Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2024 : 16-02

Երեք հայորդիների հայրենասիրության պատմությունը

Արցախյան պատերազմի հերոսական տարիներին ոստիկանության զորքերը, որ այն ժամանակ դեռ կոչվում էր ներքին գործերի նախարարության ներքին զորքեր, որպես ձեւավորված կառույց՝ իր լրջագույն ներդրում ունեցավ հաղթանակի գործում: Սակայն մարտիկների մի մասին չվիճակվեց տեսնել հաղթանակը...
Դավիթ Չանախչյան, Խաչիկ Հարութունյան, Կարեն Բլդոյան... Երեք անուն, երեք քաջազուն, որոնց հոգիները հանգչում են Եռաբլուրի բարձունքում՝ Հայրենիքին կյանքը նվիրաբերած մյուս անմահների կողքին...
20-րդ դարավերջը Հայաստան եւ Արցախ աշխարհների, նրանց քաջարի զավակների հերոսական պատմությունն է ներառում: Իրակա՛ն պատմությունը, որ գրեց հայ ժողովուրդն իր գերագույն նպատակի ճանապարհին: Որ գրեցին հայոց դյուցազունները՝ կերտելով մեծ հաղթանակը, Հայաստանի՛ ապագան, Արցախի՛ ապագան:
Ներքին զորքերի զինծառայողներ Դավիթ Չանախչյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Կարեն Բլդոյանը դարձան այդ հաղթական երթի մասնակից...
Երեքն էլ զոհվեցին Ֆիզուլիում՝ 1994-ի գարնանը:
Գարնանային պատերազմաշրջանի խոշարամասշտաբ ռազմագործողությունների ընթացքում՝ երկուստեք մեծաքանակ մարդկային զոհեր, իսկ Ադրբեջանի համար՝ նաեւ տարածքային կորուստներ եղան: Ադրբեջանը վերջին փորձերն էր անում՝ տիրելու իրավիճակին՝ ռազմաճակատով մեկ ակտիվացնելով հարձակողական գործողությունները: Հակառակորդի զորքերը զրահատանկային ուժերի, հրետանու եւ օդուժի աջակցությամբ փորձում էին ճեղքել մերոնց պաշտպանությունը եւ շարժվել դեպի Ֆիզուլի:
Ահեղ մարտեր էին, ուժերը՝ անհավասար: Բայց վճռական էր մերոնց մարտական ոգին, եւ հաջողվեց ոչ միայն պաշտպանել դիրքերը, այլեւ անցնել հակահարձակման:
Հաղթանակը մոտ էր, ու եղավ Հայրենիքի նվիրյալների վճռական ոգու, անկոտրում կամքի, խիզախության շնորհիվ: Նաեւ շատերի կյանքի՛ գնով: Նաեւ այս երեք երիտասարդի կյանքի գնով...
Դավիթ Չանախչյանի սիրելի հերոսը Սասունցի Դավիթն էր: Հայ դյուցազներգության էպիկական ուժերից ուժ էր առնում, նաեւ հպարտանում՝ ծնողներն իրեն էպոսի հերոսի անունով էին կոչել...
Ներքին զորքերի 1031 զորամասում ծառայության անցավ 1992-ի վերջին: Պատերազմ էր, եւ իրենք ամենօրյա վարժանքների մեջ էին: Հետո արդեն պատերազմի ահեղ դեմքը տեսավ իրականում...
Զոհվեց ապրիլի 28-ին...
Խաչիկ Հարությունյանը ներքին զորքերի 1034 զորամաս զորակոչվեց 1992-ի աշնանը:
«Հայրենիքին պարտքը տալու իմ ժամանակն էլ եկավ»,- ասաց արցունքն աչքերին իրեն ճանապարհող մորն ու մտովի տարակուսեց՝ կհասցնի՞ սահման մեկնել:
Հասցրե՛ց: Մարտադաշտում թրծված հրամանատարների շնորհիվ տիրապետեց մարտավարությանը, զենքին: Հետո եկավ նաեւ իմացությունը մարտադաշտում ցույց տալու ժամանակը...
Ապրիլի 26-ին վերջին մարտը տվեց: Պարտքը տվեց Հայրենիքին ու անմահացավ...
Կարեն Բլդոյանը ներքին զորքեր զորակոչվեց 1993-ի հունիսին:
Կարատեի հանրապետական դպրոցի սան, կապույտ գոտի 6-րդ դասի տիտղոսակիր մարզիկին ծառայության ուղարկեցին հատուկ նշանակության զորամաս: Իր կամային հատկանիշներով աչքի ընկավ հենց սկզբից՝ վարժանքների ժամանակ:
Եկավ նաեւ հաղթելու վճռականությունը մարտադաշտում ցուցադրելու ժամանակը...
Կարենի վերջին կռիվը մարտի 11-ին էր...
Երեք հայորդիներ, որոնց կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը խտացավ հերոսական ժամանակների մեջ՝ դառնալով հայրենասիրության պատմություն...

Հեղինակ՝ Հասմիկ Պոդոսյան
Դիտվել է 7968անգամ
Վերջին լուրեր