Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Սեպտեմբեր / 2024 : 13-31

Սերը միշտ է ապրում․ Արմեն Նիազյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցը արձակագիր, գործարար Արմեն Նիազյանն է, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ընթերցանության, գրքերի հերոսների, սիրո և ժամանակի մասին...

-Գրող լինելը կենսակե՞րպ է, թե՞ առաքելություն։
-Գրող լինելը կենսակերպ և առաքելություն է միաժամանակ:
Այն կենսակերպ է, քանի որ քեզ հանդիպած յուրաքանչյուր դիպված, դեմք կամ դեպք կարող է իր հանգրվանը գտնել հաջորդ գրքիդ էջերում։ Դու կարող ես գիշերն արթնանալ ու մի միտք, մի վերնագիր հանձնել թղթին, որ հենց այդ պահին ծնվեց։ Այլ կերպ ասած՝ այն հագուստ չի, որ հանես կամ հագնես, այն մասնագիտություն չի, որ դրանով զբաղվես, այն, այո՛, կենսակերպ է, որ ուղեկիցդ է առավոտից երեկո ու երեկոյից առավոտ։
Գոնե ինձ համար այն նաև առաքելություն է, որովհետև ես տեսել եմ, թե ինչպես կարող է գիրքը վերափոխել մարդուն, դրական ազդեցություն ունենալ նրա վրա։ Ինձ համար հաջողված է այն գիրը, որ դուրս է գալիս սրտից ու հասնում սիրտ, որ կարող է ընթերցողին կարդալուց հետո մի
պահ վերացնել այս աշխարհից ու տանել քո աշխարհ, ստիպել մտածել, զգալ, տեսնել, շոշափել...
Այն առաքելությունը է, որովհետև ունես նպատակ ու ցանկություն՝ ինչ- որ փոփոխություն բերել ընթերցողիդ կյանքում։

- Որտե՞ղ եք «հանդիպում» Ձեր գրքերի հերոսներին։
-Այդ հերոսները մենք ենք։ Ես, Դուք, այս հարցազրույցը կարդացողները, մարդիկ, որոնց ես հանդիպում եմ ամենուր: Նրանք ամեն օր կերտվում են,
բնավորություն ձեռք բերում, արտաքին ուրվագիծ ստանում յուրաքանչյուր հանդիպումից ու զրույցից։ Երբեմն փողոցում մի ուրախ կամ տխուր
հայացք տեսնելը բավական է, որ մտքիդ մեջ հերոս ծնվի , հետո միս ու արյուն ստանա պատումի մեջ։
- Որքանո՞վ է կարևոր ժամանակակից գրողի համար շատ ընթերցելը։
-Այն կարևոր է այնքան, որքան խոհարարի համար կարևոր է այլ կերակուրների համտեսը։ Բոլորս գիտենք ընթերցանության դրական
կողմերը՝ զարգացնում է լեզվամտածողությունը, բացում նոր հորիզոններ, ապրումներ պարգևում, տեղափոխում մեզ ուրիշ աշխարհ...
Գրողի համար այստեղ արդեն դառնում է նաև մասնագիտական պահանջ՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչ ու ինչի մասին են գրում մյուսները։ Ընթերցողը կարող է գրող չլինել, բայց յուրաքանչյուր գրող նախ և առաջ պարտավոր է լավ ընթերցող լինել:
-Ի՞նչն է գրողի համար կյանքի հոմանիշը:
-Երբ դու գրում ես, դու քեզ վրա ես վերցնում աստվածային մի հատկանիշ՝ սկսում ես արարել։ Գրչիդ մեկ հարվածով ինչ -որ մեկը ծնվում է, ապրում, ուրախանում, արտասվում.... Գրքիդ էջերում դու հենց կյանքն ես նկարում, նոր կյանք, և առաջինը ինքդ ես սկսում ապրել այն, զգալ, տեսնել։ Հետո սկսում ես զրուցել հերոսներիդ հետ, երբեմն կռվել, համոզել,խռովել, սիրել, երբ մի քանի օր չես կարողանում վերադառնալ գրքիդ՝ անգամ կարոտել...
Ու ստացվում է՝ կյանքի մեջ մի ուրիշ կյանք, որտեղ հենց դո՛ւ ես արարիչը։ Եթե հարցին պատասխանեմ մեկ այլ տեսանկյունից, կյանքն այն
70-80 կամ 100 տարին չէ, որ մենք ապրում ենք։ Կյանքը յուրաքանչյուր ակնթարթն է, մեր ապրած ամեն մի վայրկյանն ու մեր
հույզերը։ Որովհետեւ կյանք կոչվածը մեր ֆիզիկական գոյությունը չէ միայն, այն մեր ներաշխարհն է,մեր սրտի թրթիռը,մեր ապրումները,ի վերջո, մեր
հոգին... Այս ամենը շատ ավելի է բնութագրում կյանքը , քան պարզապես մեր ֆիզիկական գոյությունը։

- Որքան է «ապրում» սերը։
-Ամենաիրական ու ամենաճիշտ գրքում՝ Աստվածաշնչում սիրո մասին գրված է՝ «Սերը երբեք չի վերջանա», իսկ դրան նախորդում է մի հատված,
որտեղ ասում է,որ ինչ էլ անես, առանց սիրո ոչինչ է։ Եվ դա իրոք այդպես է։ Սերն է կյանքի շարժիչ ուժը, իմաստը, լավագույն մոտիվացիան ու վերջնական նպատակը։ Այն ստիպում է մեզ պայքարել, հաղթահարել դժվարությունները, ստիպում է վերագնահատել մեր արժեքներն ու անգամ
կյանքի ընթացքը փոխել։ Սերը միշտ է ապրում։ Երբ մենք դադարում ենք սիրել, ոչ թե սերն է պակասում կամ մեռնում,այլ մենք ենք դադարում գոյություն ունենալ, որովհետև առանց սիրո ո՞վ ենք մենք. թերևս ռոբոտացված ինչ- որ մեխանիզմներ կամ կիսամեռ զոմբիներ։

Հատկապես այսօր՝ մեր օրերում, երբ աշխարհն ավելի ու ավելի է չարանում, ավելանում են վախերն ու սթրեսները, այս ամենի միակ ու
լավագույն հակաթույնը հենց սերն է, ու ինչպես գրել եմ իմ՝ «Բռնիր ձեռքս.,ես վախենում եմ» գրքում՝ «Երբեմն մեզ թվում է, թե մենք փողի, հարուստ
տնտեսության ու բարձր աշխատավարձերի կարիք ունենք, և դրանց պակասն է մարդկանց ավելի հաճախ չարացնում... չէ,՜ մենք սիրո պակաս
ունենք, սեր՝ մեկս մյուսի նկատմամբ... »։
- Ինչի՞ են նմանվում անկայուն սերերը։
-Սերը շատ ավելի խորը ապրում է, քան ուղղակի բառերը,քան,հրապուրանքը, քան ինչ- որ մեկին համակրելն ու հավանելը։ Ըստ իս՝ սերը
չի կարող անկայուն լինել ,իսկ եթե անկայուն է, ուրեմն սեր չի... այն ամեն ինչ կարող է լինել՝ առևտուր, փոխշահավետ համագործակցություն,
պայմանագիր, ժամանց, բայց ոչ սեր։ Դարձյալ վերադառնամ Աստվածաշնչին՝ «Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում... ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է ,ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է... » ։ Այս հատվածից հետո կարելի է համարձակ ասել ,որ աշխարհի ամենակայուն բանը հենց սերն է՝ իրական սերը։ Իսկ մենք հաճախ մեզ հանդիպած ամեն երեւույթի անունը սեր ենք դնում, հետո բողոքում , որ այն անկայուն էր... Երանի՜ թե սովորեինք իսկապես սիրել, շատ սիրել , սիրել հենց այնպես, ինչպես պատվիրում է Սեր- Աստված։

- Ինչի՞ց են ծնվում գլուխգործոցները։
-Գանձերը միշտ թաքցրել են քարանձավների խորքերում, մարգարիտները՝ ծովի հատակին։ Գլուխգործոցները խորքում են՝ սրտի ,հոգու ապրումների,
զգացումների ամենախորը հատակին։ Նրանք ծնվում են, երբ դու կարողանում ես քո ներքին աշխարհի ամենաբարդ փականները բացել, հասնել ամենախորը զգացումներին և կարողանալ այդ ամենը փոխանցել այլոց։ Շատ գլուխգործոցներ ծնվում են տառապանքից, ամենադժվար պահերից,
անսահման ցավից, որովհետեւ այդ ժամանակ է մարդը լինում ամենաանկեղծը, ամենաիրականը, ամենաճիշտը... երբ մնում է մենակ իր
սրտի ու հոգու հետ։ Այսօր մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք չափից դուրս մակերեսային ենք։ Ամեն ինչում ենք մակերեսային... ու ձևական։ Երևի դրա համար են պակասել գլուխգործոցները։ Ժամանակ ու հավես չունենք խորանալու,
փնտրելու, նվիրվելու...
- Ի՞նչն է մեզ անդադար հիշեցնում ժամանակի մասին։
-Հայելիները, հիշողությունները, մեր կողքին մեծացող երեխաներն ու պակասող մարդիկ...
Բոլորն ասում են՝ երբ ժամանակը գա, երբ ժամանակը հասնի, բայց այն գնում է, գնում է տեմպով ու աննկատ գնում է սարսափելի արագությամբ։
Պիտի սովորենք գնահատել այսօր- ն ու հիմա- ն։ Էլի մի մեջբերում անեմ գրքից. «Այն, ինչով հպարտանում էիր երեկ, վաղը կարող է այլևս չլինել,
ուստի գնահատիր ընկերներիդ, գնահատիր ունեցածդ, գնահատիր մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են քեզ, ում դու ես սիրում,
գնահատիր ամեն վայրկյանը, քանի դեռ նրանք կողքիդ են, որովհետև վաղը գուցե այլևս չլինեն... Իսկ ուշացած լինելու զգացումը,այն խնայել
չգիտի, կարոտը՝ նույնպես։ Իսկ չասված խոսքե՞րը,նրանք էլ գին չունեն, նրանք էլ ոչ ոքի պետք չեն... »:

- «Բռնի՛ ր ձեռքս, ես վախենում եմ» .ու՞մ եք հաճախ ասում այս խոսքերը:
-Ամենաշատն այն ուղղվում է Աստծուն։ Աստված է այն վեմն ու ամրությունը, որին միշտ կարող ես հենվել , հուսալ, լուծումներ գտնել ամենասարսափել վախերից ու անորոշությունից։
Այդ բառերը կարող են ուղղվել նաև ամենամտերիմ մարդկանց՝ ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ, ընդհանրապես դու հարուստ ես,
եթե կողքիդ ունես այնպիսի մարդիկ, ում կարող ես ասել՝ «Բռնիր ձեռքս, ես վախենում եմ »։ Եվ ինքդ էլ լինես այնպիսի մեկը, ում կարող են մարդիկ դիմել նույն խնդրանքով։

- Ի վերջո, ի՞նչն է «Խավարից այն կողմ»...
-Խավարից այն կողմ նոր հորիզոն է, նոր գեղեցկություն, նոր հնարավորություն։ Խավարից այն կողմ քո հաղթանակն է, քո պայքարների
արդյունքը,քո պարգևատրումը։ Դրա համար միշտ պետք է ձգտել հասնել այնտեղ։ Խավարից այն կողմ լույսն է։ Այն լույսը, որը կորցրել ենք խնդիրների ու դժվարությունների ճանապարհին, այն լույսը, որ սկսել է պակասել, այն լույսը, որ կորել է մեր տեսադաշտից։ Այն կա ու ինչպես նույն գրքում եմ գրել. «Ճաքճքած խավարը պատրաստ է ամեն վայրկյան դուրս սողոսկել անդունդից ու ընդդիմանալ լույսին։ Բայց մի բան հաստատ է. որքան էլ
տանուլ տանք խավարին, միեւնույնն է, վերջում հաղթելու է Լույսը» ։ Ես փնտրում եմ Լույսը ցանկացած խավարից այն կողմ ....

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը...
Դիտվել է 10003անգամ
Վերջին լուրեր