Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2024 : 15-34

Իրական ընկերությանը ոչինչ չի խանգարում․ Աստղիկ Սաֆարյան


Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց երաժշտական մրցույթների, « Հայ սուպերսթար» նախագծի, Բարսելոնայում սովորելու,իրական ընկերության և չիրականացած նվիրական ցանկության մասին:

-Ինչու՞ որոշեցիք երգչուհի դառնալ։
-Այս աշխարհում դա իմ ամենապաշտելի բանն է , ու ամենասիրելի աշխատանքը։

-Երգի մեջ ո՞րն է առավել գերող`խոսքե՞րը, թե՞ մեղեդին։
-Մեղեդուն համապատասխան գրված բառերը։ Երբ զգում ես, որ խոսքերն այնքան գրագետ է շարված, որ կարծես մեղեդու համար է կարված։ Նկատեցի՞ք՝ որքան մեղեդային հնչե՞ց))), այ էսպես էլ ծնվում են խոսքերն ու մեղեդին։))
-Որքանով եք կարևորում տարատեսակ երաժշտական մրցույթները։Ձեզ համարու՞մ եք մրցութային երգչուհի։
- Կարևորում եմ, քանի որ դա ըստ էության կարիերայի երկար ճանապարհի մինի-մակետն է։ Մի մրցույթի ընթացքում կարճ ժամանակահատվածում 0-ական անհայտ կարգավիճակից վերջում դառնում ես հանրահայտ, ճանաչված ու սիրված, եթե իհարկե ստացվում է գերել հանդիսատեսին քո երգով ու տեսակով: Ինքս ինձ մրցութային համարում եմ ,բայց միայն որպես երգչուհի, իսկ որպես մարդ՝ ոչ , քանի որ ես միշտ մրցում եմ միայն ինքս ինձ հետ։ Ուրիշների հետ մրցակցելը համարում եմ թուլության նշան։ Քո միակ մրցակիցը պետք է լինես դու ։

-Ի՞նչ դեր խաղաց Ձեր կյանքում « Հայ սուպերսթար» նախագիծը։
-Դա մի մեծ դպրոց էր, որտեղ սովորեցի գրեթե ամեն բան, ինչ հարկավոր էր լինելու բեմում՝ տեսախցիկների ու հանդիսատեսի առաջ ճիշտ ներկայանալու համար։ Այն ինձ սովորեցրեց ուժեղ ճնշման ներքո դրսևորվելու ու դժվարության հանդեպ ճկուն դառնալու հմտություն, ինչպես նաև արագ տեմպով աշխատելու ունակություն և այլ շատ ունակություններ, որոնց «պաշարով» ես կարողացա շարունակել իմ երաժշտական ուղին։
-Ինչու՞ որոշեցիք գնալ Բարսելոնա և այնտեղ ապրել։ Մշակութային ինչպիսի առ- անձնահատկություններ եք նկատում։
-Մոտ 15 տարի առաջ՝ Բարսելոնայում, տեղի լավագույն համալսարաններից 3-ում, ստացել եմ 3-մագիստրական դիպլոմ, իմ առաջին մասնագիտության գծով։ Եվ ինքնաբերաբար ստացվեց էնպես, որ այդ փուլից սկսեցի կիսել իմ կյանքը Երևանի և Բարսելոնայի միջև, մինչ օրս։ - Ինչ վերաբերում է մշակութային առանձնահատկություններին ,ապա կասեմ, որ ես մենթալիտետի տարբերության հետ կապված երբեք խնդիրներ չեմ ունեցել որևէ եվրոպական երկրի հետ, միևնույն ժամանակ պահպանելով իմ հայեցիությունը։ Միգուցե դա նրանից է, որ շատ մանկուց եմ սկսել ճամփորդել ու ծանոթանալ այդ մշակութային տարբերություններին։ Հիշում եմ , որ երբ պատանի տարիքում ճամփորդում էի ամբողջ Եվրոպայով, այդ ժամանակ անգամ չկային սոցիալական կայքերը, որտեղ կարող էի գոնե մի նկար տեղադրել որպես հիշողություն , ու միգուցե հենց դա է եղել պատճառը, որ ամեն մի տեսածս ու սովորածս պահպանել եմ իմ մտքում, այլ ոչ թե նկարում։ Ու այդ ամենն ինձ համար ծառայել է որպես գիտելիք։

-Հեռավորությունը խանգարո՞ւմ է իրական ընկերությանը։
- Իրական ընկերությանը ոչինչ չի խանգարում, երբ ունենում ես հոգու ընկերներ, նրանց հետ կարող ես անգամ ամիսներով չխոսել, բայց ամեն խոսելուց կարծես 5 րոպե առաջ խոսացած լինես ու համոզվում ես, որ անգամ պարտադիր չէ ամենօրյա շփումը , ավելի կարևոր է հոգեպես նույն դաշտում լինելը, ու իմանալը, որ դու նույնքան կարևոր ես իրեն համար ,որքան ինքը քեզ համար։ Նրանք, ովքեր ունեն նման ընկերներ, ինձ կհասկանան: Ես նման ընկերներ քիչ ունեմ, բայց ունեմ։
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը։
- Բոլոր լավ ձեռքբերումներիցս զատ ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն այդ ամենի մեջ լավ Մարդ մնալն է։ Քանի որ տեսել եմ շատերին ,ովքեր ժամանակի ընթացքում փոխվելով դարձել են էնպիսինը, որոնց ժամանակին հենց իրենք իբրև թե քննադատում ու չէին ընդունում։ ))

-Իսկ ամենամեծ թուլությունը....
- Չափից շատ նվիրվածությունն ամեն ինչին։ Չափիչ շատը ավելորդ է ։

-Ինչպիսի՞ն է սիրո Ձեր բնորոշումը։
- Դրա Իսկականը։ Երբ դա իրոք մաքուր ու իսկական է լինում, դրան բնորոշումներ չես գտնում։

-Սերը պարտվու՞մ է կենցաղին։
- Նայած սեր ու նայած կենցաղ:

-Ի՞նչն է Ձեզ այսօր անսահման երջանկացնում...
- Ես գնահատում եմ ամեն լավ բան, որ լինում է։ Ու շնորհակալ եմ լինում Աստծուն դրա համար, իսկ երբ գնահատում ես ու շնորհակալ ես, դու միշտ քեզ երջանիկ ես զգում:

-Իսկ ի՞նչն է տխրեցնում...
- Շատ բաներ կան, բայց դրանց դիտարկում եմ որպես կյանքի մարտահրավերներ։


-Ո՞րն է Ձեր դեռևս չիրականացած նվիրական ցանկությունը...
- Իհարկե կան նման չիրականացված պլաններ ,սակայն կգերադասեմ դրանց մասին խոսել այն ժամանակ, երբ իրականացնեմ դրանք։


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 9953անգամ
Վերջին լուրեր