Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունվար / 2026 : 15-29

Նրա տված խորհուրդը պահպանել եմ իմ ողջ կյանքի ընթացքում․Մարի Մսրյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Մարի Մսրյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մանկության, առաջին խաղացած դերի, Վլադիմիր Մսրյանի,ճակատագրի, սիրո և Ամերիկայում բնակվելու մասին:

-Ի՞նչ բույր ունի Ձեր մանկությունը։
-Իմ մանկության ամենավառ հիշողության բույրը թարմ ձյան հոտն է:Ձմռան մի գեղեցիկ օր էր: Հայրս ինձ սահնակով բերեց թատրոնից մինչև մեր տուն:Ու դա իմ մեջ այնպես է տպավորվել,այնքան վառ ու լուսավոր,որ ես ամեն անգամ,երբ զգում եմ թարմ եկած ձյան բույրը՝ կարծես մտովի վերադառնում եմ մանկություն։

-Դերասանուհու մասնագիտությունն ընտրելը ճակատագի՞ր էր, թե՞ առաքելություն։
-Դժվարանում եմ ընտրել երկուսից մեկը: Ճակատագիր, թե՞ առաքելություն: Կարծում եմ ,որ դա միասնությունն էր՝ ճակատագրի առաքելության և իհարկե միջավայրի դաստիարակության։Ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, որը ամբողջովին թաթախված է եղել թատրոնով, թատերական միջավայրը ինձ հարազատ է եղել իմ ողջ կյանքի ընթացքում։ Ինչու՞, որովհետև և՛ մայրական ,և' հայրական կողմից դերասաններ են եղել իմ տատերն ու պապերը:Եվ սա մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական ընտրության վրա։Մայրական կողմից՝Արմեն Արմենյան և Եկատերինա Դուրյան -Արմենյան-մայրիկիս պապիկն ու տատիկը ,ովքեր աշխատել են Ֆրասիայում,այնուհետև ֆրանսիական մշակույթը բերել են հայկական թատրոն։Հետո նրանց հետևել են նրանց զավակները,այդ թվում նաև մայրիկիս մայրը՝Աիդա Արմենյանը: Հայրական կողմից՝Հովհաննես և Արաքս Մսրյանները՝հայրիկիս ծնողները,որոնց, ի դեպ, ես բախտ եմ ունեցել բեմում տեսնել։Իսկ հորաքրոջս՝ Ժասմեն Մսրյանի հետ (ինձ համար շատ սիրելի եվ անփոխարինելի անձնավորություն եվ դերասանուհի)խաղացել եմ Երևանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երկար տարիներ:Իսկ այժմ որդիս՝Գոռ Բաբախանյանը,5-րդ սերունդ է համարվում:Մի խոսքով՝ թատրոնը և՛ ճակատագիր էր ,և՜ ընտանիք ,և՛սեր,և՛ ապրելակերպ ,և’ կյանքի իմաստ։

-Հիշու՞մ եք Ձեր առաջին դերը։ Ի՞նչ զգացողություններով էիք համակցված։
-Իմ առաջին դերը կինոյում խաղացել եմ շատ փոքր հասակում:Ես բախտ ունեցա նկարահանվելու տատիկիս՝ Աիդա Արմենյանի հետ «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում։ Շատ հուզիչ էր, ես շատ էի ոգևորվել ,որ քայլ եմ արել կինոյում։Ես տեսա արվեստի մյուս ՝աշխատանքային կողմը,թե ինչպես է ստեղծվում կերպարը,ինչպես են հուզվում դերասանները կամերան միացնելուց առաջ։Դա մի հրաշալի կախարդական աշխարհ էր։

-ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի դուստրն եք։Ո՞րն է այն արժեքավոր խորհուրդը,որ ստացել եք նրանից։
-Այո, հպարտորեն ասեմ, ես Վլադիմիր Մսրյանի դուստրն եմ,անհատ՝ում դուստրը լինելը պարտավորեցնում է,դա պատասխանատվություն է,որ դու առհասարակ,պետք է կարողանաս չսխալվել կյանքում։Ինձ տրվել է մի ազգանուն,որը ես պետք է կարողանայի իմ ամբողջ կյանքի ընթացքում պահել բարձր։Սա շատ կարևոր է:Այս գաղափարին ես հետևել եմ ոչ կուրորեն,որովհետև ես հասկացել եմ,որ այս ազգանվան հետ ես ժառանգել եմ այնպիսի դաստիարակություն և ընտանեկան մշակույթ,որը ինձ կարողացել է լույս և ճանապարհ բացել դեպի իմ կյանքի ընթացք,առհասարակ որպես մարդ, կին, դերասանուհի,որը արվեստի կրող է իր տեսակի մեջ։Ի դեպ, մայրս էլ երգչուհի Իդա Մսրյանն է:

Ամենաարժեքավոր խորհուրդներից մեկը, որ ստացել եմ իմ հորից՝երբեք չստել:Չստել կյանքում ,չստել բեմում,չստել առհասարակ։ Նրա տված խորհուրդը պահպանել եմ իմ ողջ կյանքի ընթացքում և փորձել եմ փոխանցել իմ զավակներին։Պարտադիր չէ ամեն ինչ ասել,կարելի է լռել ,բայց չստել։Սա է կարևորը:
-Ձեզ առաջարկած ո՞ր դերից եք հրաժարվել և ինչու՞։
-Ինձ առաջարկվեց հերոսուհու կերպար ռուսական ֆիլմում։Ֆիլմը նկարահանվում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Հրավիրեցին «Մոսֆիլմ» լսումների,և պարզվեց,որ ֆիլմի ընթացքում պետք է ունենամ մերկ կադրեր,որն էլ ինձ մեծ տարակուսանքի մեջ գցեց,որովհետև չկարողացա տրամաբանորեն կապել կերպարի անհրաժեշտության հետ:Ես կատեգորիկ մերժեցի իմ մասնակցությունը։Չնայած որ ունեի ազատ ընտրության իրավունք մեր ընտանիքում՝ իմ որոշումն անփոփոխ էր:Ես չէի կարող ընդունել մի բան ,որն իմ սկզբուքներին հակասում էր:


-Ո՞ր գրքերն են Ձեզ ուղեկցել կյանքի տարբեր փուլերում`սիրո, կորստի, հաջողության։
-Ինձ միշտ ոգեշնչել է համաշխարհային դասական գրականությունը՝ Չեխով ,Դոստոևսկի…առաջատարը՝ Շեքսպիր:Իսկ ամենակարևոր գիրքը «Աստվածաշունչն» է ,որն ինձ ուղեկցում է կյանքի բոլոր փուլերում։
-Դուք բնակվում եք Ամերիկայում։Ինչպե՞ս եք պահպանում լեզուն և ավանդույթները օտար միջավայրում։
-Սա շատ կարևոր հարց է:Լեզուն, բնականաբար, պահպանում ենք ամենօրյա կենցաղում և ընտանեկան շփման մեջ,իսկ ավանդույթները՝ համայնքի կտրվածքով հավաքների և միջոցառումների ընթացքում։Փորձում ենք մեր մշակույթն ու լեզուն արժանապատվորեն ներկայացնել ամերիկյան հասարակությանը։Չնայած որ երեք զավակներս բարձրագույն կրթություն են ստացել ԱՄՆ -ում ,նրանք փայլուն տիրապետում են հայերենին….
Եթե խոսենք սերնդափոխությունից ,ապա հպարտությամբ պիտի ասեմ,որ թոռնիկս ՝իմ հրաշք Օլիվիան, բացի օտար լեզուներից, խոսում է նաև արևմտահայերեն և արևելահայերեն։Արվում է ամեն ինչ ,որպեսզի պահպանվեն հայկական արմատները։
-Ի՞նչ «խլեց» Ձեզնից Ամերիկան։
-Ամերիկան ինձնից ոչինչ չի խլել։Այն ինձ սովորեցրել է ապրել առավել գեղեցիկ ու անհոգ,և ավելի թանկ գնահատել ժամանակը։
-Ի՞նչն է ընտանիքը ամուր պահպանելու դեղամիջոցը։
-Ընտանիք ստեղծելու եվ ամուր պահելու միակ միջոցը սերն է: Սերն է ,որ իր մեջ պարունակում է անկեղծություն,հավատարմություն,անմնացորդ նվիրում։Իզուր չէ, որ ասվում է՝ Աստված սեր է։Եթե մենք կրում ենք Աստծուն մեր մեջ ,նշանակում է մենք կրում ենք սեր, ունակ ենք սիրելու և սիրվելու։Եթե կա սեր, կա ընտանիք։Սա է իմ և իմ ընտանիքի բոլոր անդամների սկզբունքը։

-Ո՞րն է Ձեր առաքելությունը այս կյանքում...
-Իմ առաքելությունը աստվածահաճո ապրելն է։Ապրես այնպես ,որ Աստծուն հանդիպելիս չամաչես։Եթե մեզնից յուրաքանչյուրը փորձի այս սկզբունքով ապրել,կգտնի իրական երջանկության բանաձևը։ Ուրիշ չափման միավոր չկա:Ես որպես դերասանուհի փորձում եմ ստեղծել այնպիսի արժեքներ որոնք կարողանան ապրել ժամանակի և տարածության մեջ։. «Պատգամը» բեմադրելուց հետո կարճ ստեղծագործական դադար վեցրի,և այժմ առաջարկ եմ ստացել խաղալու Հերտրուդ Վ. Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործության մեջ։Սա հաճելի պատասխանատվություն է ստեղծում ինձ համար մղելով դեպի աշխատանքային և ստեղծագործական նոր ընթացքի։



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 1954անգամ
Վերջին լուրեր