22 / Ապրիլ / 2024 : 15-19

Տեխնիկայի այսպիսի արագընթաց զարգացումը ուրախալի փաստ չէ... Խաչիկ Եղոյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մասնագիտության, ֆիլմերի, իրական ընկերության և սիրո մասին:

-Ռեժիսուրան Ձեզ համար մասնագիտություն է, թե՞ կենսակերպ:
-Ես մասնագիտությամբ մասսայական հանդիսությունների ռեժիսոր եմ:Իմ կյանքում ռեժիսուրայով զբաղվել եմ շատ վաղուց, հետագայում նաև նկարահանել եմ վավերագրական մի քանի պատվերով ֆիլմեր և տեսահոլովակներ, սիրել եմ այդ զբաղմունքը, բայց ոչ այնքան, որ այն դառնա ինձ համար կենսակերպ:
-Դուք բազում տեսահոլովակներ եք նկարահանել: Որո՞նք են ամենակարևոր դետալները տեսահոլովակի ստեղծման գործում:
-Չէի ասի բազում,բազում հիմա նկարահանում են իմ կոլեգա ընկերները,որոնցից մի քանիսը հենց իմ ժամանակներից են սկսել և դեռևս մինչև հիմա նկարահանում են: Ինձ համար ամեն ինչը, ամեն մի դետալ կարևոր էր, և ես շատ էի մտածում երաժշտության ամեն մի տողի, երգի ամեն բառի վրա և դա գաղափար դարձնելը բավականին երկարատև էր, երբեմն իհարկե հենց նույն վայրկյանին էին գալիս մտքեր, սակայն մեր իրականությունն այլ է, պահանջներն ՝այլ, և ես այդ արագընթացությանն ու պահանջներին չդիմացա և ինքս ինձ դուրս մղեցի այդ ոլորտից:

-Ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ, որպեսզի լավ ֆիլմեր ստեղծվեն:
-Ֆիլմեր ստեղծելու համար,կարծում եմ ,ամենաառաջինը Աստծո տված շնորհն է, հետո իհարկե կրթությունը, և որքան բարձրակարգ լինի հաստատությունը,որոնք շատ կան աշխարհում,այնքան ավելի լավ,հետո արդեն աշխատասիրություն, ուժեղ կամք, համբերություն, ստեղծագործական թևավոր մտքեր և լավ թիմ:
-Կինը կարո՞ղ է հզոր դրամատուրգիական ասելիքով ֆիլմ նկարահանել:

-Կինը կարող է հզոր դրամատուրգիայով ստեղծվելիք ֆիլմը վերացնել նույնիսկ.(Սա կատակ է...):Իհարկե կարող է, կինն էլ է մարդ, մտածող, ստեղծագործող և եթե Աստված կամենա, միանշանակ կարող է լինել և հաջողակ ռեժիսոր, աշխարհում նմանատիպ շատ օրինակներ կան:
-Ի՞նչն է սպառում ռեժիսորին:

-Ինձ օրինակ սպառեց «փուռ» հասկացողությանը չհամակերպվելը:Ես գետինը կմտնեի,եթե պատվիատուին ցույց տայի որևէ երկրում արդեն նկարահանված տեսահոլովակ կամ նկար և ասեի՝ այ այսպես ուզու՞մ ես: Ես փորձում էի խորանալ, մտածել թևավոր բաներ, բայց հիմնականում հանդիպում էի «փող չկա» իրականությանը և թևերս կտրվում էին, սկսում էի փոքր բյուջեի սահմաններում իրականացնել գոնե իմ մտքերի տասը տոկոսը,բայց ամբողջապես չմտածել և թխել արդեն ստեղծածին՝պատճառաբանելով,որ միևնույնն է,նոր հեծանիվ չես ստեղծի,արդեն ամեն բան արված է, և բոլորն էլ վերցնում են իրարից, ու այսօր վերցնել պատվերը,վաղն արագ մտածել ու իրականացնել...

Սպառեց այդ անլրջությունն ինձ, ժամանակի արագությունը մտահորիզոնի, արվեստի, մշակույթի բարոյական շատ գծերի թշնամին է, հավատացեք:Ես միշտ ասել եմ՝տեխնիկայի այսպիսի արագընթաց զարգացումը ուրախալի փաստ չէ՝աշխարհի կործանումն է:
-Հեռավորությունը խանգարու՞մ է իրական ընկերությանը:
-Իրական ընկերությանը,Աստված մի արասցե,նույնիսկ մահը չի կարող խանգարել:

-Ի՞նչն է ամենակարևորը մարդկային հարաբերություններում:
-Մարդկային հարաբերությունների մեջ ինձ համար ամենակարևորը, ամենաառաջին վայրկյանից սկսած բարությունն է, առաջին բարևից, երբ բարի լինի ամեն բան, կկառուցվի մնացած բարոյականը ընթացքում:
-Սերը մի՞շտ է անսպասելի գալիս:
-Ինձ մոտ այն ամեն րոպե է ամեն ինչի նկատըմամբ՝ Աստծուց սկսած, բացված օրվա առավոտից մինչև ննջելը:Իսկ եթե կնոջն է վերաբերվում,այո,այն գալիս է անսպասելի,ես երբեմն շատ եմ փնտրել,բայց միևնույնն է, չէր ստացվում և անսպասելի այն եկավ իմ 40 տարեկանում:Իդեպ,ի լուր աշխարհի,ի դեմ սնահավատության,ես 40-ամյակս նշել եմ և խորհուրդ եմ տալիս բոլորին էլ նշել:

-Ի՞նչն է ամենակատարյալ ստեղծագործությունը:
-Մարդը...
Աստծո ստեղծագործություններից ամենակարևորը մարդն է և դրա համար նաև մարդուն է տրված ստեղծագործելու իրավունքը,որի համար հազար փառք մեր տիրոջը:

-Ձեր ամենանվիրական երազանքը:
-Իմ ամենանվիրական երազանքը հիմա աղջիկ ճուտիկ ունենալն է, ում պիտի կոչեմ մորս անունով:

-Ի՞նչ սյուժե և վերնագիր կունենա այն ֆիլմը, որը կպատմի Ձեր ստեղծագործական կյանքի մասին:
-Իմ մասին ֆի՞լմ, ով եմ ես, որ երբևէ հանկարծ մի ֆիլմ ձոնվի ինձ,բայց եթե հանկարծ երբևիցե կծնվի այդպիսի մի արկածախնդիր մարդ, ով կորոշի նկարել ու ես ի վիճակի չեմ լինի իրեն արգելել,ուրեմն թող անվանի ֆիլմը «Սովորական մի անցորդ»:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 17670անգամ
Վերջին լուրեր