14 / Նոյեմբեր / 2023 : 16-49

Սիրո և ատելության արանքում մարդն է.. Հովիկ Չարխչյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է գրող Հովիկ Չարխչյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը գրականության , արվեստի, սիրո և ատելության մասին:

-Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:
- Ապրելու տեղ, երկրորդ հայրենիք:

-Կա՞ն բառեր, որոնք արժեզրկվել են:
- Բառը հնարավոր չէ արժեզրկել ընդհանրապես: Բառը կարող է արժեզրկվել միայն ինչ-որ մեկի համար, որը նաև ընդունակ է արժեզրկված բառին վերադարձնել իր սկզբնական կարևորությունը:

-Դասական գրողներին կարդալը մի՞շտ է ակտուալ:
- Միշտ ակտուալ է կարդալը: Իսկ գրողների դասակարգումը գալիս է հետո:
-Բազմաժանր գրքերի ընթերցումը փոխու՞մ է անհատի ներաշխարհը:
- Եթե ներաշխարհը հակված է փոփոխությունների, դա տեղի կունենա: Սակայն ժանրային բազմազանությունը չէ, որ ձևավորում, կերտում ու իմաստավորում է մարդու հոգևոր նկարագիրը, այլ այն մղումը, որ նրան նյութեղեն աշխարհից տանում է դեպի ոգեղեն դաշտ:

-Ինչո՞ւմն է բեսթսելլեր կոչվող գրքերի հաջողությունը:
- Երբեք չեմ սիրել այդ բառը՝ բեսթսելլեր: Ստեղծագործության հաջողությունը չափվում է ոչ թե քանակով, այլ երկարակեցությամբ:

-Առհասարակ լավ արվեստը չպիտի՞ հասանելի լինի բոլորին:
- Չկան անհասանելի արվեստներ: Կան մարդիկ, որոնք ընկալում են և մարդիկ, որոնք չեն ընկալում արվեստի էությունը:

- «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը համաշխարհային գրականության երկերից ո՞ր գրքի հետ ընդհանուր աղերսներ ունի:
- Գոնե ինքս նման աղերս չեմ տեսնում: Եթե տեսնեի, չէի գրի:
-Հատուկ տաղա՞նդ է պետք գրական լեզուն խոսակցականի հետ համատեղելու համար:
- Լեզվի յուրացումն ու հմուտ կիրառումն արդեն իսկ ձեռքբերում է: Տաղանդավոր է նա, ով համատեղության միջոցով ստանում է ցանկալի արդյունքը՝ ընդարձակելով խոսքի ու մտքի ընդգրկման տարածությունը:

-Ինչու՞ են ծաղրող մարդիկ միշտ թույլ:
- Որովհետև ծաղրանքը զենքերից լավագույնը չէ:
-Արդյոք ամեն ինչ աշխարհում ընտրություն է և որոշում:
- Հիմնականում այո: Սակայն պետք է հստակեցնել, թե ու՞մ ընտրությունը: Դու՞ ես ընտրում, թե՞ ընտրում են քո փոխարեն:

-Ինչի՞ համար են փորձությունները տրվում մարդուն:
- Իսկ ինչու՞ է կյանքը տրվում մարդուն:

-Սերը պարտվու՞մ է կենցաղին:
- Թույլ սերը պարտվում է, ուժեղ սերն ամրանում է:
-Ի՞նչն է սիրո և ատելության արանքում:
- Մարդը: Միշտ մարդը: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ մարդը դեմքով դեպի որ կողմը կթեքվի:

-Ի՞նչն է կնոջ երջանկության գրավականը:
- Այս հարցի պատասխանը տղամարդիկ չունեն: Կանայք էլ չունեն, թեև պնդում են, որ ունեն:

-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը:
- Թոռնիկներիս տեսնել առողջ ու երջանիկ:




Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը

Դիտվել է 40025անգամ
Վերջին լուրեր