Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2025 : 16-41

Նողկալի է հաշվենկատությունը հարաբերություններում. Հուսիկ Արա

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է բանաստեղծ Հուսիկ Արան, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը գրողի առաքելության,գրականության դերի,ընթերցանության և սիրո մասին:

-Գրող լինելը առաքելություն է, թե՞ ընտրություն:
-Երկու երևույթն էլ կա գրականության մեջ: Շատերն են ընտրում գրողի ճանապարհը և այնպես չէ, որ անտաղանդ են: Բայց ժամանակը միշտ ընտրում է իր գրողներին, որպեսզի այդ նույն ժամանակը գեղարվեստորեն վավերացնեն թղթին. հակառակ դեպքում անհասցե թափառելու է տիեզերքում և տեղ չի գտնելու ժամանակային պարբերականության մեջ: Դրանք ճակատագրով գրողներն են:

Գիտեմ, հիմա հարցնելու եք, իսկ իմ դեպքո՞ւմ: Ես մեր ապրած պատմական ժամանակի անմիջական արձագանքողն եմ սկսած 1988-ից` բանաստեղծություններով, պոեմներով, էսսեներով ու ակնարկներով, նաև հարցազրույցներով: Ցավոք ,այդպիսի գործերը քիչ են ընթերցվում: Եվ դեռ ամփոփելու, ամբողջացնելու եմ իմ ապրած ժամանակը. սա զգում եմ որպես առաքելություն: Անկախ այն հանգամանքից, լավն եմ թե վատը, շնորհով եմ թե անշնորհ, սակայն թույլ տվեք ասել` ես ինձ ճակատագրով գրող եմ համարում:
-Ժամանակակից աշխարհում ո՞րն է գրականության դերը:
-Գրականությունը երբեք և որևէ ժամանակում դերակատարում չի ունեցել` ազդելով կյանքի դեպքերի և իրադարձությունների վրա կամ բեկելով ժամանակը: Չհաշված, որ Ներոնը Հռոմն այրեց, որպեսզի ներշնչվի և գրի Հոմերոսի պես: Կամ Շեքսպիրը սիրուց հուսահատ և կարեկցանք սպասող ընկերոջն ավելի էր մորմոքում, որպեսզի նրա ծանր ապրումները շոշափելիորեն զգալով նկարագրեր իր պիեսներում:
Ասածիս վկան է այսօրվա արնախում և դժոխային աշխարհը: Միայն Հին հունական մշակույթը բավական էր, որ աշխարհը դրախտային դառնար: Իսկ մենք հիմարաբար կրկնում ենք, եթե աշխարհը Շեքսպիր կարդար, պատերազմներ չէին լինի: Աշխարհը Շեքսպիր է կարդում և պատերազմներ են լինում:

Գրականությունն անհատների զբաղմունքն է և ազդում է բացառապես անհատների հոգեկերտվածքի վրա: Դրանք աշխարհից ու իրականությունից կտրված կամ կտրվել փորձող փոքրաթիվ մարդիկ են, որ կարդում են բանաստեղծություն, ընկնում լուսավոր կամ մթնշաղային ապրումների մեջ և գարեջուր խմում: Եթե այդ երևույթը կփրկի աշխարհը, ես դեմ չեմ, թող փրկի: Այդուհանդերձ նրանք մեր կյանքի աղն են, առանց նրանց անհամ կլինեինք: Ճիշտ այնպես` ինչպես Դոն Կիխոտ. ցանկալի, բայց ծիծաղելի: Նրանց սիրում են հեռվից և ոչ ոք չի ուզում մոտիկ ունենալ, որովհետև շահեկան չեն:
Որպես անհուսության մի վերջին հարված` ասեմ, որ աշխարհի չարագործների զգալի մասը եղել և կան գրականություն և մշակույթ իմացող մարդիկ:
-Լավ գրելու համար պարտադի՞ր է մոլի ընթերցասեր լինելը:
-Մոլի` չգիտեմ, բայց մարդ լինելու համար պարտադիր է ընթերցասեր լինելը, էլ ու մնաց թե գրող լինելու համար պատադիր չլինի: Ամեն գիրք մի աշխարհ է, մի ժամանակ: Ժամանակներն անցնում են, իսկ գրքերը մնում են և թույլ չեն տալիս որպեսզի ժամանակն անհետանա: Գրողը պարտավոր է շումերական կավե սալիկներից սկասած մինչև մեր օրերի համաշխարհային գրականության նմուշներին ծանոթ լինել, իմանալ, որպեսզի հասկանա ինչ է գրում և ինչպես է գրում: Որևէ ժամանակում անիմացը լուրջ գրականություն չի ստեղծել:

Հակառակ դեպքում կնմանվի այն ղազախ օժտված պատանուն, որն իր հեռավոր աուլում հանկարծ հեծանիվ է ստեղծում աշխարհից անտեղյակ: Իսկ աուլի ծեր իմաստունները խորհուրդ են տալիս, որ տանի մայրաքաղաք և կառավարությանը ցույց տա: Լսել էին, որ կա մայրաքաղաք և կառավարություն: Պատանին իր գյուտը շալակած ոտքով գալիս է և տեսնում, որ մայրաքաղաքում ոչ միայն հեծանիվ, այլև ավտոնեքենա են քշում, և վշտից ինքնասպան է լինում:
-Ո՞րն է «Երբ սիրում եմ քեզ » ժողովածուի ուղերձը:
-Գրքի շապիկին մանր տառերով գրված է նաև. «Ես սեր եմ համակ, բովանդակ. և չկա ո՛չ ես, ո՛չ դու իմ մեջ»: Համակ, բովանդակ սեր լինելն է ուղերձը, տարածական սերը` անես և անդու: Սեր նրա նկատմամբ, ով ամենակարևորն է քեզ համար, ում սիրում ես ուղղակի: Բայց կարողանաս այնպես սիրել, որ վերանաս քո եսից: Բացարձակ սեր և անքննելի, եթե վիճարկեցիր, ուրեմն սեր չէ: « Միայն քո սերը կարող է ասել»
բանաստեղծությունը մոտավոր այդպիսին է:

Գրքում կան նաև սաղմոսներ, Աստվածամորը, Երևանին, գարնանը նվիրված շարքեր և այլ բանաստեղծություններ: Սեր` այդ ամենի և բոլորի նկատմամբ: Սեր` ուղղված մարդուն, Աստծուն, քաղաքին, բնությանը և առհասարակ աշխարհին:
Իսկ հայրենիքի և պատերազմի թեմայով վերջին տարիներին գրված բանաստեղծությունները, որ պետք է լինեին այդ գրքում, նախապես տեղ գտան «Կորած սերունդ » գրքում: Այդ գործերում նույնպես կա սեր և ցավ սոսկալի կորստի նկատմամբ:

-Ձեզ համար սերը ունի՞ ժամանակ, սկսվում ու ավարտվում է, թե պարզապես փոխակերպվում է:
-Ես մաքսիմալիստ եմ և ունեմ այդ հատկությանը բնորոշ թուլություն. սիրահարվում, սիրում եմ ամբողջական, անմնացորդ, ցպահանջ: Այո՛, անպահանջ. և էականն իմ սիրելն է: Իսկ թե ի՞նչ կլինի հետո, ինչպիսի՞ ընթացք կունենա այդ սերը, կամ հնարավո՞ր սեր է, թե՞ անհնարին, միևնույն հաշիվն է ինձ համար և անհետաքրքիր: Աշխարհը այդ սերն է, սկիզբն ու վերջը:

Իմ պարագայում գրեթե միշտ եղել է` Աստծունը Աստծուն, այսինքն` սեր, իսկ հետևանքը` բանաստեղծություն: Հենց այդտեղ է և դրանով է պայմանավորված իմ սիրային բանաստեղծությունների հաջողությունը: Հետևաբար, գրեթե իմը չեղավ` կայսերը կայսեր, նյութականը:
Սերը միշտ կա, չի սկսվում և չի ավարտվում, կամ մի օր սկսվել է այն և չի ավարտվել, որովհետև ինքն ինձ հետ է ծնվել. այդպես է ինձ թվում: Պարզապես երբեմն-երբեմն բռնկվում է: Իսկ թե այդ հոգեվիճակը համարվում է փոխակերպում, ուրեմն թող այդպես համարվի, չեմ վիճում:
-Ձեր գրականությունը, ի՞նչ գույն, ի՞նչ բույր և ի՞նչ ձայն ունի:
-Սիրո գույն ունի, կարեկցանքի բույր և աղոթքի ձայն: Անհաշտ աղոթք է: Սեր և պատերազմ` միասին են: Ուզում եմ հասնել խաղաղ աղոթքի, խաղաղ սիրո և խղճի խաղաղության, որ լույս լինի ամբողջովին:
-Ո՞րն է սիրո ամենաանտեսանելի, բայց ամենաուժեղ դրսևորման ձևը:
-Երբ ուզում ես, որ ամբողջովին երջանիկ լինի նա, ում սիրում ես, անկախ այն հանգամանքից` քեզ հետ կլինի ինքը, թե առանց քեզ: Այդպես սիրես մարդուն և աշխարհը: Աստծուն տեսնես քո մեջ և Աստծու մեջ գտնես քեզ: Ես այդ ամենին դեռ չեմ հասել:

-Օգտգործո՞ւմ եք մեդիայի հնարավորությունները ընթերցանությունը պրոպագանդելու համար:
-Ճարպիկ չեմ և չափազանց անհետևողական եմ ու իմիջիայլոց, որպեսզի կարողանամ որևէ բան օգտագործել հօգուտ կամ ի շահ ինձ: Չէ՛, էդ իմ բանը չի: Միայն իմ ֆեյսբուքյան էջում եմ երբեմն բանաստեղծություն, էսսե կամ հարցազրույց դնում: Այդքանը և վերջ:

-Ի՞նչ են տղամարդիկ փնտրում հարաբերություններում:
-Ուրիշների փոխարեն չասեմ, որպեսզի անարդար չլինեմ: Իսկ ես փնտրում եմ սեր, կատարյալ սեր, անկեղծություն, ազնվություն, անշահախնդրություն: Նողկալի է հաշվենկատությունը հարաբերություններում:

-Ի՞նչն է կուրացնում գրողին:
-Ներքին դատարկությունը, որ դառնում է սահմանափակում, ինքնահիացմունք, հանճարի աղտանիշ, սնամեջ էություն, մարտնչող փառամոլություն:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 421անգամ
Վերջին լուրեր