Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունվար / 2026 : 18-59

«Թող Սփյուռքն ու Հայրենիքը շարունակեն ապրել որպես մեկ ամբողջություն՝ տարբեր աշխարհագրություններով, բայց մեկ նպատակով»․ Հայկ Մարկոսյան

«Մեդիա ասոցիացիայի» և «Հայկական տեղեկատվական կենտրոնի» հիմնադիր Հայկ Մարկոսյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,
Այս պահին, երբ մենք կանգնած ենք տարեվերջի ու տարեմուտի խաչմերուկում, ակամա կարիք է առաջանում վերանայելու արդեն հին տարում անցած և նախանշել գալիք տարում անցնելիք ճանապարհները։ Ինչ հասցրեցինք անել, որքան և ում համար: Տարին ավարտվում է, բայց չի ավարտվում մեր հիշողությունը, մեր պատասխանատվությունը և մեր կապը հայրենիքի հետ։
Հայրենիքից հեռու ապրող հայի համար Ամանորի այս վայրկյանները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունենում։ Երբ աշխարհի տարբեր քաղաքներում լույսերը վառվում են, մեր միտքն ու սիրտը միևնույն կետում են՝ Հայաստանում։ Որովհետև, անկախ այն հագամանքից, թե որտեղ ենք մենք ծնվել, մեր հայրենիքը Հայաստանն է և մենք պարտավոր ենք նեցուկ լինել նրան: Սփյուռքը սփյուռք է այնքանով, որքանով ապրում է հայրենիքի գիտակցումով, իսկ հայրենիքը կանգուն է այնքանով, որքանով զգում է իր զավակների ներկայությունը՝ որտեղ էլ նրանք լինեն։ Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Նոր տարվա շրջանը լավագույն հնարավորություններն են այդ մասին վերստին մտորելու համար:

Մեր ելման կետը պետք է լինի ավանդական արժեհամակարգը, սակայն միևնույն ժամանակ պետք է վստահ քայլենք ներկայի ու ապագայի մեջ։ Սա հատկապես կարևոր է մեզ՝ հայրենիքից հեռու ապրող ու աշխատող հայերիս համար, որոնց հաջողությունը երբեք չպետք է կտրված լինի ազգային մտածողությունից, և մեզանից որևէ մեկը չպետք է այդ հաջողության պտուղները փորձի օտարել հայրենիքից։

Անցնող տարում համոզվեցինք, որ այսօր, առավել քան երբևէ, հայրենիքը զգում է սփյուռքի համախումբ աջակցության կարիքը։ Սակայն այն պետք է վեր լինի սոսկ զգացմունքից՝ դառնալով իրար հաջորդող գործնական քայլերի շղթա՝ երաշխավորված ֆինանսական ներդրումով, կրթական փորձով և անկեղծ հավատով։ Յուրաքանչյուր ազնիվ աշխատանք, յուրաքանչյուր կառուցողական քայլ, յուրաքանչյուր հայրենանպաստ միտք պետք է կամուրջ դառնա դեպի Հայաստան։

Թող Նոր տարին գա խաղաղությամբ և արժանապատվությամբ: Այն պետք է լինի անցյալի նկատմամբ հավատարմության, իսկ գալիքի նկատմամբ պատասխանատվության տարի: Թող Սփյուռքն ու Հայրենիքը շարունակեն ապրել որպես մեկ ամբողջություն՝ տարբեր աշխարհագրություններով, բայց մեկ նպատակով։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Հարգանքով՝ Հայկ Մարկոսյան»
Դիտվել է 731անգամ
Վերջին լուրեր