Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2025 : 18-22

Ինչու՞ չենք խնայում ճամփորդությունների, այլ միայն սև օրվա համար․ Անուշ Զոհրաբյանի հյուրն է Արման Տոնիկյանը

Անուշ Զոհրաբյանի հեղինակային «Հազարան բլբուլ» հաղորդաշարի հյուրն էր Տնտեսագիտության թեկնածու, դասախոս, Հայէկոնոմբանկի մարքեթինգային բաժնի պետ Արման Տոնիկյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ֆինանսական մշակույթի առանձնահատկություններին, ազգային արժույթի նկատմամբ վերաբերմունքին և բանկային համակարգի կայունությանը։

«Այսինքն եվրոպացին շատ վաղ հասակից, և դա իհարկե իրենց պետական, հանրային կառավարումից է կախված, խնայում է գումար և պլանավորում, որ կենսաթոշակային տարիքից սկսելու է ճամփորդել։ Մենք միջին տարիքից, երբ արդեն սկսում ենք կայուն եկամուտ ստանալ, գումար խնայում ենք, ցավոք սրտի սև օրվա համար, չնախատեսված ինչ-որ արտակարգ իրավիճակում պատրաստված լինելու համար»,– ասաց Արման Տոնիկյանը։

Տոնիկյանը կարևորեց նաև ազգային արժույթի նկատմամբ վերաբերմունքը․ «Մենք պետք է սկսենք հարգել մեր ազգային արժույթը։ Օրինակ՝ ամերիկյան մեկ դոլարանոցը ավելի մեծ էմոցիոնալ ազդեցություն է ունենում։ Միգուցե սնահավատության հետ է կապված, բայց մենք մեր ազգային արժույթի նկատմամբ շատ մեծ սեր չենք դրսևորում, ցավոք»։

Խոսելով բանկային համակարգի մասին՝ նա ընդգծեց․ «Ժամանակները փոխվել են, այսօր իսկապես Հայաստանի բանկային համակարգը ֆինանսապես կայուն է, անվտանգ է։ Այսօր մենք ունենք ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, և անկախ նրանից, թե որ բանկում եք խնայում ձեր գումարը, կարող եք ձեզ ապահով զգալ, քանի որ ձեր միջոցները երաշխավորված են»։

Տոնիկյանը շեշտեց նաև ֆինանսական կրթության կարևորը․ «Շատ երկրների մանկապարտեզներում մարդիկ մշակում են ֆինանսական խաղեր, որտեղ երեխան կարող է, օրինակ, զարգացնել պլանավորման իր հմտությունները, կարող է զարգացնել դասակարգելու հմտությունները։ Հայաստանում գործնականում կարելի է նկատել, որ մեր հասարակությունը այդքան էլ ֆինանսապես իրազեկ ու գրագետ չէ»։

Հաղորդման ընթացքում հնչած մտքերը ընդգծում են, որ Հայաստանի հասարակության ֆինանսական մշակույթը դեռևս ձևավորման փուլում է։ Եթե եվրոպացիները վաղ հասակից սովորում են պլանավորել և ներդրումներ անել ապագայի համար, ապա հայաստանցիների մոտ խնայողությունների մշակույթը դեռևս հիմնականում պայմանավորված է անորոշություններով և սև օրվա մասին մտածելով։ Արման Տոնիկյանի դիտարկումները հիշեցնում են, որ ազգային արժույթի նկատմամբ վստահությունը և ֆինանսական կրթության զարգացումը կարող են դառնալ այն կարևոր քայլերը, որոնք կօգնեն ավելի կայուն հասարակություն ունենալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 1249անգամ
Վերջին լուրեր