Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2024 : 21-08

Պատերազմ և ծնունդ

Պատերազմի առաջին օրը Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում չորս աղջիկ և երկու տղա է ծնվել։«Ծննդօգնությունը չի ճանաչում ոչ գիշեր, որ ցերեկ, ոչ շաբաթ, ոչ կիրակի», — ասում է Նորայր Նվերի Ղուկասյանը՝ «Էրեբունի» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձը։2020 թ․ սեպտեմբերի 27-ին բժիշկ Ղուկասյանը Սևանա լճի ափին գտնվող հյուրատանը կոնֆերանսի էր, երբ իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Իմանալուց հետո անմիջապես հիվանդանոց վերադարձավ։Նա չէր կարծում, որ պատերազմը երկար կտևի։ Նրան թվում էր, թե այն նման է լինելու 2016 թ․-ի «ապրիլյան պատերազմին»։ Մի քանի օր, ոչ ավելին։«Այդ 44 օրվա ընթացքում ես գնահատեցի, կրկին գիտակցեցի, որ լավագույն մասնագիտությունն եմ ընտրել։ Հիվանդանոցի բոլոր սենյակներում միայն ցավ ու կորուստ էր, իսկ մեզ մոտ կյանքը շարունակվում էր, պատերազմի յուրաքանչյուր օրը նորածինների ճիչեր էինք լսում, որոնք նոր կյանք են սկսում», — ասում է բժիշկ Ղուկասյանը։Պատերազմից հետո աշխատանքը հոգեբանորեն ավելի ծանր է դարձել, ասում է նա։ Այժմ բժիշկը վարում է տասից ավելի կանանց հղիություն, որոնք պատերազմում կորցրել են որդիներին և հույս ունեն, որ, երեխա ունենալով, ինչ-որ չափով կթեթևացնեն կորուստը։«Մի կին կա, որն արդեն հղիության 30-րդ շաբաթվա մեջ է։ Ինձ վրա շատ է ազդել նրա պատմությունը։ Այն օրը, երբ իմացել է, որ հղի է, լուր է ստացել, որ հայտնաբերվել է որդու մարմինը», – պատմում է բժիշկը։«Մահվանը զուգահեռ կա կյանք», — ասում է բժիշկ Ղուկասյանը և ավարտում զրույցը, որովհետև նրան սպասում են ծննդաբերության բաժանմունքում։ Հեղինակ՝ Անի Մինասյան
Դիտվել է 1510անգամ
Վերջին լուրեր