23 / Հունվար / 2024 : 17-02

Թատրոնում պիտի գերիշխի ասելիքը․ Կարինե Ջանջուղազյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց թատրոնում գերիշխող հույզերի, բեմական խոսքի, գրականության և սիրո մասին:
-Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանուհին:
-Նախ տաղանդ, հմայք, ինտելեկտ, հոգևոր արժեքների կրող, հարուստ ներաշխարհ:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում և ստեղծագործելու թևեր տալիս:
-Հոգուս հարազատ գրական նյութը, լավ ռեժիսորը, աշխատանքային լավ միջավայրը, այլապես ես փակվում եմ…

Իսկ առավել ինձ մոտիվացնում է դստերս՝ ռեժիսոր Աննա Բայաթյանի հետ ստեղծագործելու հնարավորությունը:
-Ո՞րն է արտիստի համար առաջնայինը՝ ճանաչվա՞ծ , թե՞ սիրված լինելը:
-Ինձ համար առաջնային է սիրված լինելը: Ճանաչված լինելը հոգնեցուցիչ է…

-Արդյոք ճակատագիրն է մարդու բոլոր քայլերի տնօրինողը:
-Շատ բաներ մեզ ճակատագրով է տրվում…

Սակայն Աստված ողորմած է:
-Ի՞նչ դեր ունի դերասանի կյանքում բեմական խոսքը:
-Այո', բեմական խոսքը կարևոր է, բայց ոչ արհեստածին, այլ լեցուն գեղեցիկով, հարուստ ներաշխարհով և ճշմարիտ գիտելիքով,այլապես հնչում է որպես դատարկաբանություն և ազդեցիկ չէ:

-Ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը ապրելու և ստեղծագործելու համար:
-Ապրել և ստեղծագործել ուզում եմ միայն այնտեղ,որտեղ իմ զավակներն են բնակվում:
-Ո՞ր հույզերն են գերիշխում թատրոնում:
-Թատրոնում պիտի գերիշխի ասելիքը և այն ամենը, ինչր կծառայի ասելիքը հասցնել հանդիսատեսի սրտին: Ամեն ինչ այդ սիրտը բժշկելու համար է:

-Այսօր քաղաքականացվա՞ծ է գրականությունը:

-Այսօր ամեն ինչ է քաղաքականացված…

Եվ դա օրինաչափ է: Թատրոնը, գրականությունը քաղաքացի է կրթում,որը պիտի երջանիկ դարձնի իր հայրենիքը, շրջակա միջավայրը գոնե…
-Ո՞րն է Ձեր հոգու գիրքը:
-«Աստվածաշունչը», Սևակ Արամազի «Արևի լեռը» և այլն իհարկե…

-Սերը պարտվու՞մ է կենցաղին:
-Ցավոք, մեր ժամանակներում ամեն ինչ է պարտվել կենցաղին….

Սերը շատ բարձր ապրում է և տրվում է քչերին…
-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը:

-Փոքր ու մեծ երազանքներից առավել երազում եմ զավակներիս միաբանությունը,որպեսզի ինձ ամբողջական զգամ…
Մնացյալը՝ ունայնություն…


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 17873անգամ
Վերջին լուրեր