Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2026 : 20-49

Աշխարհում ամենալսելին կնոջ բարձրակրունկների ձայնն է․ Հովիկ Աֆյան

Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է ժամանակակից գրող Հովիկ Աֆյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը տաղանդի ու աշխատասիրության, տղամարդկանց ու կանանց, հարատևության ու հավերժության մասին:

-Ասում են`աշխարհը «փոխում են» կարդացող մարդիկ։ Հավատու՞մ եք։

-Նայած, թե ինչ է աշխարհը: Եթե աշխարհն այն է, ինչը երևում է մեր պատուհանից, նկատի ունեմ՝ հրթիռներ, ռումբեր, որ պայթում են խաղաղ կամ ոչ այնքան ապրող մարդկանց բնակավայրերում, կամ եթե աշխարհը անծաղիկ քայլող տղամարդիկ են, որ «ներողություն ներկայությանս համար» դեպքով ծանրացնում են հողը, ու սպասելուց ձանձրացող կանայք, որ նստում են տաքսի ու վարորդին ասում. «Դեպի կամուրջ», ընդ որում՝ ոչ թե նետվելու, այլ նետելու ամբողջ ծանրությունն իրենց սրտի, ապա կարծում եմ այդ փոփոխությունն անելու համար կարդացող մարդիկ բավարար չեն: Բայց եթե աշխարհը մեկ մարդն է, հենց ես, հենց Դուք, հենց Նա, ապա վստահ եմ, որ աշխարհը կարելի է փոխել կարդալով: Կարդալն ի վերջո, ինտիմ զբաղմունք է: Ես, օրինակ, երբեք չեմ խանդավառվել մասսայական ընթերցանության տեսարաններով, փոխարենն ինձ միշտ դուր է եկել կարդացող մե՛կ մարդը: Կարդալն ի վերջո ինքնատիպություն է տալիս՝ նույնիսկ ամենակարդացող քաղաքներում: Ու այս առումով, եթե ավելի լավ մտածենք, գուցե և ստացվի այնպես, որ երբ մեկ մարդը փոխվում է, փոխվում է նաև տեսարանը՝ նրա պատուհանից:


-Գրողի համար ո՞րն է առավել կարևոր` տաղանդը, թե՞ աշխատասիրությունը։

-Գոյություն չունի «գրողի համար» հասկացություն: Նույնիսկ ընթերցողը գրողի համար չէ: Մարդն ինքն իր համար է գիրք կարդում, բացառապե՛ս ինքն իր համար: «Գրողի համարը» մի չեղած բան է ընդամենը: Դրա համար էլ գոյություն չունի: Այն կոչվում է ապրելու ժամանակ: Չկա այն: Ուղղակի չկա: Չէ, դու իհարկե քայլում ես քաղաքում, սրճարան ես գնում, նույնիսկ ընկերներիդ ես հանդիպում, պատահում է, որ նույնիսկ սիրահարվում ես, կամ սկսում կործանումդ՝ մեկին սիրելով, բայց այդ ամենը քո կյանքում տեղի է ունենում, որովհետև դու պետք է գրես: Կարող ես, իհարկե չգրել, ու հենց այդ ընտրությունդ է ապրելու և գրելու սահմանագիծը: Ինչպե՞ս կգրես, կգրե՞ս արդյոք: Այ հենց դա արդեն տաղանդի ու աշխատասիրության հարցեր են: Մեկը՝ մյուսից կարևոր:
-Ինչպե՞ս եք ընտրում հերթական ստեղծագործության վերնագիրը։

-Վերջում գրածս կարդալով ու առնվազն մեկ անձրևի տակ քայլելով:

-Ո՞ր գիրքն է փոխել Ձեր ներաշխարհը։

Կարդացածս բոլոր լավ գրքերը, որոնց անուններն, իհարկե, չեմ տա, որպեսզի չբացահայտեք այն միակ բանը, որն ինձ մնացել է: Ներաշխարհս:

-Կա՞ թեմա,որին երբեք չեք անդրադառնա։

-Քառասունից հետո այլևս չեն համարվում երիտասարդ գրող ու ես կարծում եմ, որ վրա է հասնում իմ այն ժամանակը, երբ արդեն թեմաները կարող են խուսափել։
-Աշխարհում ավելի լսելի են հեռացմա՞ն, թե՞ վերադարձի ոտնաձայները։

-Աշխարհում ամենալսելին կնոջ բարձրակրունկների ձայնն է ու ես պատասխանեցի Ձեր հարցին: Հաստա՛տ պատասխանեցի:

-Սերը պատահակա՞ն է գալիս։

-Չքնաղ երգ կա. Սերը՝ որպես հանկարծամահություն: Երևի հա, պատահական է գալիս, եթե իհարկե մութ գիշերը փողոցի հեռավոր անկյունից հենց քեզ հետևող, մոտեցող ու դանակահարող մարդը պատահական է հայտնվում քո կյանքում:

-Ձեր գործերից մեկում գրել եք, որ կանայք ուրիշ պատմություն են։ Անբացատրելի։ Իսկ տղամարդի՞կ....

-Իսկ տղամարդիկ ճգնաժամի մեջ են: Նրանք այլևս չգիտեն՝ ինչ կարող են անել: Չկա այսօր մի բան, որը կարող են անել միա՛յն տղամարդիկ: Սա չի նշանակում, որ ես բողոքում եմ, կամ դժգոհ եմ, սա նշանակում է, որ տղամարդիկ աստիճանաբար պատմություն են դառնում: Հուսամ՝ սիրո:
-Ձեր կարծիքով`փոխվու՞մ են ընթերցողները։

-Չգիտեմ: Եթե նկատի ունեք՝ քանակով, ապա կարծում եմ, շատացել են, եթե նկատի ունեք՝ կարդացած գրքերով, չգիտեմ: Ամեն դեպքում ես իմ շուրջբոլորը շատ լավ մարդկանց եմ տեսնում, լավ և ուժեղ, ինչը նշանակում է, որ լավ գրքեր կարդացողներ կան, բայց նաև շատ վատ բաներ եմ տեսնում, ինչն էլ նշանակում է, որ կյանքն ավելի շատ է դառնում գրականություն, քան գրականությունը՝ կյանք: Ցավոք սրտի:

-Իսկ գրողնե՞րը։

-Հա, փոխվում են: Սկսել են ավելի լավ պիջակներ հագնել, ռիլեր ու սթորիներ թողարկել, նույնիսկ դասական երաժշտության համերգների գնալ: Մնացածը գրականություն է, որի հետ ես առանձնապես կապ չունեմ:

-Ի վերջո, մայրամուտներն են ավելի գեղեցիկ, թե՞ արևածագերը։

-Ծովը:

-Ի՞նչն է հարատևության և հավերժության գաղտնիքը։

-Բացարձակապես տեղյակ չեմ ու նույնիսկ առանձնապես հետաքրքրված չեմ բաներով, որոնք չկան:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը։
Դիտվել է 2192անգամ
Վերջին լուրեր