Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2024 : 15-29

Թատրոնում գերիշխում են ամենավառ և ամենաիրական հույզերը. Անահիտ Մսրյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Անահիտ Մսրյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը երազանքի դերի, դերասանուհու մասնագիտության, բեմական խոսքի , թատրոնի և գրականության մասին:
-Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանուհին:
-Ինձ համար դերասանուհին պետք է նախ օժտված լինի Աստծո կողմից տրված տաղանդով, աշխատասիրությամբ և բարձր ինտելեկտով:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում և ստեղծագործելու թևեր տալիս:
-Ինձ մոտիվացնում է ցանկացած դրական բան, որը կատարվում է շուրջս, ինձ մոտիվացնում է ցանկացած որակյալ արվեստի գործ`կլինի դա գեղանկարչություն, երաժշտություն, ֆիլմ թե գրական ստեղծագործություն:

-Մսրյան ազգանունը Ձեզ խանգարո՞ւմ է, թե՞ օգնում:
-Մսրյան ազգանունը ինձ պարտավորեցնում է` լինել լավը` ցանկացած մասնագիտական աշխատանք անելիս։
-Ո՞րն է արտիստի համար առաջնայինը՝ ճանաչված, թե՞ սիրված լինելը:

-Կոնստանտին Ռայկինը ասում էր. «Վերցրեք մի ճագար և ամեն օր ցուցադրեք հեռուստատեսությամբ, մեկ ամիս հետո նա կդառնա ամենահայտնի ճագարը»: Կարծում եմ՝ հայտնի լինելը արժանիք չէ, իհարկե ինձ համար կարևոր է սիրված լինելը, թեկուզ ավելի քիչ ճանաչված, բայց ժողովրդի կողմից` սիրված։


-Ինչի՞ց են «ծնվում » գլուխգործոցները:
-Գլուխգործոցները ծնվում են գործող գլուխներից ։ Դե իհարկե կատակ է, գլուխգործոցները ծնվում են տաղանդավոր մարդկանց մտքի և հոգու թռիչքից:
-Արդյոք ճակատագիրն է մարդու բոլոր քայլերի տնօրինողը:
-Իհարկե հավատում եմ ճակատագիր ասածին, բայց նաև կարծում եմ, որ ցանկացած մարդ կարող է փոխել իր կյանքի ուղին։

-Ի՞նչ դեր ունի դերասանի կյանքում բեմական խոսքը:
-Դերասանն իր մասնագիտության մեջ ունի մի շարք գործիքներ, որոնց պետք է լավ տիրապետի, այդ գործիքներից մեկն էլ հենց բեմական խոսքն է, որը շատ կարևոր է դերասանի համար, և շատ հպարտ եմ, որ իմ բեմական խոսքի վարպետը եղել է Լալա Մնացականյանը, ում շատ շնորհակալ եմ և ումից շատ բան եմ սովորել։

-Ո՞րն է Ձեր երազանքների դերը:
-Դասական շատ կերպարներ կան, որոնց շատ կուզեի մարմնավորել, բայց ցանկացած դեր ինձ համար հետաքրքիր է, կարևորը լավ ռեժիսորի և լավ խաղընկերների հետ աշխատելն է։

-Ո՞ր հույզերն են գերիշխում թատրոնում:
-Թատրոնում գերիշխում են ամենավառ և ամենաիրական հույզերը:

-Այսօր քաղաքականացվա՞ծ է գրականությունը:
-Գրականությունը միշտ է քաղաքականացված եղել, ցանկացած ստեղծագործության մեջ կարելի է փնտրել ու գտնել քաղաքական ենթատեքստ։ Ամբողջ խնդիրը մատուցման մեջ է։
-Ո՞րն է Ձեր հոգու գիրքը:
-Կարծում եմ ցանկացած հայի հոգու գիրքը Աստվածաշունչն է։

-Սերը պարտվու՞մ է կենցաղին:
-Սերը երբեք չի կարող պարտվող լինել, գանկացած պարագայում սերը միշտ հաղթող է, իսկ եթե պարտվում է, ուրեմն դա սեր չէ։

-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը:
-Ինչպես ասում էր իմ շատ սիրելի տիկին Մնացականյանը `մարդը պետք է ունենա նպատակներ և ամեն բան անի դրանց հասնելու համար, իսկ երազանքս մեկն է `ապրել խաղաղ երկրում։



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 6996անգամ
Վերջին լուրեր