամանակակից գրող Հովիկ Աֆյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը գրող լինելու, «Կարմիր»-ի, կանանց, սիրո և պատերազմի մասին:
-Գրող լինելը ի վերուստ տրված առաքելությու՞ն է, թե՞ ընտրություն...
-Չեմ կարծում, որ գրողն առաքյալ է, ենթադրենք՝ բարություն կամ գեղեցկություն, առավել ևս՝ սեր տարածող: Բայց չեմ էլ կարծում, որ գրող լինելն ընտրություն է, այսինքն՝ դու կարող ես ընտրել ուզում ես գրո՞ղ լինել, թե՞ ձկնորս ու դժբախտաբար ընտրում ես գրող լինելը: Կարծում եմ, որ գրողությունը սոսինձ է, գալիս ու կպչում է: Նաև աշխատանք է՝ ամենօրյա, չարքաշ, անտեսանելի: Ընդ որում՝ այդ աշխատանքը չի սահմանափակվում միայն բառ հորինելով կամ մտածելով. գրողի աշխատանքը նախ և առաջ կարդալն է, շատ կարդալը ու մարդկանց տեսնելը, նկատի ունեմ՝ նրանց հետո խոսելն ու նրանց աչքերի մեջ նայելը՝ անկախ նրանից, թե ինչ կա ամենաներսում:

-Համամի՞տ եք, որ առօրյա-խոսակցականով շատ լավ գրելու համար պիտի շատ լավ «դասական» լեզու իմանաս:
-Առնվազն նրա համար, որ տարբերես առօրյա-խոսակցականը՝ դասական լեզվից, պետք է ծանոթ լինես դասականին: Համ էլ, եթե ինքդ ինչ-որ մի հետմահու օր դասական կոչվելու հակումներ ունես, չես կարող չծանոթանալ ամեն դասականի հետ: Մանավանդ լեզվի, քո՛ լեզվի: Ես վստահ եմ, որ գրողը պետք է իմանա սեփական լեզվի բոլոր տեսակի արտահայտումները, հնարավորությունները, սահմանները կամ անսահմանությունը, որովհետև կան իրավիճակներ, որոնք պատմելու համար քեզ պետք է հենց դասականը, միայն դասականը, բայց լինում են դեպքեր, երբ խոսակցականն է պետք, կամ որևէ բարբառ, ժարգոն:

-Ճի՞շտ է ,որ գրողներն ինչքան թեթև են գրում, էնքան ավելի խորն ու բազմաշերտ են:
-Թեթև գրողներին, անշուշտ, սիրում եմ, բայց չեմ կարծում, որ խորության ու բազմաշերտության չափորոշիչ է թեթև գրելը: Օրինակ, եթե ես գրում եմ՝ «աշուն եկավ ու անձրևը չէր դադարում», թեթև եմ գրում, բայց այստեղ ո՞ւր է խորությունն ու բազմաշերտությունը: Դրանք որոշվում են գրողի կարդացած գրքերով ու տեսած մարդկանցով: Ընդ որում, եթե գրողը միայն գրքեր է կարդում, նա հազիվ թե ժամանակ ունենա՝ գրելու, ժամանակ, կամ համարձակություն, քանի որ գլուխգործոցներից հետո սեփականը գրելը արդեն համարձակություն է: Իսկ եթե գրողը գրքեր չի կարդում, փոխարենը շատ մարդկանց է հանդիպում, նա գրելու իմաստը չի գտնի, նաև հավես չի ունենա: Իմիջիայլոց, գուցե ավելի լավ:
-«Կարմիր» -ում ավելի շատ սե՞րն է, թե՞ պատերազմը:
-Չգիտեմ: Գիտեմ միայն, որ պատերազմում շատ սեր կա և սիրո մեջ՝ անվերջանալի պատերազմ, թեկուզ ինքդ քեզ հետ: Նախ և առաջ՝ ինքդ քեզ հետ:

-Ի վերջո, մարդիկ իրար սիրում են, որ պատերազմ չլինի՞, թե՞ պատերազմ կա, որ մարդիկ իրար սիրեն:
-Պետք է ուղղակի լավ ուսումնասիրել, թե ի՞նչ են անում մարդիկ՝ պատերազմից առաջ, ավելի ճիշտ՝ ինչ չեն անում: Կարծում եմ, որ պատերազմից առաջ, ոչ միայն մեր պատերազմից, ցանկացած պատերազմից առաջ մարդիկ չեն սիրում, ուրեմն պատերազմ կա, որ մարդիկ իրար սիրեն: Բայց մյուս կողմից, ի՞նչ են անում մարդիկ պատերազմի ժամանակ: Կարծում եմ, որ սիրում են՝ չգիտեմ, հայրենիքը, նույնիսկ անծանոթին: Երևի այս հարցը չունի հստակ պատասխան ու երևի դրա համար է գրքում այն հարց մնացել՝ առանց պատասխանի:

-Պատերազմում արյունն է շատ, արվեստում՝ կարմիրը, իսկ կյանքու՞մ...
-Իսկ կյանքը կարմիր է, ի դեպ, արյունն էլ, որ հոսում է ապրողների երակներում, կարմիր է:
-Ի՞նչ են տղամարդիկ փնտրում հարաբերություններում:
-Ծովի ալիքների պես բոբիկ ոտքերիդ փարվող խաղաղություն, բայց այնպիսի, որը լինում է ահեղ փոթորկից հետո: Լավն այն է, որ տղամարդը գիտի՝ այդ զգացողությունը կարող է տալ բացառապես կինը:

-Ներելու ու մեծահոգի լինելու համար ավելի մե՞ծ ուժ է պետք, քան չարանալու և ատելու համար...
-Չարանալն ու ատելը սեփական ուժի անկարողության խոստովանությունն են: Հաճախ՝ ենթագիտակցորեն: Մարդը չարանում է, քանի որ հասկանում-տեսնում-զգում է, որ չի կարող բան փոխել, ավելին՝ չի կարող որևէ բան փոխվել: Ու որքան էլ շատ մարդիկ պնդեն, նույնիսկ ապացուցեն, որ ատելությունը հիանալի խթան է՝ առաջ գնալու, բարձունքներ նվաճելու ու թշնամիներին տապալելու, ես վստահ եմ, որ...ամենասարսափելին ասեմ՝ դու որդուդ սպանողին արդարացիորեն սպանում ես, ոչ թե որովհետև ատում ես, այլ քանի որ սիրում ես՝ որդուդ: Ուրեմն սերն է համաշխարհային խթանը:
-Ինչո՞ւմն է աշխարհի դժբախտությունը:
-Իսկ աշխարհը թքած ունի մարդկային դժբախտության վրա: Ինքն իր համար պտտվում է Արեգակի շուրջը, շարունակում է գիշեր լինել ու ցերեկ, գարուն լինել ու ամառ, աշուն և ձմեռ՝ ամեն տարի ու դար՝ ուրիշ մարդկանց համար, որոնք երեկ էլ, այսօր էլ ու վաղն էլ այնքան դժբախտ են, որ չեն տեսնում աշխարհում ապրելու երջանկությունը:

-Ի՞նչն է «կուրացնում» գրողին...
-Փառքը: Նույնիսկ՝ հետմահու:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը...
Դիտվել է 26129անգամ
Վերջին լուրեր