Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2024 : 15-10

Փորձություններ հաղթահարելուց հետո ֆիզիկական ցավերը գուցե և անցնում են, բայց հոգու ցավը, հիշողությունները, չեն անցնում. Անի Քոչար


Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող, մոտիվացիոն գրքերի հեղինակ Անի Քոչարը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը կրկին մայրանալու, գտնված երազի, անվերջանալի պայքարի և «Կյանքը երկրորդ փորձից» մոտիվացիոն գրքի մասին:
-Ինչպիսի՞ զգացողություններ ունեք 2-րդ անգամ մայրանալուց հետո:

-Չեմ կարող ասել, թե ինչպիսի՞ զգացողություններ կունենայի, եթե որդուս և դստերս միջև տարիքային տարբերությունն այսքան մեծ չլիներ և դադարն այսքան երկար չլիներ, բայց քանի որ նրանց միջև կա 12 տարվա տարիքային տարբերություն, այսինքն՝ 12 տարի անց կրկին մայրանալ, դա բոլորովին այլ զգացողություն է, թե՛ այն իմաստով, որ կարծես թե առաջին անգամ մայրացած լինես, և թե՛ այն իմաստով, որ տարիներ անց առավել հասուն, առավել փորձառու, առավել իմաստացած ես լինում, և բոլորովին այլ կերպ ես մայրությանը վերաբերում, և՛ երեխայի խնամքը, և՛ երեխայի հետ կապված ցանկացած բան քեզ այլևս խուճապի չեն մատնում, վախերն ավելի քիչ են, վայելում ես ավելի շատ, և մայրության բերկրանքը այս տարիքում զգալը այլ զգացողություն է, այլ աշխարհ:
-Կարո՞ղ եք վստահաբար ասել, որ գտել եք ձեր երազը:

-Ես երազող տեսակ եմ, ես իմ երազանքների ետևից գնացող տեսակ եմ, երբեք չեմ դադարում երազել՝ անկախ նրանից կյանքի ի՞նչ փուլում և ինչ հանգամանքներում եմ գտնվում: Եվ հաճախ հենց այդ երազել կարողանալու, հավատալու, հուսալու կարողությունն է, որ ապրեցնում է, որ ուժ է տալիս առաջ շարժվել, այնպես որ ասել, թե գտել եմ իմ երազը, սխալ կլինի այն իմաստով, որ եթե գտել ես, թվում է, թե պետք է բավարարավես և դրանով կյանքն այլևս դադարում է իր հետաքրքրությունն ունենալ և խթան հանդիսանալ, որպեսզի առաջ շարժվես և էլ ավելի մեծ երազանքներ ունենաս և մեծ երազների ետևից գնաս: Կարող եմ ասել, որ ունեմ իմ կյանքի 2-րդ գտնված երազը, իմ կյանքի 2-րդ հրաշքը, որի ականատեսն եմ եղել և պետք է նշեմ, որ ես ամեն անգամ իմ կյանքում զգում եմ տիրոջ ներկայությունը նաև նրա՝ իմ կյանքում գործած հրաշքներով, և իմ երեխաները դրա վառ ապացույցն են, բայց ես շարունակելու եմ գնալ նորանոր երազների ետևից և նորանոր երազներ եմ ունենալու իմ կյանքում:
- Կյանքն անվերջանալի պայքար է,իսկ եթե դու հայ ես,ապա կրկնակի եռանդով պիտի պայքարես: Համամի՞տ եք:

-Պայքարի թեմային անդրադառնալիս պետք է նշեմ, որ նախկինում մտածում էի, որ ազգային պատկանելիությունը կապ չունի և յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր անհատ իր կռիվն է տալիս այս կյանքում, բայց երկար տարիներ ապրելով արտերկրում ես հասկացել եմ, որ, ավա՜ղ, հայի բախտը, հայի ճակատագիր կոչվածը շատ մեծ գործոն է յորաքանչյուր հայի անհատական կյանքում,ինչու՞, որովհետև ապրելով Եվրոպայում, մարդկանց կյանքին կողքից հետևելով հասկանում ես, որ ունեն պարզ, հասարակ,մարդկային, շարքային,կենցաղային ինչ-ինչ խնդիրներ, ինչ-ինչ հարցեր, անհատական մեծ ու փոքր խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ հայրենիքին, ազգայինին վերաբերող շատ-շատ հարցեր իրենց համար ինչ-որ աբստրակտ բաներ են, որովհետև նրանք այդ խնդիրներին ամենօրյա կյանքում չեն բախվում, այնպես որ, այո՛, հայ լինելը պատասխանատու, նաև ինչ-որ տեղ գործ ու բեռ է, որը պետք է պատվով տանես, որը որ քեզ պարտավորեցնում է ամեն անգամ յուրաքանչյուր հարթակից արտերկրում հատկապես քո հայի անունը բարձր պահել, քո պատմությունը, քո մշակույթը, լեզուն ճիշտ ներկայացնել, կռիվ տալ քո յուրաքանչյուր մշակութային ինքնությունը ապացուցող գործոնի համար, որովհետև թշնամին ամեն անգամ փորձում է իրենով անել, յուրացնել՝ սկսած հայկական խոհանոցից ավարտած հայկական մշակութային տարբեր տարրերով՝ կլինի երաժշտական թե մեկ այլ: Էնպես որ պետք է ասեմ, որ հայ լինելու դեպքում պայքարդ պիտի կրկնակի, քառակի լինի,պատասխանատվությունդ էլ, էլ ավելի բարձր է, և կարծես թե էդպես էլ չես կարողանում հանգիստ շունչ քաշել և ապրել, այլ մշտապես պայքարի մեջ ես և կռիվ ես տալիս այս մոլորակում քո տեղն ունենալու համար:
- Ձեր խոսքերում բազմիցս ասել եք, որ շնորհակալ եք Աստծուն Ձեր փրկության համար: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է Աստծո մասին պատմող ամենալավ դասագիրքը:

-Այո՛, ես իմ խոսքերում բազմիցս ասել եմ, որ Տերն է ինձ փրկել և ես ողջ կյանքս պարտական եմ նրան՝ իմ վերապրելու և կրկին կյանքը վայելելու համար, դստերս համար և ամեն-ամենի համար և ողջ փառքը տիրոջն եմ տալիս և իմ գրքերում էլ երբեք քարոզ չեմ անում, որովհետև դրա խնդիրը չունեմ, բայց իմ կյանքի պարզ, մարդկային օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե որքան զորավոր է հավատքը և թե որքա՜ն երաշխիքներ կարող է քո կյանքում գործել տիրոջն ապավինելը, որովհետև ասվում է չէ՞, տիրոջն ապավինողը ամոթով չի մնա, իսկ տիրոջ մասին ոչ թե լավագույն դասագիրքը, այլ գիրքը հենց Սուրբ Գիրքն է, բայց կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով փորձում է աստծո կամքի և խոսքի մեջ ապրել,փորձում է իր կյանքը կազմակերպել և դասավորել ըստ Տիրոջ խոսքի, ապա նրա կյանքը կարող է դառնալ լավագույն օրինակը Աստծո խոսքի և հրաշագործ քայլերի և իմ գիրքն էլ, հատկապես «Կյանքը 2-դր փորձից» լավագույն օրինակն է հրաշքների ի կատար ածման, հավատքի, հրաշագործության և շատ-շատ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հավատը և նաև ցանկություն չունեն Աստվածաշունչ կամ Կտակարան կարդալու:
«Հանձնվել չկա» գիրքը շատերին ստիպել է վերանայելու իրենց հայացքները, իրենց հավատը և նորից դառնալու տիրոջը և Սուրբ Գրքին:
-Բազում փորձություններ եք հաղթահարել, ցավերն անցնու՞մ են, թե՞ ոչ:

-Բազում փորձություններ հաղթահարելուց հետո ֆիզիկական ցավերը գուցե և անցնում են, եթե դրանք հաղթահարելի խնդիրներ են, անցնում են, բայց հոգու ցավը, հիշողությունները, չեն անցնում, յուրաքանչյուր անգամ քո սպիներն են դրա մասին հիշեցնում,քո հիշողություններն են անդադար թակում սրտիդ,հոգուդ դուռը և բանականությունդ քեզ երբեք թույլ չի տալիս մոռանալ այն ամենը,ինչի միջով անցել ես:Եվ գուցե դա նաև լավ է, որ ույլ չի տալիս մոռանալ, որովհետև հաճախ մենք տրվելով կյանքի հորձանուտին,սկսում ենք նույն կերպ ապրել,երբեմն կրկին չգնահատել այն ամենը, ինչը մեզ տրված է և հիշողությունը լավագույն սթափեցնողն է, որ գալիս է հիշեցնելու, թե դու ինչի՞ միջով ես անցել և այն, ինչը այժմ ունես դու, մեծ շնորհ ու պարգև է, և դա որպես ընծա պետք է ընդունես և այդ գիտակցմամբ ապրես: Այնպես որ ուժեղ մարդու համար դա ինչ-որ առումով լավ է, իսկ թույլերի համար, ինչ խոսք, տառապեցնող հանգամանք կլինի: Բայց ես ուժեղների դասին եմ պատկանում, այնպես որ փորձում եմ դա որպես դրական երևույթ դիտարկել:
-Ինչի՞ համար են փորձությունները տրվում մարդուն:

-Հարց, որի պատասխանը որևէ մեկը չունի այս աշխարհում: Փորձություններ լինում են բոլորի կյանքում՝ մեծ և փոքր: Պարզապես յուրաքանչյուր անհատի վերաբերմունքից է կախված, թե այդ փորձությունը նա ինչպես կընդունի, ինչպես կանցնի, ինչպես կճանապարհի այդ փորձությանը և դրանից հետո ինչ եզրահանգումների կգա, ինչ դասեր կքաղի դրանից և որքանով կոփված, իմաստնացած և էլ ավելի ուժեղացած դուրս կգա դրանցից: Ինչպես ասում են՝ մարդ կա մի փոքր ջրում խեղդվում է, մարդ էլ կա օվկիանոսի հորձանուտի ալիքներին փորձում է լող տալ և դուրս գալ այդ փոթորկից: Այնպես որ շատ հարաբերական է, դա միայն Տերը գիտի, ես միայն մի բան գիտեմ, որ փորձությունները մարդուն չպետք է չարացնեն, դրանք պետք է դասեր տան, մարդու փորձը հարստացնեն և դրանք միմիայն պետք է խթան հանդիսանան, որ մարդը առաջ շարժվի և ոչ թե կոտրվի և կործանվի:
-Սերը ու՞ժ է սիրում:

-Չգիտեմ՝ սերը ինչ է սիրում առհասարակ, բայց իմ սերը սիրում է սիրել: Սիրում է տրվել զգացմունքներին, պահի զգացողություններին, պահի ակնթարթին: Աստվածային բերկրանք է սիրել կարողանալը, տալ ու նվիրել կարողանալը, այլ անձի համար հոգ տանել, անհանգստանալ, հուզվել , ապրումակցել, այդ ամենը ես տեղավորում եմ ՍԵՐ գաղափարի մեջ: Ես կարծում եմ մեր օրերում այդ ամենը շատ է նյութականացվել և շատ են փորձում սերը տեղավորել հարմարավետության, նպատակահարմարության դաշտում, մի բան, որ ինձ համար միշտ անհասկանալի է եղել, որովհետև սերը անշահախնդիր, անվերապահ, անմնացորդ զգացմունք է և ես ուրախ եմ, որ կարողանում եմ այդ սիրով սիրել և շատ մեծ հույս ու հավատ ունեմ, որ նույն այդ սիրով էլ ինձ են սիրում:
-Սերն ամեն դեպքում անսովոր զգացում է, թե՞ մի օր դառնում է սովորական, առօրեական:

-Կրկին իմ մասին խոսելով պետք է ասեմ, որ սերը երբեք սովորական չի դառնում և ես այն մարդկանցից եմ, ում համար սերը կենցաղից վեր մի բան է, բայց ես նկատում եմ, որ հաճախ մարդկանց կյանքում կենցաղը սպանում է սերը, կենցաղը սպանում է ամեն տեսակ վեհ, ոչ նյութական զգացում, և դա ինձ ցավ է պատճառում: Ես մշտապես իմ կյանքում ջանում եմ, որպեսզի կենցաղը, որի մեջ նաև ես եմ, չխամրեցնի սերը, որովհետև ես էլ միս ու արյունից մարդ եմ, սովորական մահկանացու եմ, ապրում եմ սովորական կենցաղային խնդիրներով, տնային տնտեսուհու բոլոր հոգսերը վերաբերվում են նաև ինձ, քանզի ես ինձ չեմ կարող թույլ տալ շատ շռայլություններ՝ տանը աղախիններ, դայակներ, մաքրուհիներ և այլ տեսակի աշխատակիցներ ունենալ, և թեև աշխատող մայր եմ, այդ ողջ կենցաղը, ողջ առօրյա հոգսերը ինքս եմ հոգում, երեխաներիս խնամքից սկսած ավարտած այլ բաներով: Բայց և միևնույն ժամանակ փորձում եմ անմարդկային ջանքեր գործադրել, որպեսզի միշտ կենսախնդությունը, կենսաիրությունը, ամեն րոպե ամուսնու հետ դուրս գալը, զբոսնելը, որևէ հետաքրքիր վայր գնալը լինի հաճելի և հնարավոր, որովհետև այդ ամենն է, որ օգնում է խնամել սերը, հարաբերությունները և թույլ չտալ, որպեսզի կենցաղը սպանի:Այնպես որ ինձ համար շատ կարևոր է, որ սերը ապրի, ապրի գունեղ, վառ և չխամրի, չթոշնի կենցաղային բոլոր խնդիրների և հոգսերի ֆոնին:
-Ի՞նչն է Ձեզ այսօր անխուսափելիորեն անհրաժեշտ:

-Ինձ այսօր, վաղը և հավիտյան անհրաժեշտ է մշտապես տիրոջ օրհնությունը, ողորմածությունը և շնորհները, որովհետև առանց այդ ամենի մենք կորած ենք, այդ ամենի մեջ կտեղավորվի նաև այն, ինչն ինձ համար շատ-շատ կարևոր է իմ կյանքում և ամեն առօրյայում առհասարակ՝ առողջություն, նորանոր մտահաղացումներ արարելու համար, ուժ և մոտիվացիա ապրելու, երեխաներին իրենց նպատակին հասցնելու, շատ-շատ բաներ է անհրաժեշտ, ինչպես յուրաքանչյուր անհատի: Տիրոջ օրհնությունը եթե լինի,այդ ամենը կլինի,ինչպես նաև խաղաղություն, որն այնքան անհրաժեշտ է մեր հայրենիքին, տարածաշրջանին, և աշխարհին առհասարակ, որորվհետև մոլորակը անընդհատ թեժ կրակների մեջ է և դա ինձ՝ որպես այս մոլորակի բնակչի, չի կարող չանհանգստացնել: Նաև որպես մարդու, ով ունի երեխաներ և երեխաներ է մեծացնում: Այնպես որ ինչպես ասացի, եթե լինի տիրոջ օրհնությունը, ողորմածոությունը, ապա ինչ-որ կերպ կհաղթենք, կհաղթահարենք բոլոր այս խնդիրները, դժվարությունները: Ամենակարևորը՝ խաղաղ երկինք և առողջություն:
-Ինչի՞ մասին է պատմում Ձեր երկրորդ գիրքը:

-Գրքիս մասին կարող եմ շատ երկար խոսել, որովհետև մի ամբողջ կյանքի պատմություն է, կյանքի մի կարևորագույն հատվածի վավերագրում, ներկայացում, որը կարող է ոգեշնչել, մոտիվացնել, սիրտ ու թև տալ, հավատ ներշնչել, շատ-շատ երկար կարող եմ գրքիս մասին պատմել, բայց եթե առավել կարճ ու կոնկրետ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը այն մասին է, թե ինչպես է հնարավոր մոխիրներից հառնել և կրկին ապրել, ավելին՝ապրեցնել իր օրինակով և անգամ կյանք տալ, այն մասին է,թե ինչպես մարդը հաղթահարելով մահացու հիվանդությունը՝վերապրելուց հետո կարողանում է խճանկարի նման իր կոտրված ու ցաքուցրիվ եղած կյանքը կրկին հավաքել, խնամքով ամբողջացնել և կրկին ստանալ ամբողջական, գեղեցիկ, ներդաշնակ պատկերներ, որը գուցե կողքից հեշտ է թվում, բայց իրականում այն շատ դժվար է, պահանջում է ամենօրյա պայքար ինքդ քո թուլությունների, վախերի, ցավերի, տագնապների դեմ և երբ կյանքը կրկին խճանկարի՝ փազլի նման հավաքում ես, ամբողջացնում և այդ գեղեցիկ պատկերն ես ստանում, այն դառնում է օրինակ շատ այլ մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց հույսը,հավատը և կյանքի նկատմամբ իրենց ոգևորվածությունը:Այնպես որ, «Կյանքը երկրորդ փորձից»-ը գալիս է ապացուցելու, որ կյանքը հնարավոր է 2-րդ փորձից, որ կյանքը միշտ շարունակվում է, քանի դեռ մենք ապրում ենք, շնչում ենք և երբեք էլ ուշ չէ որևէ տարիքում և որևէ հանգամանքում՝ անկախ փորձություններից կյանքիդ ղեկը վերցնել ձեռքդ և ոչ թե անիծել բախտը, այլ յուրաքանչյուր դժվարություն և փորձություն դարձնել ցատկուղի՝ նորանոր հաջողություներ գրանցելու, նորանոր բարձունքներ գրավելու:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 41325անգամ
Վերջին լուրեր