Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունիս / 2024 : 14-48

Հարություն Չոբանյան. բացահայտելով շարժումը ակնթարթի մեջ

Գույնի և ստվերի փոխազդեցությունների խաչմերուկում, որտեղ տեսանելի աշխարհի տարրերը մերվում են երևակայականի մեջ, Հարություն Չոբանյանը ստեղծում է լուսանկարչական գործեր, որոնք դիտողին կոչ են անում դուրս գալ իրականության դաշտից և հայտնվել յուրակերտ աշխարհում՝ մշակված երևակայական տեսլականով, քանզի բնության մեջ օրգանական և տեսանելի աշխարհն ունի նաև երևակայական և խորհրդավոր մեծության որոշակի օրենքներ, որոնք ճշգրտորեն սահմանագծվում են լուսանկարչի աշխատանքներում: Դրանցում մեզ ծանոթ արվեստագետին բացահայտում ենք նոր շղարշի ներքո. հանդիպում ենք ծանոթ դեմքերի, որոնք փոխակերպվում են՝ բացահայտելով ավելի խոր ճշմարտություն հայտնիի և անհայտի մասին:

Սա է Հարություն Չոբանյանի արվեստի էությունը:
Հարություն Չոբանյանը ծնվել է 2003 թ.՝ արվեստագետի ընտանիքում. մայրը նկարչուհի Արմինե Թումանյանն է: Հարությունը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2015 թ. և արդեն 2018 թ., 15 տարեկան հասակում, կազմակերպել է իր առաջին անհատական ցուցահանդեսը: Մասնակցել է մի շարք խմբային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում՝ նշանավորելով արվեստի աշխարհում իր արագ ու տպավորիչ վերելքի սկիզբը։ «Փոքր տարիքից եմ սիրել նկարել: 9 տարեկան էի, երբ ընկերներս ինձ իմ առաջին տեսախցիկը նվիրեցին: Դա մի փոքրիկ տեսախցիկ էր, բայց նրա միջոցով ես հասկացա, որ սիրում եմ նկարել: Հետո արդեն 12 տարեկանից սկսեցի տեսախցիկին ստեղծագործաբար մոտենալ և սկսվեց ամեն ինչ… Երբ ստեղծագործում եմ կարծես ներքուստ որևէ վերապրում զգամ, որը թերևս ինձ համար ամենահարազատն է»,- պատմում է արվեստագետը:
Հարությունի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արժանացել են միջազգային արձագանքի։ 2020 թ. նրա լուսանկարները ցուցադրվել են Գերմանիայում՝ Բեռլինում:

Մայիսի 18-31-ին «Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Ակնթարթային շարժում» խորագիրը կրող ֆոտոլուսանկարչի թվով 6-րդ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում Հարություն Չոբանյանը ցուցադրեց իր հեղինակած 2 լուսանկարչական տեխնիկաները, որոնք անվանել է «ռեֆլեքցիոնիզմ» և «գունային ցնցումներ»:


Խոսելով ցուցահանդեսի խորագրի մասին Հարությունը նշեց.


«Ես փորձում էի գտնել ակնթարթի մեջ շարժումը, այսինքն` ֆոտոյի ստատիկ կադրում շարժումը, որը ստանալու համար ես կիրառել եմ մի քանի տարբեր տեխնոլոգիաներ` գունային լուսապատկերի խաղերը և լուսամարման ու լուսաբացման ընթացքը: Այս ամենի շնորհիվ ես ստեղծել եմ իմ ուրույն ուղղությունը, որը կոչել եմ ռեֆլեքցիոնիզմ: Այս տեխնիկայի հիմքում ընկած է անտեսանելի վերածումը հավերժ զուգահեռ իրականության՝ գերազանցելով ֆիզիկական օրենքները: Ռեֆլեքցիոնիզմը ստեղծում է առարկաների էությունը այնպես, որ հակասում է սովորական ընկալմանը, ստեղծելով պատկերներ, որոնք կարծես գոյություն ունեն հավերժական, երազային վիճակում»:
Գունային ցնցում տեխնիկայում օգտագործում է High Dynamic Range (HDR) տեխնոլոգիան, որը ներառում է չորս մակարդակի լուսանկարներ տարբեր գունային սպեկտրներում՝ կարմիր, կապույտ, կանաչ և սպիտակ: Օգտագործելով երկար ճառագայթման ժամանակ տեսախցիկի շարժումները որպես վրձին, Չոբանյանը ստեղծում է կենսունակ, դինամիկ պատկերներ, որոնք փոխանցում են իր առարկաների էներգիան, շարժումը, բնությունը իր խորհրդավոր անվերջություններով և հզոր երևակայությամբ, որը մշտապես հանդես է գալիս փոփոխելով իր արարման միջոցները: «Իմ նկարներով ես հաճախ ցանկանում եմ արտահայտել իմ զգացմունքները, ապրումները, այն ամենը, որոնք կան իմ հոգու մեջ: Ես ցանկանում եմ կիսվել դրանցով աշխարհի հետ ու իմ մի մասը փոխանցել մարդկանց: Ես ցանկանում եմ ստեղծել նոր բան, որը չի կրկնվել առաջ, որպեսզի մարդիկ մի նոր բան գտնեն աշխարհում, որովհետև ժամանակակից արվեստը պետք է դուրս գա իրականության ստանդարտներից»,- նշում է Հարությունը:



«Իմ արվեստում ակնհայտ դեր ունի երաժշտության նկատմամբ իմ սերը, եթե չլիներ այն կարծում եմ գուցե և ես ստեղծագործող չլինեի, որովհետև երաժշտությունն ինձ մոտիվացնում է թափանցել հոգևոր և անէ դաշտ: Այն հստակ երևում է իմ դիմանկարների շարքում, որտեղ ես ցանկացել եմ ցույց տալ տվյալ արվեստագետի կերպարը գտնելով իրեն համապատասխան գույները և երաժշտությունը:
Իմ նկարներով ես ցանկանում եմ ցույց տալ բնության և իրականության միջև կապը: Ես ցանկանում եմ այլ աշխարհներ ստեղծել, որն իհարկե անհնարին է առանց այս իրականության: Հաճախ իմ նկարներում դուք կնկատեք կարմիր գույնը: Ինձ համար կարմիրը ստեղծագործելու գույնն է: Ստեղծագործելիս ես միշտ կարմիր եմ տեսնում ու ցանկանում եմ մարդկանց փոխանցել իմ ներսի կարմիրը: Կարմիրը չվառվող գույն է և ֆոտոն մշակելիս ես այն կարմիրի ներքո եմ անում: Նրա չվառվող հատկությունը բերում է մեկ այլ տարածություն, որի շնորհիվ ես կարողանում եմ նոր գունային խտություններ ստանալ»:


Վերջում Հարությունը զրույցն ավարտեց խոսելով հայրենասիրության, հայ լինելու և այն պարտավորությունների մասին, որ մենք ունենում ենք մեր ծննդյան պահից.


«Հայ լինելը պարտավորեցնող է և մենք յուրաքանչյուրս ծնվելով հայ պետք է ինչ-որ կերպ օգտակար լինենք մեր երկրին: Ես կարծում եմ, որ արվեստագետը չպետք է դադարի ստեղծագործել ցանկացած պարագայում: Վերջին ցավալի իրադարձություններով պայմանավորված շատ ու շատ արվեստագետներ դադարեցին ստեղծագործել, դե լինելով արվեստագետ բարդ է վերապրել կորուստները, սակայն ես կարծում եմ, որ արվեստը չի ճանաչում տարածություն և ժամանակ այսօր ստեղծած աշխատանքը կարող է պատմության մեջ մտնել ամրապնդելով հայի դերն ու նշանակությունը մեր օրերում»:
Հոդվածն ավարտենք Հարություն Չոբանյանի «Ակնթարթային շարժում» խորագիրը կրող ցուցահանդեսի ինստալյացիա-վիդեոարթով, որին կարող եք ծանոթանալ սկանավորելով հետևյալ QR հղումը:

Անի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Դիտվել է 10774անգամ
Վերջին լուրեր