Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2025 : 15-17

Արհեստական բանականությունը գրքին փոխարինել չի կարող. Արտակ Ալեքսանյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը գրքի, ժամանակակից գրողի առաքելության, ժանրային առանձնահատկությունների և բեսթսելլերների մասին:

Ի՞նչ դեր ունի գիրքը Ձեր կյանքում։

-Ամենակարևոր դերը։Գիրքը, կարելի է ասել, լրագրությունից հետո դարձել է իմ կյանքի գործը։ Ընթերցանությունը միշտ է եղել իմ գլխավոր հետաքրքրությունը, ժամանցի ամենահետաքրքիր միջոցը։ Ու տարիների ընթացքում այն դարձավ ոչ միայն ժամանց, ինքնակրթվելու, ինքդ քեզ ճանաչելու միջոց, այլև գործ՝ «կյանքի գործ»։ Գիրքը մարդու եսի հետ ասոցացվող ամենաօրգանական երևույթներից է, ու շատ էի ուզում, որ այն այդպես լինի մեր ամբողջ հասարակության համար, դա է պատճառը, որ գիրք հրատարակելը, գրքի շնորհանդեսը, գրքի փառատոնը դարձրեցինք կարևոր իրադարձություն, տոն՝ գեղեցիկ ու գրավիչ։ Հիմա մեր փառատոների ժամանակ սովորական երևույթ է, որ գրքի տաղավարում հերթեր են, հենց դրան էի ձգտում ։ Քանի որ ինքս, միակ հերթը, որ պատրաստ եմ կանգնել, լավ գրքի համար է։

-Ո՞րն է ժամանակակից գրողի առաքելությունը։

-Ժամանակակից գրողի պատմությունը պետք է լինի մեր մասին։Այն բոլոր հույզերը, ապրումները, իրադարձությունները, որոնք զգում ենք, տեսնում ենք, որը մեզ ցավ է պատճառում, հուզում է, զարմացնում կամ բարկացնում է, պետք է տեսնենք նրա ստեղծագործություններում։Չէ՞ որ գիրքը կարդում ենք, որ տեսնենք մեր հոգեվիճակի, կյանքի արտացոլումը։ Ընթերցողն ուզում է տեսնել, որ մենակ չէ ու այն, ինչ վերաբերում է իրեն, տեսնում ու զգում է նաև պատմության հերոսը։ Ընթերցողն ուզում է ստանալ իր հարցերի պատասխանները, ինչպես ապրել, ինչպես վերաբերել երևույթներին, ինչ անուն տալ այն ամենին, ինչ կատարվում է մեզ հետ, մեր հոգում, քաղաքականության ու սոցիալական կյանքում։Մենք պատասխաններ ենք փնտրւմ, ու դրանք սովորաբար գտնում ենք գրքերում։Գրքաթերապիան նոր երևույթ չէ, բայց հիմա ավելի ու ավելի շատ են խոսում դրա մասին։ Գեղարվեստական, մոտիվացիոն, գիտական գրքերը պետք է փոխարինեն հոգեբանի մոտ այցելությանը։Բայց ամենակարևորն ու գլխավորը, գիրքը, պատմությունը պետք է լինեն հետաքրքիր, գրավիչ։
-Ի՞նչն է Ձեզ մղել սկսել կարիերան գրահրատարակչական ոլորտում։

-Դա փորձ էր կամ գուցե փորձարարություն։ 2018 թվականին ամբողջ աշխարհն արդեն կարդացել էր կամ կարդում էր Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» («The Subtle Art of Not Giving a Fuck »)։Այն համաշխարհային բեսթսելլեր էր, ու ես որոշեցի էքսպերիմենտ անել։ Ընկերներիս`Արմքոմեդիի Նարեկ Մարգարյանին ու Սերգեյ Սարգսյանին առաջարկեցի թարգմանել գիրքը։ Ինչո՞ւ դա չառաջարկեցի պրոֆեսիոնալ թարգմանիչների. նախ, որովհետև, սա փորձ էր։ Հետո, թարգմանական ոլորտին դեռ ծանոթ չէի ու վստահ չէի, որ թարգմանիչները կկարողանան ոչ միայն թարգմանել այդ գիրքը, այլև ադապտացնել հեղինակի հումորը, ամերիկյան հասարակության համար ծանոթ, բայց մեզ համար անսովոր արտահայտությունները, բառերը, երևույթները։ Պարզվեց՝ հայ ընթերցողն անհամբեր սպասում էր նման գրականության։ Գիրքը միանգամից դարձավ բեսթսելլեր։ Ու նույնիսկ այսօր, երբ Newmag-ը հրատարակել է 200-ից ավելի գիրք, «Թքած ունենալու նուրբ արվեստը» շարունակում է վերահրատարակվել ու լինել հայկական գրական շուկայի ամենավաճառված գրքերից մեկը։
-Ինչո՞ւ Newmag...

-Որովհետ և ամեն ինչ սկսվեց Newmag ամսագրից, որը հրատարակում էր մեր թիմը։ Ժամանակի ընթացքում ամսագրային բիզնեսն անկում ապրեց, որոշեցի ամսագրի խմբագրակազմի հիման վրա ստեղծել հրատարակչություն, քանի որ ամսագրի ու հրատարակչության գոնե խմբագրական թիմը նույնն է։ Ինձ դուր է գալիս նաև անունը՝ Newmag… այն հիմա իսկապես ասոցացվում է գրքի, ընթերցանության, ոճի հետ։

-Ինչպե՞ս եք ընտրում՝ ո՞ր գրքերն արժե հրատարակել, իսկ որոնք՝ոչ։

-Այս հարցը շատ եմ սիրում ու շատ հաճախ եմ պատասխանում։Մենք թարգմանում, հրատարակում ենք գրքեր, որոնք ես, Newmag-ի թիմը կարդացել է, կարդում է, կամ հաստատ կկարդայինք, եթե տեսնեինք գրախանութում։ Երբեմն դրանք դասական համաշխարհային ստեղծագործություններ են, որոնք, որքան էլ տարօրինակ է, երբեք հայերեն չեն թարգմանվել, օրինակ, «Քամուց քշվածները», «Էլեկտրոնիկի արկածները» կամ «Արքայի ամբողջ թիկնազորը», որ հրատարակվել էր մի անգամ ու վաղուց։ Այդպես շարունակ, ցանկը երկար է։ Հրատարակում ենք նաև արվեստին վերաբերող գրքեր, որոնք մասսայական չեն, բայց շատ կարևոր են, օրինակ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախության պարգևած ճարտարապետը» կամ Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին»։ Հրատարակում ենք նաև եվրոպական ժամանակակից գրականություն։ Չենք մոռանում նաև կարևոր հոբելյանները կամ տարեթվերը. Միսաք Մանուշյանի մասին բացառիկ հուշագրություն ենք հրատարակել։ Մի խոսքով, հրատարկում ենք ֆիքշն ու նոնֆիքշն համաշխարհային բեսթսելլերներ, հայհեղինակների, որոնք ստեղծում են լավ գրականություն, անում են լավ հետազոտական, պատմաքաղաքական ուսումնասիրություններ ու հետազոտություններ։
-Ո՞ր ժանրի գրքերին են առավել շատ նախապատվություն տալիս ընթերցողները։

-Կարծում եմ, առաջին տեղում միշտ եղել են ու կլինեն դետեկտիվները։ Մեր ամենաշատ վաճառված գրքերի մեծ մասը հենց այդ ժանրում են` Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» եռագրությունը, Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», Մայքլիդիսի բոլոր գրքերը, որոնցից վերջինը` «Ցասումը», Newmag-ը հրատարակեց ամբողջ աշխարհի հետ նույն օրը։ Ու ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այն դարձավ բեսթսելլեր։ Բայց հայ ընթերցողները, ինչպես աշխարհի բոլոր ընթերցոցները շատ են սիրում կարդալ նաև մոտիվացիոն, անձնական աճի, հոգեբանական գրքեր։ Ինձ հատկապես հաճելի է, որ ամենավաճառված գրթերի ցանկում են նաև քաղաքական ու քաղաքագիտական գրքերը։ Մինասյան մատենաշարով հրատարակել ենք քաղաքագիտական մի քանի գրքեր, որոնք պատմում ենՀայաստանի տարբեր փուլերի քաղաքական իրավիճակի, պատմական շրջանի ու ընդունված որոշումների մասին։ Դրանք այն գրքերն են, որոնց մասին, սովորաբար, պատմաբաններն ու քաղաքագետներն ասումեն, որ պետք է դասեր քաղել։ Այդ գրքերից են «Օպերացիազոդը», «Խաղաղության հայկական գինը» և այլն։
-Ո՞ր գիրքն է խորապես հուզել Ձեզ։
-Մոտավորապես տասը տարի առաջ ես կարդացի Ջոնաթան Ֆրանզենի վեպերը։ Ֆրանզենն ամերիկյան ժամանակակից գրող է, որն արդեն համարվում էդասական։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ հայ ընթերցողները գրեթե ծանոթ չեն նրա ստեղծագործություններին։ Ֆրանզենը հայերեն չի թարգմանվել։ Որոշեցի, որ Ֆրանզենը պետք է անպայման թարգամանել ու շուտով Newmag-ը կհարատարկի մեծ գրողի վերջին վեպը`«Խաչմերուկները»։


-Շատերը բացասական վերաբերմունք ունեն բեսթսելլերների նկատմամբ։ Ինչո՞վ կհիմնավորեք այս տեսակետը։
-Կարծում եմ, այդպես կարծում են միայն նրանք, որոնք կարդում են հիմնականում փոփքորնային գրականություն։ Գրքեր, որոնք դառնում են բեսթսելլեր, բայց չունեն գրական արժեք։Բայց լավ, ճաշակով ընթերցողը գիտի, որ բեսթսելլեր դառնում է նաև լավ, որակյալ գրականությունը։ Բեսթսելլեր կարող են լինել նաև մեկ անգամյա ընթերցանության գրքերը, և լավ գրականությունը։ Աշխարհում ամենաընթերցված, ամենաշատվաճառված գիրքն Աստվածաշունչն է։ Այն դասական օրինակով բեսթսելլերէ։ Բեսթսելլեր են նաև համաշխարհային դասականները` Դոստոևսկին, Պուշկինը, Հյուգոն, Դյուման։ Սերիալները նույնպես լինում են մեկանգամյա` այսպես ասած, պղպջակային ու նաև կինոմատոգրաֆիական աշխարհում մեծ հետք թողած ու դասական դարձած։ Հարցն այն է, թե ընթերցողը, ինչ բեսթսելլերներ է ընտրում, կարդում, ինչ ճաշակ ունի։
-Հնարավո՞ր է գա մի օր, երբ արհեստական բանականությունը լիովին կփոխարինի գրքին։

-ԱԲ-ն արդեն փոխել է բոլոր ոլորտները, այդ թվում` գրականությունն ու գրական աշխարհը։ Արհեստական բանականությունը գրում է գրքեր, թարգմանություններ է անում, ստեղծում է կինոսցենարներ ու գրում նույնիսկ դասական երաժշտության գլուխգործոցներ։ Գուցե գիրք գրելու պրոցեսի վրա է ազդում, բայց գրքին արհեստական բանականությունը փոխարինել չի կարող։ Գիրքը միայն ինֆորմացիայի աղբյուր չէ, այն մարդկային ապրումների, հոգեվիճակի,փորձի հիման վրա գրված ստեղծագործություն է։ Որքան էլ այսօր ԱԲ-ն արդեն ինքնուրույն մտածող, վերլուծող «էակ» է, դեռ մարդուն փոխարինել չի կարող։

-Ի՞նչ սպասենք Newmag-ից 2025 թվականին։
-Նոր ու լավ գրքեր։ Ամեն սեզոնին մեկ փառատոն, որտեղ կներկայացնենք միանգամից մի քանի գրքեր, համերգային ու մշակութային կարևոր միջոցառումներ։ Շարունակելու ենք մեր բացառիկ ու շատ կարևոր նախագիծը` «Աջակցություն համայնքային գրադարաններին» ծրագիրը։Այս տարի Newmag- ն ունի միջազգային հյուրեր, հեղինակներ, որոնք կմասնակցեն իրենց գրքերի հայերեն հրատարակության շնորհանդեսներին, պանելային քննարկումների։ Նորություն ունենք նաև Newmag-ի հավատարիմ ընթերցողների համար։ Այդ մասին հրատարակչությունն դեռ կպատմի, միայն ասեմ, որ նորությունը վերաբերում է մեր բրենդին, կներկայանանք ևս մեկ նորությամբ ու նիշային պրոդուկտով։

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 4450անգամ
Վերջին լուրեր