Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մարտ / 2026 : 15-06

Ես հպարտանալու շատ առիթներ ունեմ. Նելլի Պողոսյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի Նելլի Պողոսյանը,որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մանկության ամենատպավորիչ հիշողության, «Հայեր» խմբի,դժվարությունների և սխալների մասին:

-Ո՞րն է Ձեր մանկության ամենատպավորիչ հիշողությունը:
-Ես շատ ուրախ մանկություն եմ ունեցել ու իմ ծննդյան օրը իմ ամենասիրելի օրն է, հիշում եմ, թե այն ցուրտ ու մութ տարիներին անգամ ընտանիքս նշում էր իմ ծնունդը, հյուրեր, շատ ընկերներ միշտ ներկա էին լինում և դա երջանկացնում էր ինձ:

- «Հայեր» խմբում ինչպե՞ս հայտնվեցիք:
- Նադեժդա Սարգսյանը հայտարարեց մրցույթ՝ «Դո-ռե-մի», ես մասնակցեցի այդ մրցույթին։ Նա ինձ տեսավ, շատ հավանեց, և այդտեղից սկսվեց իմ մուտքը « Հայեր »
խումբ:

-Խմբում աշխատելու տարիներին բախվե՞լ եք դժվարությունների:
-Երբ հայտնվեցի այդ խմբում, 10 տարեկան էի, և սկսվեցին պրոֆեսիոնալ համերգներ, հյուրախաղեր, նկարահանումներ։ Շատ հաճելի էր, բայց նաև շատ դժվար։ Այդ տարիքում արդեն պետք է պատրաստ լինեի մրցակցության, տարբեր կարծիքների։ Հիմա անգամ մտածում եմ՝ ինչպես ես չէի կոտրվում։

-Ո՞ր երգն էր ձեզ համար ամենացանկալին խմբի երգացանկից:
- Ամենասիրելին Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործությունն էր, քանի որ մենք առաջիններից էինք, ովքեր երգեցինք այդ գործը առանց բառերի՝ ավելի վոկալային տվյալների համար նախատեսված հատուկ գործիքավորմամբ։

-Հիմա շփվու՞մ եք խմբի աղջիկներով:
- Աղջիկներից Ժակլինի հետ շատ մտերիմ ենք, շփվում ենք նաև ընտանիքներով, բայց մնացած աղջիկները՝ ամեն մեկն իր կյանքով է ապրում, և կապ չունենք, չնայած մեր անցած շատ երկար ճանապարհին։

-Ի՞նչը կշտկեիք անցյալի սխալներից:
-Եթե խոսենք կոնկրետ սխալների մասին՝ «Հայեր» համույթի ժամանակահատվածում, ապա կասեմ․ եթե լինեի այս տարիքին ու այսքան հասուն, կհասկանայի, որ Նադեժդա Սարգսյանը մարդկային մի տեսակ է, ում պետք էր ընդունել այնպես, ինչպես կա, ոչ թե փորձել անընդհատ նրան ցույց տալ, որ դու ճիշտ ես։ Ես, իհարկե, շատ բան եմ սովորել նրանից, բայց նաև կոփվել եմ, ժամանակից շատ շուտ , անկոտրուն եմ դարձել՝ նրա հետ ապրելու և պայքարելու պատճառով, և ինձանից բավականին ժամանակ է պահանջվել խմբից դուրս գալուց հետո նորից ամուր կանգնելու և շարունակելու համար։

-Ո՞ր հատկանիշներով պետք է փայլի երգչուհին:
- Այն ժամանակ ստանդարտները մի փոքր այլ էին․ կարևորն այն էր , որ ձայն ունենայիր , իսկ հիմա կարևորը տեսք ունենաս, ձայնը կարևոր չէ. համակարգիչը կանի մնացածը ։

-Ձեր կյանքի ո՞ր հատվածն եք համարում ճակատագրական:
-Կարծում եմ՝ հանդիպումը ամուսնուս հետ, քանի որ այդ ժամանակ ես իսկապես ուզում էի ամուսնանալ , ընտանիք ստեղծել և փոխել կյանքիս ընթացքը:

-Կա՞ նոր նախագիծ,որում ընդգրկված եք և կցանկանայիք պատմել այդ մասին:
- Ես հիմա աշխատում եմ Շանթ հեռուստաալիքի նախագծում , առավոտյան հաղորդման՝ հաղորդավարուհու կարգավիճակով, շատ մեծ սիրով եմ այդ անում:Նորից դժվար էր հայտնվել հեռուստանախագծում։ Շատ ակտիվ եմ նաև իմ սոց .հարթակներում , որտեղ կարող եմ առանց ինչ- որ մեկի օգնության ներկայացնել ինձ, իմ օրը և հետևորդներիս ակտիվության արդյունքում լինել սիրված:

-Ինչո՞վ եք այսօր հպարտանում:
- Ես հպարտանալու շատ առիթներ ունեմ և փառք աստծուն այդ փաստի համար։ Բայց կառանձնացնեմ «Արցախի համը» սոցիալական նախաձեռնությունը, ինչը մենք ստեղծեցինք ընտանիքով պատերազմից հետո, այս քայլով մենք կարողանում ենք արցախցի ընտանիքներին ապահովել աշխատանքով:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 1874անգամ
Վերջին լուրեր