12 / Հունվար / 2024 : 20-06

Իմ երաժշտությունը կյանքիս տարբեր փուլերում ընդունել է տարբեր ժանրային ձևեր. Արաքսյա Մուշեղյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը երգի, հայրենիքից հեռու ապրելու, սիրո և երջանկության մասին:

- Երաժշտությունն ապրելու միջոց է Ձեզ համար,թե՞ առաքելություն:
- Երևի ավելի ճիշտ կլինի ասել, որ երաժշտությունն իմ անբաժան մասն է։ Շատ վաղ հասակում կատարել եմ ընտրություն, որը հետագայում դարձել է մասնագիտություն, արտահայտման միջոց։ Իմ երաժշտութունը կյանքիս տարբեր փուլերում ընդունել է տարբեր ժանրային ձևեր։ Հետագայում դարձել է նաև առաքելություն։
- Ձեզ ավելի հոգեհարազատ է երգելը, թե՞ ստեղծագործելը:
- Ի սկզբանե եղել եմ դաշնակահար, փոքր հասակից սկսել եմ ստեղծագործել, ավելի ուշ զբաղվել նաև երգեցողությամբ, բայց միշտ առաջին տեղում եղել է ստեղծագործելը։ Ես ունեցել եմ փայլուն ուսուցիչներ , և կայացել եմ իմ մասնագիտության մեջ՝ ունենալով աչքերիս առաջ մեծ երաժիշտների օրինակը։ Բախտ եմ ունեցել շփվել, ընկերություն անել նրանց հետ և սովորել. սովորել ոչ միայն մասնագիտական առումով, այլ սովորել ինչպիսին լինել, գնահատել արվեստը և այն պատասխանատվությունը, որը դրված է արվեստագետի վրա։

- Արդյոք դժվար չէ՞ հայրենիքից հեռու ապրելն ու արարելը։
- Ստեղծագործողի համար կարևորը ասելիք ունենալն է ։ Ասելիքդ հայրենիքիդ օգտին է, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես հօգուտ մարդկանց է, թե՞ ոչ։ Եթե քո գործը տվել է հանդիսատեսին էմոցիոնալ, զգացմունքային հաղորդում և ստիպել նրանց մտածել, ուրեմն իզուր չես զբաղվում։ Իսկ որտե՞ղ ստեղծագործել՝ կյանքի տարբեր փուլերում նախընտրել եմ լինել միայն այնտեղ, որտեղ կարող եմ աճել, զարգանալ, իրսկանացնել ցանկացած ծրագիր։ Դա արել եմ և շարունակում եմ անել և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս, բայց միշտ հիշելով՝ ով եմ և հանուն ինչի։
- Արվեստն ունի՞ պատրաստի դեղատոմսեր։
- Չնայած այն փաստին, որ վերջին տարիների ընթացքում արժեզրկվում է շատ բան արվեստում, նամանավանդ փոփ սեգմենտում՝ տեխնոլոգիաների շնորհիվ այսօր ստեղծվում են ,այսպես կոչված , երգեր, երգում են, այդպես կոչված, երգիչներ, և այդ « արվեստի» վրա ձևավորվում է «ճաշակ», միևնույնն է կա անփոփոխ մի բան, որը պահպանվում է. դա, իհարկե, դասական երաժշտությունն է, որը հիմքն և դեղատոմսն է։ Նաև հիմք ու դեղատոմս է ազգային երաժշտությունը, որը նունպես, ցավոք սրտի, աղավաղվում է։ Եթե ամփոփել այս ամենը՝ տաղանդ, դասական կրթություն, աշխատասիրություն, և այս ամենի հիմքում պետք է լինի բարոյականությունը և պատասխանատվությունը՝ առաջին հերթին քո առջև։ Սա է դեղատոմսը։
- Պատերազմն ու սերը ընդհանրություն ունե՞ն ։
- Այս բոլորովին անհամաչափ հասկացությունները հաճախ հայտնվում են կողք կողքի՝ արվեստի գործերում, հանրային գիտակցության մեջ, համաշխարհային պատմության իրադարձություններում և լեգենդներում: Չնայած այն հանգամանքին, որ սերը մարդու մտքում կապված է ծննդյան հրաշքի հետ, ամենապայծառ բաների սկզբի գաղափարի հետ, պատերազմը մահվան սարսափով է և սարսափելի ավարտով, նրանք կարծես թե գնան կողք կողքի, և մեկի օգնությամբ հաճախ բացահայտվում կամ բացատրվում է մյուսը:
- Արդյոք սերն ու ատելությունը նույն նժարին են դրված։
- Սերն ու ատելությունը գործնականում նույն զգացումն են, բայց տարբեր հուզական նշանների ներքո: Այս երկուսն էլ այրում են սիրտը։ Երկուսն էլ խենթացնող են։

- Ինչի՞ հետևանք է չարիքը։
- Արժեքների բացակայության, ցածր ինքնագնահատականի, չկայացած լինելու, ձախողման արդյունքի։

-Ո՞րն է աշխարհի ամենալավ զգացողությունը։
- Զգացողությունը պահ է։ Երջանիկ պահերը տարբեր են լինում, բայց երևի ամենա արժեքավորը , երբ քո արած գործով կարողանում ես երջանկացնել մարդկանց՝ նամանավանդ հարազատ մարդկանց։ Երևի ամենալավ զգացողությունն է։
- Ի՞նչն է երջանկացնում կնոջը։
- Մարդուն երջանկացնում է ինքնաիրացումը, իսկ թե դա ինչպիսի՞ն է՝ միայն ինքդ գիտես։ Գլխավորը ինքնախաբեությամբ չզբաղվել, լինել ազնիվ ինքդ քեզ հետ։

- Ու՞ր են Ձեզ տանում կյանքի ուղիները։
- Կյանքի ուղիները ինձ հաճախ ամենաանհավանական արկածներն են պարգևում։ Գլխավորը միշտ մնալ քո ընտրած ուղու վրա, լինել հավատարիմ քեզ, քո մտերիմներին, քո գործին։



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 15701անգամ
Վերջին լուրեր