Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2026 : 16-53

Հայաստանը նահանջել է «Մամուլի ազատության ինդեքսում». RSF-ի 2026 թվականի զեկույցի մանրամասները

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։ Սա զգալի հետընթաց է նախորդ տարվա 34-րդ հորիզոնականի համեմատ, և երկիրը բացասական դինամիկա է գրանցել բոլոր հինգ հիմնական ցուցիչներով՝ քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական և անվտանգային։ Այս փոփոխությունների արդյունքում Հայաստանի ցուցանիշն այժմ դասվում է «խնդրահարույց» կատեգորիայում։

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ հայաստանյան մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված։ Ապատեղեկատվության տարածումն ու ատելության խոսքի առկա մակարդակը պայմանավորված են մի քանի առանցքային գործոններով, որոնց թվում են ներքաղաքական լարվածությունը, սահմանային անվտանգության անկայուն վիճակը և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Որպես Հայաստանում գործող անկախ լրատվամիջոցների օրինակներ՝ RSF-ն առանձնացրել է «Հետք»-ը, «Սիվիլնեթ»-ը, «Factor TV»-ն և «Ազատություն» ռադիոկայանը։

Չնայած արձանագրված նահանջին, Հայաստանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 163-րդը, Ադրբեջանը՝ 171-րդը, իսկ Իրանը հայտնվել է 177-րդ տեղում։ Ռուսաստանը զեկույցում զբաղեցնում է 172-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգները՝ 64-րդը։

Ինդեքսի առաջատար հորիզոնականները շարունակում են զբաղեցնել Նորվեգիան, Նիդերլանդները, Էստոնիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Ցուցակը եզրափակում է Էրիթրեան, որը զբաղեցրել է վերջին՝ 180-րդ հորիզոնականը։
Դիտվել է 850անգամ
Վերջին լուրեր