Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2025 : 17-52

«Երբևէ ինչ-որ մեկը կպատկերացնի՞ իրեն այդ քայլը անելուց․․․երևի մարդ ավելի իմաստուն, մեծ սիրտ ու հոգատարություն պետք է ունենա նման բան անելու համար»․ Արամ Ավագյան

Ելակետ լրատվականի զրուցակիցն է երգահան, պրոդյուսեր Արամ Ավագյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց մանկության, ստեղծագործական գործընթացի, ԱՄՆ-ում բնակվելու և ստացած մրցանակների մասին:



-Ի՞նչն է մանկությունից միշտ ուղեկցում Ձեզ։

-Երաժշտությունն ու ֆուտբոլը,ինչը որ կապված է սպորտի ու երաժշտության հետ,չի եղել օր առանց դրանց:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը։

-Երբեք չեմ ոգեշնչվել բնությունից, Հայաստան գալուց կամ Վայք գնալուց, ավելի ոգեշնչվում եմ ինչ -որ հետաքրքիր ձայնից կամ երգչից, համերգ նայելուց, հարվածային գործիքների ռիթմերից:

-Ո՞ր երգն եք համարում Ձեր այցեքարտը։

-Եթե այցեքարտ ասելով հասկանում ենք այն երգը, որը ինձ ճանաչում բերեց,ապա դա երևի թե «Լուսին» երգն է, իսկ եթե այն երգը,որը ավելի ազդեցիկ ու ավելի լուրջ է,ուրեմն «Տուն իմ հայրենի» ու «Հայաստան աշխարհ» երգերն են:

-Ստեղծագործական գործընթացում ի՞նչն է Ձեզ ամենաշատը գերում։

-Երգ ստեղծելու պրոցեսը հետաքրքիր է իր ամբողջ ընթացքում,ես ավելի հաճույք եմ ստանում մինչև խոսքերի գրվելը,որովհետև ոչ միշտ եմ սիրում երգերի խոսքերը,երևի ավելի պատկերացումների տարբերություն կա,որը միշտ չի համընկնում խոսքերի հեղինակի հետ:Երգը հաջողություն է ունենում,երբ երգ գրողը, խոսքերի հեղինակը,միքս անողը ու երգիչը դառնում է մի ամբողջություն,եթե մտածելակերպը շատ է տարբեր,այդ ժամանակ կարող է փչանա նույնիսկ ամենասիրուն երաժշտությունը կամ խոսքերը:




-Ի՞նչ տվեց Ձեզ ԱՄՆ-ում բնակվելը և ինչ խլեց ձեզնից։

-Տեղափոխվեցի, որովհետև ուզում էի երգահան լինելս ավելի զարգացնեմ ու աշխատեմ նաև այլազգիների հետ, բացի այդ՝միշտ ունեցել եմ երազանք կինոյի համար երաժշտություն գրելու: Այդ ամենը կատարվեցին և ինչ-որ չափով կարող եմ ասել՝այդ տվեց ինձ Ամերիկան, իսկ ի՞նչ կորցրի՝ ընկերներիս, բարեկամներիս,ծննդավայրս ամեն օր տեսնելու ու շփվելու հնարավորությունը, բայց շուտ-շուտ գալիս եմ Հայաստան, ու երեխաներս են ավելի ստիպում, որ գնանք...


-Ստացած մրցանակները Ձեզ երբևէ պարտավորեցրե՞լ են։

-Ինձ համար ամենաթանկ մրցանակը ստացել եմ Արթուր Գրիգորյանից,երբ ինքը ստացավ «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակը և տվեց ինձ՝ասելով,որ ես դրան արժանի եմ: Երբևէ ինչ-որ մեկը կպատկերացնի՞ իրեն այդ քայլը անելուց: Ես ինքս չեմ պատկերացրել երբեք ինձ նման քայլ անելիս, երևի մարդ ավելի իմաստուն, մեծ սիրտ ու հոգատարություն պետք է ունենա նման բան անելու համար: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ կայացման մեջ՝ սկսած ծնողներիցս մինչև նրանք, ում դեռ չեմ հանդիպել:


-Ո՞ր արտիստի հետ եք հաճույքով համագործակցում։

-Շատերի հետ հեռախոսով է կապը եղել, շատերի հետ անձամբ եմ աշխատել, անուններ չեմ ուզում տալ, նրանք շատ տարբեր են, ամեն մեկը իր լավ ու վատ կողմերով, բայց կարևորը վերջաբանն է, որը պետք է լավ ու վատ կողմերով հանդերձ հաջողություն ունենա կամ չունենա, շատերը լսում և վստահում են, ոմանք էլ կարծում են, որ իրենք ամեն ինչ գիտեն:



-Ի՞նչն է այսօր Ձեզ ուրախացնում։

-Ուրախ եմ, որ հիմա սոցիալական ցանցերի շնորհիվ բոլորը հնարավորություն ունեն իրենց աշխատանքը ցույց տալ միլիոնավոր մարդկանց,իսկ առաջ դրա հնարավորությունը չկար:

-Իսկ ի՞նչ է տխրեցնում։

Տխրեցնում է այն փաստը,որ վերջերս ավելի ու ավելի եմ հանդիպում սրանից-նրանից վերցրած-գողացած- սեփականացրած երգեր ու ավելի եմ ցավում,երբ հասկանում եմ, որ հարևան երկրների երգեր են,հարց է առաջանում, մի՞թե մեր երգահանները այդքան տկար են, որ գնում եք ուրիշի երգած երգերն եք երգում,ինձ համար դա պատվի հարց է,որը շատ կարևոր է:

-Ժամանակին թողարկել եք «Շնորհակալություն» ձայնասկավառակը։ Այսօր ու՞մ եք շնորհակալ...

-Շնորհակալ եմ բոլորին,ով իմ կայացման մեջ իր դերն ունի՝ ուսուցիչներին, ինձ հավատացողներին ու չհավատացողներին, կամեցողներին ու չկամներին, սիրողներին ու չսիրողներին, ես ձեր բոլորի օգնելով ու խանգարելով եմ հասել նրան, ինչ-որ ունեմ ու դեռ պիտի ունենամ...
Շնորհակալ եմ...


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 1956անգամ
Վերջին լուրեր