06 / Դեկտեմբեր / 2023 : 15-30

Ծանրամարտն ինձ համար փիլիսոփայություն է. Աննա Հարությունյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի հյուրն է դերասանուհի Աննա Հարությունյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց մասնագիտության, ճանաչված լինելու, ծանրամարտի և Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու մասին:

-Ինչու՞ որոշեցիք ներկայանալ Աննա Մաքսիմ բեմական անվամբ:
-Մաքսիմը հայրիկիս անունն է: Նրան այդպես տատիկս է անվանել` ոգեշնչվելով Մաքսիմ Գորկու գրական կերպարից: Հայրիկիս հետ կապը շատ ուժեղ է, բնավորություններով շատ նման ենք, իհարկե, շատ սիրում եմ ազգանունս, սակայն ցանկացա բեմական անունս ընդմիշտ կապել հայրիկիս հետ:

-Մանկուց նկարահանվելը դրական ձեռքբերում համարու՞մ եք:
-Դժվար է ասել մանկուց, քանի որ առաջին անգամ նկարահանվել եմ տասնինը տարեկանում, սակայն փոքր հասակից սիրում էի խաղեր կազմակերպել, կրկեսի համարներ պատրաստել տատիկիս և պապիկիս համար. պարզ էր, որ արվեստի ուղղությամբ եմ գնալու:

-Ո՞ր հատկանիշն է Ձեզ համար առաջնայինը՝ ճանաչվա՞ծ, թե՞ սիրված լինելը:
-Մեր ասպարեզում յոթ տարի բացակայելուց հետո, հասկացա, որ միայն հարգանքն է կարևոր: Շատերին կարող են ճանաչել, նույնիսկ սիրել, բայց հարգանքի պիտի արժանանաս, որ այնքան էլ հեշտ բան չէ:

-«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում մարմնավորելու եք Նազիկ Ավդալյանին: Ինչու՞ որոշեցիք հենց Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանել:
-Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը եկավ շատ պատահաբար, ոգեշնչման պես: Մարզասրահում սովորականի պես մարզվում էի, երբ մեջս ցավեցրի: Առաջին միտքը,որ ծագեց գլխումս,հարցն էր, թե ինչպես են մեր մարզիկները դիմանում այդ ցավերին, և անունը, որ գլխումս պայթեց, Նազիկ Ավդալյանի անունն էր: Միանգամից հասկացա, որ նրա անցած անհավանական ճանապարհի մասին ֆիլմ պետք է նկարահանամ, որը անկասկած ոգեշնչման աղբյուր կհանդիսանա շատ շատերի համար:
-Արդյոք ֆիլմը իրական դեպքերի հիման վրա է հիմնված լինելու:
-Այո, ֆիլմը հիմնված է իրական ֆաստերի վրա, սակայն հանդիսատեսին մատուցվելու է արվեստի լեզվով: Ֆիլմը գեղարվեստական է:
-Երբ տիրապետեցիք ծանրամարտի տեխնիկային, փոխվե՞ց Ձեր պատկերացումը այդ սպորտաձևի վերաբերյալ:
-Նախ Նազիկի կերպարը մանրազնին ուսումնասիրելով հասկացա, թե ինչպես կարելի է համադրել ուժն ու կանացիությունը. գրեթե անհավանական թվացող երկու հատկանիշ: Իսկ ծանրամարտը ինձ համար փիլիսոփայություն է, երբ հակառակորդդ ոչ թե մարդ է, այլ երկաթը, և միակ բանը որ մնում է անել, ընկերանալն է նրա հետ, քանի որ նրա դեմ պայքարելն անիմաստ է: Սա սպորտաձև է ինքդ քո դեմ պայքարի: Հաղթեցիր քո ալարկոտությունը, ընդունեցիր երկաթե դիսցիպլինա, նվիրվեցիր նրան, հաղթում ես և առաջին հերթին հաղթում ես ինքդ քեզ:

-Կա՞ պարտություն,որ հաղթանակ արժի:
-Ավելի շուտ կա հաղթանակ, որ պարտություն արժե: Կարևորը այստեղ «հանունն» է, ինչի համար ես պայքարում և հանուն ինչի հաղթանակում:

-Համամի՞տ եք, որ ավելի լավ է պրոֆեսիոնալը հրաժեշտ տա բեմին մեկ տարի առաջ, քան 5 րոպե ուշ:
-Այս մասին ես իմ մեկնաբնությունը ունեմ: Այն պահին, երբ տաղանդը վերածվում է պրոֆեսոնալիզմի և բեմ բարձրանալը դառնում է պրոֆեսիա, այդ ժամանակ է պետք դադար տալ, կամ գուցե դադար վերցնել. չէ որ ինչպես Ցվեյգն է ասել. «Աքսորը ուժեղին ուժեղացնում է, թույլին` թուլացնում»:
-Ժամանակի ու հիշողության մեջ ի՞նչն է ամենակարևորը:
-Ամենակարևորը միշտ մի բան է` արդյոք երջանիկ ես եղել, թե ոչ…եթե ոչ, մնացյալը լռություն է:

-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ կոտրում մասնագիտության մեջ:
-Գիտեք, ես ինձ ուրիշ կերպ եմ դաստիարակել. տեսնում եմ նպատակը, չեմ տեսնում խանգարող հանգամանքներ: Ուստի, երբ նպատակդ ազնիվ է, ոչինչ քեզ կոտրել չի կարող, և չմոռանանք, որ ադամանդը ադամանդ է դառնում միայն ծանր ճնշման տակ:

-Ի՞նչն է տիեզերքի փրկության երաշխիքը:
-Ինչպես ասել է մեծ մտածողներից մեկը՝ «Բավական չէ լինել մարդ, պետք է լինել մարդկային»: Մարդկայնության մեջ է մարդկության փրկությունը, բարձրագույն կարեկցանքի, սիրո, հոգատարության, անձնվիրության և սեփական քթից այն կողմ տեսնելու կարողության մեջ է մարդկության փրկությունը:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 40942անգամ
Վերջին լուրեր