Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2024 : 16-48

Մարդկային ռեսուրսն ինձ համար առաջնայինն ու արժեքավորն է... Անի Դաշյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող , հաղորդավար Անի Դաշյանը, որը մեզ հետ կիսեց իր հուշերը մանկության ամենավառ հիշողության, լրագրողի մասնագիտության , մոտիվացիայի և սիրո մասին:

-Ո՞րն է Ձեր մանկության ամենավառ հիշողությունը։

- Ես այն երջանիկներից եմ, ով վստահ կարող է ասել, որ երջանիկ մանկություն է ունեցել: Հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր ժամանակահատված է մանկությունը և ինչ կարևոր դեր ունի անհատի ձևավորման ու կայացման հարցում: Խորապես համոզված եմ, որ բարդույթները, վախերը, վատ սովորույթները, ինքնավստահության պակասը, ստախոսությունը, դավաճանությունը և նմանատիպ այլ արատավոր երևույթները հիմնականում վատ մանկության և վատ դաստիարակության արդյունք են: Շատ լավ հիշողություններ ունեմ մանկությունից. ամեն շաբաթ տիկնիկային թատրոն կամ այլ թատրոն, բակային խաղեր, ճամբարներ, որոնց սցենարների հեղինակը հիմնականում ես էի, շենքի տանիքում կազմակերպվող գեղեցկության մրցույթներ, դիսկոտեկ և շատ այլ ջերմ հիշողություններ:
-Ինչու՞ որոշեցիք ընտրել լրագրողի մասնագիտությունը։
- Ես սովորում էի ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում: Մի օր կուրսեցիս ասաց, որ գնում է Երգի պետական թատրոնի հեռուստառադիոհաղորդավարության բաժին ընդունվելու: Ավելին, ինձ էլ համոզեց, որ իր հետ գնամ, քանի որ միայն այդ օրն էր ընդունելությունը: Շատ արագ և անսպասելի ամեն ինչ ստացվեց: Գնացի հարցազրույցի, Արթուր Գրիգորիչն ինձ մի քանի հարց տվեց, որից հետո անունս կարդացի ընդունվածների ցուցակում: Իսկ մոտ կես տարի հետո արդեն քասթինգով հայտնվեցի TV-ի կախարդական աշխարհում: Այնուհետև պրակտիկայով ձեռք բերած գիտելիքներս որոշեցի նաև այսպես ասած փաստաթղթով ամրապնդել՝ մագիստրատուրան ընտրելով լրագրության բաժինը:

-Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի լրագրողը։
- Լրագրողն առաջին հերթին պետք է ազնիվ լինի իր և իր գործի հանդեպ, պետք է տիրապետի լրագրողական էթիկայի կանոններին և պետք է շատ սիրի իր աշխատանքը:
-Ի՞նչն է Ձեր մոտիվացիայի հիմնական աղբյուրը։
- Ամենահասարակ թվացող երևույթն անգամ կարող է ինձ մոտիվացնել, և հակառակը՝ հիասթափեցնել: Արևոտ եղանակը,սուրճի բույրը, ծովի ալիքների ձայնը, դրական մարդկանց հետ շփումը,սիրելի գործով զբաղվելը, երեխաներիս ժպիտը և նմանատիպ այլ հաճելի պահերն ինձ մոտիվացնում են:
-2008 թվականից եղել եք « Բում» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Կգա՞ ժամանակ,երբ տպագիր մամուլն այլևս արդիական չի լինի։
- Չեմ ուզում հավատալ, որ կգա այդ օրը, քանի որ իրականում ես վախենում եմ կայծակնային արագությամբ զարգացող տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից և համատարած ռոբոտացումից: Մարդկային ռեսուրսն ինձ համար առաջնայինն ու արժեքավորն է: Եթե նույնիսկ ինչ-որ ժամանակով էլ դադարի արդիական լինել տպագիր մամուլը, միևնույն է, ուզում եմ հավատալ, որ դա միայն ժամանակավոր է լինելու:

-Որքանո՞վ է կարևոր լրագրողի համար ընթերցասեր լինելը։
- Կարևոր է այնքանով, որ լրագրողը պետք է լինի զարգացած, ինֆորմացված և տեղեկացված:
-Ո՞րն է սիրո Ձեր բնորոշումը։
-Սերը հոգատարությունն է, դիմացինի կոմֆորտի համար սեփական կոմֆորտ զոնայից դուրս գալու ցանկությունն ու կարողությունը, սերը փոխադարձ հարգանքն ու ազնվությունն է:

-Ի՞նչն է մարդկային հարաբերություններում ամենակարևորը։
-Մարդկային հարաբերություններում ամենակարևորը ՄԱՐԴ լինելն է: Ինչպես կասեր Սևակը. «Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ»:
-Արդյոք ճակատագիրն է մեր բոլոր քայլերի տնօրինողը։
- Ես ոչ թե ճակատագրին, այլ Աստծուն եմ հավատում, և հավատում եմ, որ ամեն ինչ լինում է հենց Նրա կամքով:


-Ի վերջո՝ մամուլ, գիրք, թե՞ համացանց....
-Երեքը միասին...






Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 12011անգամ
Վերջին լուրեր