Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2024 : 15-05

Լավ մանկավարժի գործողությունների հիմքում պետք է սերը լինի... Արսեն Վարդանյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է մանկավարժ, կրթության փորձագետ, «Գրականություն 7» և «Գրականություն 8» դասագրքերի համահեղինակ Արսեն Վարդանյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց հաղորդակցման հմտություններին տիրապետելու, օտար լեզուների իմացության, ուսուցիչների կամավոր ատեստավորման և հանրակրթության ոլորտի հիմնախնդիրների մասին:

-Ի՞նչ դեր ունի գրականությունը Ձեր կյանքում։
-Գրականությունն ինձ համար կյանքի ավելի խորքային ընկալման, ինքս ինձ բացահայտելու և մարդկանց ու աշխարհի մասին բազում հարցերի պատասխանները գտնելու գանձարան է։ Գրականությունը հենց կյանքն է՝ ավելի իմաստավորված ու փիլիսոփայական շերտերով։ Իմ ձեռքբերումների մի մեծ մասի համար ես պարտական եմ հենց գրականությանը։

2. Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել որպես գրականության դասագրքերի համահեղինակ։ Պատասխանատվությունը շա՞տ է։
Անշուշտ, և՛ բարդ է, և՛ պատասխանատու։ Մարդիկ հաճախ միայն մի կողմն են տեսնում, մինչդեռ աննկատ են մնում կուլիսներում արված հսկայածավալ աշխատանքը, չքնած գիշերները և չվայելած արձակուրդները։ Նյութը հազար անգամ մշակվում է, քննարկվում։ Այն չափազանց պատասխանատու աշխատանք է. պետք է ուշադիր լինել ամեն մանրուքի հարցում՝ ձևակերպումներից մինչև ձևավորում։ Ինձ միշտ ոգևորում է այն միտքը, որ մեր երեխաները սիրով կսովորեն, դասագիրքը կխոսի իրենց հետ հենց իրենց լեզվով, կուղղորդի դեպի հարակից գիտություններ, կապահովի իրենց ընդհանուր զարգացվածությունը։ «Գրականություն 7» և «Գրականություն 8» դասագրքերում առկա են հավելյալ կարևոր նյութեր արվեստի տարբեր ճյուղերից՝ գեղանկարչություն, քանդակագործություն, երաժշտություն, օպերա և այլն։ Դրանով միջառարկայական կապերն են կարևորվել։ Մեծ ուշադրություն ենք դարձրել հայագիտական նյութերին։ Դասագիրքը ոչ միայն գրականության, այլև մեր պատմության, մշակույթի, մեծերի մասին տեղեկություններ, ուղղորդող առաջադրանքներ է պարունակում՝ ձևավորելով դիրքորոշում ազգային արժեքների նկատմամբ։ Ուսուցիչների արձագանքը հիմնականում դրական է։ Մեր հեղինակային խումբն էլ ամեն ջանք գործադրում է, որ տարեցտարի ավելի բարելավված դասագիրք ունենանք։
-Ըստ Ձեզ` ո՞ր գրողի երկերն են զարգացնում սովորողի քննական և վերլուծական մտածողությունը։
-Գրական բոլոր երկերն էլ կարող են զարգացնել սովորողի քննական և վերլուծական մտածողությունը, եթե ուսուցիչը դասը կազմակերպի այնպես, որ երեխաները ներգրավված լինեն, մասնակցեն քննարկումներին, բանավիճեն, հիմնավորեն իրենց տեսակետը։ Շատ կարևոր է, որ երեխան սովորի վերլուծել գրական երկը, չկաշկանդվի կարծիք հայտնելուց։ Գրականության նոր դասագրքերում առկա են տարաբնույթ առաջադրանքներ, որոնք զարգացնում են սովորողի քննական մտածողությունը, մղում՝ գտնելու օրինաչափություններ, պատճառահետևանքային կապեր և ոչ միայն։

-Հաղորդակցման հմտություններին տիրապետելը ի ծնե տրված շնորհ է, թե՞ աշխատասիրության հետևանք։ Որքանո՞վ եք կարևորում օտար լեզուների իմացությունը։
-Այս հարցում, անշուշտ, ժառանգականությունը մեծ դեր ունի, սակայն աշխատասիրության շնորհիվ հնարավոր է հասնել լավ արդյունքի։ Լավ հաղորդկացվող լինելու համար առաջին հերթին պետք է աշխատել ներաշխարհը կարգավորելու, այնտեղ ներդաշնակություն հաստատելու, հուզական ինտելեկտը բարձրացնելու ուղղությամբ։ Եթե հոգիդ խաղաղ է, աշխարհին ու մարդուն բարի աչքերով ես նայում, ունես ինքնավստահություն, չափի զգացում, լսելու կարողություն, ապա գերազանց հաղորդակցվող կլինես։ Շատ կարևոր են նաև ընդհանուր զարգացվածությունը, ընթերցասիրությունը, որոնք մարդու լայնախոհությունն ապահովող միջոցներից են։ Օտար լեզուների իմացությունը պարտադիր է մեր օրերում, այլապես հետ կմնանք աշխարհի ընդհանուր առաջընթացից։ Մայրենի լեզուն պետք է լինի առաջին տեղում բոլոր առումներով, սակայն այլ լեզուների իմացությունը կարևոր է։ Դա զանազան դռներ բացող բանալի է։

-Ըստ Ձեզ` որո՞նք են վերջին տարիներին հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները։
-Հանրակրթության ոլորտում խնդիրները շատ են ու բազմաբովանդակ, և դա ինչ-որ առումով նորմալ է, քանի որ պարբերաբար փոփոխվող, զգայուն դաշտ է։ Ըստ իս, երկու հիմնախնդրի լուծում կարող է էականորեն փոխել հանրակրթության որակը։ Առաջինը՝ մանկավարժների պատշաճ վարձատրության և մրցակցային պայմանների ապահովումն է, երկրորդը՝ դպրոցների վերազինումը անհրաժեշտ պարագաներով։ Եթե մենք ունենանք իսկապես մրցունակ կադրեր, ուսուցիչներ դառնան միայն ամենապատրաստված մասնագետները, երեխաները սովորեն անհրաժեշտ պարագաներով հագեցած դպրոցներում, այսքան խնդիրներ չեն առաջանա։ Թույլ մասնագետին որքան էլ վերապատրաստեն, նա արդյունք ապահովել չի կարող։ Մեր կրթական չափորոշիչները բավականին լավն են։ Պետք է պարզապես կարողանալ ապահովել դրանց իրագործումը։
Իհարկե, նկատելի են դրական տեղաշարժեր, սակայն դրանք էական փոփոխության չեն հանգեցնի, քանի որ համակարգային լուծումներ են պետք։
-Կո՞ղմ եք ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։
-Ատեստավորումն ստեղծում է մրցակցային մթնոլորտ, մասնագետներին հնարավորություն է տրվում բարելավելու իրենց վարձատրությունը.այս առումով կողմ եմ։ Սակայն մասամբ դեմ եմ այն ձևաչափին, որը կիրառվում է։ Ըստ էության, ընդունելության քննությունից մի մակարդակ բարձր, բավականին խճճված թեստ են լրացնում, և վերջ։ Մինչդեռ միայն դրանով չի կարող որոշվել ուսուցչի մակարդակը։ Եթե մեկն արագաշարժ է, միտքն արագ է աշխատում, չի նշանակում ավելի լավ մանկավարժ է, քան մյուսը, որը չի հասցնում կողմնորոշվել խառնիխուռն հարցերի մեջ։ Կարծում եմ՝ գործընթացը պետք է բաղկացած լիներ երկու մասից՝ տեսական գիտելիքների և մանկավարժական կարողությունների ստուգում։

-Տեխնիկայի և արհեստական բանականության արագընթաց զարգացումը մտահոգու՞մ է Ձեզ։
-Բնականաբար, մտահոգում է, քանի որ չափազանց արագ են տեղի ունենում փոփոխությունները, որոնք բերում են նաև չկանխատեսված հետևանքներ։ Պետք է կարողանալ արագ կողմնորոշվել։ Մարդը պատրաստ չէ այսքան փոփոխությունների։ Գայթակղությունները շատ են հատկապես երեխայի համար։ Ժամանակակից սարքերը երեխայից խլել են ուշադրություն, երևակայություն, կենտրոնացում, ստեղծարարություն։ Ամեն բան պատրաստ հրամցվում է այդ նեղլիկ էկրանի այն կողմից։

Հատկապես արհեստական բանականության ի հայտ գալը նոր հիմնախնդիր է կրթության ոլորտում։ Եթե կարողանանք ճիշտ օգտվել դրանից, կշահենք, այլապես այն կդառնա երեխայի բնական զարգացումը խոչընդոտող, նրան մտածելուց, ստեղծագործելուց, վերլուծելու կարողությունից զրկող միջոց։ Պետք է արհեստական բանականությունը կրթության ոլորտում ներդնելու և գործածելու վերաբերյալ պետական հատուկ քաղաքականություն մշակել և կիրառել։

-Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում 9-րդ դասարանն ավարտող աշակերտները «Գրականություն» առարկայից քննություն են հանձնելու էսսեի ձևաչափով։ Ստեղծագործական աշխատանքով քննություն հանձնելն ավելի է մոտիվացնում,որպեսզի աշակերտներն ընթերցեն, թե՞ հակառակը։
-Բավականին հետաքրքիր ձևաչափ է էսսեն։ Ունի բազում առավելություններ։ Երեխան սովորում է կապակցված խոսք գրել, վերլուծել, մտածել, ստեղծագործել, սակայն մյուս կողմից՝ կարծես թե բանավոր խոսքն է տուժելու։ 9-րդ դասարանում գրականության և պատմության քննությունների նախկին ձևաչափը նպաստում էր, որ երեխան կարողանար բանավոր խոսք կազմել։ Կարծում եմ՝ կարելի է՝ քննությունը երկու մասով կազմակերպել՝ էսսե և բանավոր ելույթ տարբեր ստեղծագործությունների շուրջ։

-Ի՞նչն է ուսուցչին մղում ինքնակրթության։
-Ինքնակրթվելու ցանկությունը ցանկացած մարդու համար պետք է նախ ներքին համոզմունք և ցանկություն լինի։ Պարտադրված ինքնակրությունը չի կարող միանշանակ լավ արդյունք տալ։ Ինքնակրթությունը հրաշալի միջոց է՝ դառնալու քո երազած մասնագետը, առաջընթաց ապահովելու, անընդհատ լինելու նորարար և ստեղծագործ։ Մեր ուսուցիչների մի զգալի մասը ինքնակրթվելու մեծ ցանկություն ունի։ Ես պարբերաբար իրականացնում են անվճար վեբինարներ, սեմինարներ։ Մեծ հաճույքով մասնակցում են, սովորում, փոխանցում նաև իրենց փորձը։ Իմ ամենասիրելի տեսակը իրենք են։ Սակայն կարծում եմ՝ ինքնակրթությունը պիտի ապահովի նաև մրցակցային պայմաններ։ Եթե մարդը տարվա ընթացքում ինքնակամ մասնակցում է դասընթացների, վերապատրաստումների, պետք է խրախուսվի։

-Ո՞րն է լավ մանկավարժի Ձեր բնորոշումը։
-Լավ մանկավարժի գործողությունների հիմքում պետք է սերը լինի՝ սեր երեխայի նկատմամբ, սեր մասնագիտության նկատմամբ, սեր հայրենիքի, կրթության ու աշխարհի նկատմամբ։ Մնացած ամեն բան հաղթահարելի է։ Դպրոցում պետք է աշխատեն միայն այն մարդիկ, որոնք հաճույք են ստանում երեխաների հետ աշխատելուց։



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 55746անգամ
Վերջին լուրեր