05 / Ապրիլ / 2024 : 14-13

Երգը եղել է և կլինի ինձ հետ մինչև վերջին պահը...Արաքս Մանսուրյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը երաժշտության, մասնագիտությունից հիասթափվելու ,սխալների և սիրո մասին:
-Երաժշտությունն ապրելու միջո՞ց է Ձեզ համար, թե՞ առաքելություն :
-Ծնվել եմ երգելու, երաժշտության մեջ ապրելու համար. սա է իմ երևույթը: Դեռ մանկուց միշտ երաժշտությունն է եղել մեր տանը տրամադրություն գունավորողը: Մեծացել եմ մի միջավայրում, ուր հնչել է դասական, ազգային և ժողովրդական երգը: Հայրս շատ գեղեցիկ ձայն ուներ, երբ երգում էր, մենք ունկնդրում, երբեմն էլ ձայնակցում էինք իրեն: Հետևաբար երգը եղել է ու կլինի ինձ հետ մինչև վերջին պահը:

-Ասում են՝ երբ հոգնած ես կամ անտրամադիր, լավ երաժշտություն լսիր:Ո՞րն է Ձեզ համար լավ երաժշտությունը:
-Ես նախընտրում եմ լսել հիմնականում դասական, նաև ըստ տրամադրության մեղմ ջազային երաժշտություն, իր հոգևոր հարստությամբ, հնչյունների բազմազանությամբ, որտեղ առկա են այն անհրաժեշտ երաժշտական գույները, որ օգնության են հասնում ինձ բոլոր հոգեվիճակներում:Այս վերջին տարիների իմ ապրումների և կարոտի միակ սպեղանին է դարձել երաժշտությունը: Երբեմն նախընտրում եմ նաև լռության մեջ լինել, քանի որ այս աղմկոտ կյանքում լռությունն է ամենագեղեցիկ երաժշտությունը:
-Կարևո՞ր է արտիստի համար տարատեսակ միջազգային մրցույթներին մասնակցելը:
-Երիտասարդ կատարողի համար կարևոր է մասնակցել մրցույթների, որպեսզի կարողանա կատարելագործել իր արվեստն ու հաջողելու դեպքում նաև ճանաչում ձեռք բերել: Գուցե տարօրինակ հնչի, բայց երբեք ձգտում չեմ ունեցել մասնակցելու որևէ մրցույթի, ուղղակի երգարվեստին նվիրումն ու ամենօրյա աշխատանքն են եղել ինձ համար առաջնային դեռևս ուսանողական տարիներից: Հրաշալի համաշխարհային երգիչներ կան, ովքեր մրցույթների չեն մասնակցել, բազում են օրինակները: Նաև մեր հայ երիտասարդ ու տաղանդավոր երգիչներից շատերը կան, որ այսօր աշխարհի մեծ բեմերում հիացնում են հանդիսատեսին իրենց բարձրարվեստ կատարումներով ու գիտե՞ք, նրանք մրցույթների չեն մասնակցել, պարզապես աշխատասեր են և երգարվեստի նվիրյալներ: Մի առիթով հունգարացի կոմպոզիտոր, դաշնակահար և էթնոերաժշտագետ Բելլա Բարտոկը մրցույթի վերաբերյալ այսպես է արտահայտվել. «Մրցույթը ձիերի համար է, ոչ արտիստի»:Ես իհարկե համաձայն չեմ մեծ երաժշտի հետ ու հայցելով իր ներողամտությունը՝ նշեմ, որ ոմանք առանց մրցույթների մասնակցելու, իսկ ոմանք էլ մասնակցելով են իրականացրել իրենց երազանքը:

-Ի՞նչն է Ձեզ սավառնելու թևեր տալիս:
-Իհարկե երաժշտությունը, առանց որի կլինեմ միայն հողեղեն, անթև, հոգեպես ամուլ:Ոչ երանի այն մարդուն, ով սավառնելու թևեր չունի:

-Սիրել, թե՞ սիրված լինել:

-Սերը աստվածաշնորհ խորհուրդ ունի: Սերը ամենագեղեցիկ զգացմունքն է և կրկնակի գեղեցիկ է, երբ երկկողմանի է: Սերն իր բացառիկ մաքրությամբ անսահմանություն է, հետևաբար թե՛ սիրել, և թե՛ սիրված լինել,երկուսն է հավասարապես անհրաժեշտ են, հատկապես մեր իրականության համար: Ուզում եմ հիշել երջանկահիշատակ Գարեգին Ա Հայոց կաթողիկոսի( ում հետ կապված անմոռանալի հուշեր ունեմ) մարգարտյա խոսքերը.
Սերը ոսկե կամուրջի մը պես
Երկինքը երկրին կը կապե,
զԱստված կիջեցնե երկիր,
Եվ մարդը կը բարձրացնե երկինք:

-Դժարությա՞մբ եք ընդունում սխալները:
-Քանի որ ինքս իմ հանդեպ բծախնդիր եմ ու պահանջկոտ, հետևաբար առերեսվում եմ սխալներիս հետ, փորձում եմ ելք գտնել այն շտկելու համար: Իսկ երբ սխալը ուրիշինն է, միշտ փորձում եմ ներողամտորեն, ըմբռնումով մոտենալ:Մորիցս ժառանգած մարդկանց չդատելու, հնարավորինս օգնելու ունակությունն արյանս մեջ է և ապրելու ձև:
-Ի՞նչն է արտիստին մղում որոնումների:
-Արտիստին որոնումների, անդադար աշխատանքի և արվեստում բյուրեղանալու և կատարելագործվելու է մղում իր տաղանդի, շնորհի մաքսիմալ բացահայտման ցանկությունը:

-Զղջացե՞լ եք անցյալի կատարած սխալների համար:
-Ինչ խոսք, բազմիցս զղջացել եմ որոշ սխալների, բացթողումների համար, հատկապես արվեստում բաց թողած հրաշալի հնարավորություններիս համար եմ զղջում, որոնց թվում են օպերային պայմանագրեր, հրավերներ, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ և այլն...

-Ի՞նչն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
Ամենամեծ ձեռքբերումը թերևս իմ ներդրումն է արվեստում և անշուշտ, երեխաներս, չնայած այս ամենը ես համարում եմ Աստծո տված շնորհն ու օրհնությունը:

-Մասնագիտությունից հիասթափվելու առիթներ հաճա՞խ եք ունեցել:
-Երբեք հիասթափվելու առիթ չեմ ունեցել, քանի որ ես այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր չեն կարող հիասթափվել այն մասնագիտությունից, որի համար ծնվել են ու ետ չեն կանգնում այն ուղուց, որ ընտրել են: Ես Աստծո կամոք եկել եմ աշխարհ երգելու համար:

-Ու՞մ եք անվերապահորեն հավատում:
-Անվերապահորեն հավատքս առ Աստված է և միայն ...

-Մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա շնորհակալ լինելու առիթ: ՈՒ՞մ եք շնորհակալ և ինչու՞...
-Շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, երեխաներիս, ընտանիքիս, երգարվեստիս և անցած բոլոր փորձություններիս համար, որ հանդիպել եմ տարիների ընթացքում, որի արդյունքն իմ ապրած կյանքն է:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 6703անգամ
Վերջին լուրեր