Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2025 : 14-33

Անցյալը անցյալ է,պետք է ապրել այս օրով և կերտել ապագան․ Սյուզաննա Մելքոնյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը,որը մեզ հետ զրուցում կիսեց իր խոհերը հերթական մրցութային հաղթանակի, անցյալի սխալների, հիասթափությունների և չիրականացած երազանքի մասին:
-Ե՞րբ սկսվեց ձեր և «Newmag»-ի համագործակցությունը:
-Իմ և «Newmag»-ի համագործակցությունը սկսվեց 2022 թվականի տարեսկզբին,երբ ես Ռուսաստանի Դաշնությունում էի «Ну-ка, все вместе»-ի հերթական եթերաշրջանի նկարահանումներին արդեն որպես փորձագետ, և ինձ հետ օնլայն կապ հաստատեցին,պատմեցին նախագծի մասին, և երբ ես վերադարձա Հայաստան, հանդիպեցի հիմնադիր Արտակ Ալեքսանյանի ու իր թիմի հետ, ինձ ներկայացրին, թե որ երգի շրջանակներում են ինձ պատկերացնում ու այդտեղից շատ հետաքրքիր ու հաճելի համագործակցություն սկսվեց,որի շրջանակներում այսօր ես ունեմ Ազնավուրի վերամշակված «Mourir d'aimer» երգի հայերեն տարբերակը՝ «Մեռնել սիրելով»,որը շատ-շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և այն կատարում եմ մինչ օրս:

-«Newmag»-ի հրատարակած գրքերից ո՞ր գրքերն եք վերընթերցել:
-Ընդհանրապես շատ սիրում եմ «Newmag»-ի հրատարակած գրքերը ոչ թե որ համագործակցել եմ իրենց հետ,այլ իսկապես շատ ճաշակով է, ասելիք ունեցող ,ի դեպ,մինչև «Newmag»-ի հետ համագործակցությունը արդեն համարվում էի
« Newmag»-ի ընթերցող: Ընթերցել եմ ավելի շատ ազնավուրյան գրքերը, բայց անցած տարի ընթերցեցի նաև իմ ավագ ընկերոջ՝ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը:

-Ձեր հերթական հաղթանակը «Voice of Turan» մրցույթն էր: Ինչո՞վ առանձնացավ ձեզ համար այս հաղթանակը:

-Իմ հերթական մրցույթներից մեկը Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում ՝ «Vois of Turan» միջազգային մրցույթն էր, որը անասելի պատասխանատվություն էր ինձ համար, քանի որ մրցում էի թշնամի պետության ներկայացուցիչների հետ և ինձ համար եռակի սկզբունքային էր լինել հաղթողը, հատկապես որ 2023թվականին Ադրբեջանի ներկայացուցիցչն էր հաղթող եղել: Ինձ համար շատ-շատ սկզբունքային էր ու պիտի նշեմ, որ երբևէ այս մրցույթում անցկացրած օրերը չեմ մոռանա, քանի որ շատ -շատ վատառողջ էի, ու իմ վիճակը ավելի վատթարացավ այնտեղ:Շատ հաճախ ստիպված ես լինում հավատարիմ մնալ քո աշխատանքին և այստեղ նժարին շատ կարևոր բան էր դրված:Ինձ համար այն կարծես կյանքի դպրոց լիներ և այս մրցույթից ես հասկացա, որ ինչ էլ լինի, առողջությունը պետք է լինի առաջին տեղում և հաջորդիվ,եթե ես լինեմ նման իրավիճակում, որտեղ կլինի մրցույթը թե առողջությունը, ես միանշանակ ընտրեմ առողջությունը:

-Ի՞նչ են Ձեզ տալիս մրցութային հաղթանակները:
-Առհասարակ 16 տարեկանից սկսած ես մրցութային հարթակներում եմ, անկախ նրանից ինչպես է ձևավորվում իմ կարերիան,կարծում եմ, ես հիմա իմ կարիերայի շատ ծաղկուն փուլում եմ գտնվում, բայց ինձանից անպակաս են եղել մրցույթները,ես մի տեսակ առանց դրանց ինձ չեմ պատկերացնում,բառիս բուն իմաստով ամեն ինչ՝ և՛ կյանքի դպրոց,և՛ մասնագիտական դպրոց,և՛ նոր կապեր,նոր ծանոթություններ,և՛ բեմական շատ մեծ փորձ՝մրցութային և ոչ մրցութային:Ու շատ շնորհակալ եմ այն հանդիսատեսին, որը տարիներ շարունակ անաչառ ձևով հետևում է ինձ, ծափահարում է ինձ,և շնորհակալ է այն հաղթանակների համար,որոնք ես ունեցել և բերել եմ Հայաստան:
-Ի՞նչն է ձեզ ամենաշատը գերում երգչուհու մասնագիտության մեջ:
-Իրականում երգչուհու կյանքում, լինել ընդհանրապես երգչուհի, նշանակում է հանդիպել շատ գեղեցիկ իրադարձությունների և կապ ունենալ գեղեցիկի հետ, և այս ամենի արդյունքում ես պաշտում եմ այն պահը,երբ ես մեծ բեմում եմ,մեծ նվագախմբով և շատ ուղիղ ու սերտ կապի մեջ եմ մեծ լսարանի հետ և վայելում եմ իրենց շատ բարձր ծափերը:Ես ուղղակի խելագարվում եմ այդ տեսարանի համար:

-Իսկ ի՞նչն է հիասթափեցնում:
-Այս ամենի ֆոնին ինձ հիասթափեցնում են դիլետանտները,մարդիկ, ովքեր կարող են չհարգել բեմը և երաժշտությունը:Ես գարշում և հիասթափվում եմ նման տեսարաններից:

-Կգա՞ մի ժամանակ,երբ այլևս չեք երգի:
-Երբևէ չեմ մտածել,որ կգա մի ժամանակ,որ այլևս չեմ երգի,որովհետև չեմ ուզում հնչի որպես պաթոս:Երաժշտությունը,երգարվեստը իմ աշխարհն է,իմ մոլորակն է,որով ես սնվում եմ,և եթե ես մի օր չսնվեմ,ես ուղղակի կմահանամ:Սրանք ուղղակի խոսքեր չեն,սա պաթոս չէ,սա իրականություն է:

-Անցյալի սխալներին հաճա՞խ եք անդրադառնում:
-Կար մի ժամանակ, երբ անցյալին շատ էի ուշադրություն դարձնում, ավելի վաղ տարիքում անընդհատ վերցնում,վերլուծում,ծանրութեթև էի անում, բայց հիմա շատ չեմ անդրադառնում անցյալին,անցյալը անցյալ է,պետք է ապրել այս օրով և կերտել ապագան և վաղվա օրվա համար աշխատել ու աշխատել ամեն օր, և ես հիմնականում սովորել եմ ինքս իմ սխալների վրա:
-Ըստ ձեզ՝ երգի մեջ խոսքերն են ավելի ազդու, թե՞ երաժշտությունը:
-Երգի մեջ շատ փոխկապակցված են թե՛ երաժշտությունը նոտաների տեսքով, և թե՛ խոսքերը,և ամենակարևորը, դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է բխի հոգուց, սրտի խորքից և ապրված լինի, որպեսզի կատարողը ինքն էլ կարողանա զգալ և այդ ամենը շատ գեղեցիկ փնջով մատուցի հանդիսատեսին: Այդ ամենը ինձ համար և՛որպես հանդիսատես, և՛որպես կատարող, և՛ որպես երգչուհի՝ բեմի մարդ, երկուսն էլ հավասարազոր կարևոր են:

-Հավատու՞մ եք անսպասելի պատահականություններին:
-Ընդհանրապես ես պատահականություններին չեմ հավատում, այն, ինչը որ մեզ հանդիպում է կամ մեզ հետ տեղի է ունենում,դա պատահականություն չէ: Ոչինչ պատահական չէ:

-Ո՞րն է ձեր՝ դեռևս չիրականացած երազանքը:
-Կարծում եմ, երբ այդ ցանկությունը ի կատար ածվի, կիմանան բոլորը և իրականանալուց հետո նոր ես անպայման այդ թեմայով կկիսվեմ և կզրուցեմ ձեզ հետ:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 3837անգամ
Վերջին լուրեր