Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2026 : 14-08

Պարտություն ու հաղթանակ ասվածը երբեմն միայն մեր ընկալման ձևերն են. Արևիկ Գևորգյան


Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Արևիկ Գևորգյանը,որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը թատրոնի և կինոյի,ճակատագրի,գրականության և սիրելու կարողության մասին:
-Ո՞րն է դերասանուհու ամենակարևոր ասելիքը հանդիսատեսին։
-Դերասանը, ըստ իս, միջնորդ է բովանդակությունը փոխանցելու և հանդիսատեսի միջև։ Իսկ ասելիքները շատ բազմազան են՝ կախված նյութի բովանդակությունից։

- Թատրո՞նն է ավելի կրթող, կինո՞ն, թե՞ սերիալը։
- Կրթությունը, ըստ իս, ձևավորվում է շատ ավելի վաղ՝ ընտանիքից, միջավայրից. բակից, զրույցներից, դպրոցում պարտադիր հանձնարարվող ընթերցանության ցանկից։ Հետո արդեն արվեստի մնացած ճյուղերն են սկսում ձևավորել քեզ ու քո աշխարհը։ Մի քանի օր առաջ մտածում էի՝ դպրոցում որքան շատ են պարտադիր ընթերցվող գրքերի ցանկը, որոնք հետո գուցե նույնիսկ չմտաբերենք էլ, իսկ Աստվածաշունչը չկա, չեն պարտադրում կարդալ։ Մտածում եմ՝ ինչքան լավ կլիներ, եթե կարդայինք, ու այն ներծծվեր մեր մաշկի տակ․ վստահաբար ավելի կրթված հասարակության մեջ կապրեինք։ Ավելի կիրթ կլինեինք՝ իրար ընկալելու, լսելու, տեսնելու, խնայելու և խնամելու մեջ։ Իսկ թատրոնը, կինոն, սերիալները կարող են բարձրացնել հարցեր, օգնել պատասխաններ գտնել, տպավորել:

- Ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում գրականությունը։
-Իմ կյանքում գրականությունը իհարկե կարևոր է, բայց ինձ շատ կարդացած չեմ համարում: Ես փորձում եմ՝ եթե մոտենում եմ որևէ հեղինակի, ամբողջությամբ ընկալել նրան։ Նույն գիրքը կարող եմ կարդալ մի քանի անգամ իրար հետևից։ Ես շուտ ձանձրացողներից չեմ, հակառակը՝ շատ եմ սիրում վերընթերցում․ դա տալիս է ավելի խորը սուզվելու հնարավորություն։ Հաճախ եմ մտքում շփվում, մտածում իմ սիրելի հեղինակների հետ։


- Հաճա՞խ եք անցյալին անդրադառնում։
-Շնորհակալ լինելու զգացումով՝ միայն։

- Իսկ ցավոտ չէ՞ անդրադառնալը։
-Ցավոտ կլիներ, եթե չանդրադառնայի։

-Անձնազոհությու՞ն է ուրիշին իր անձից ավելի սիրելու կարողությունը։
-Սիրելը արդեն իսկ ենթադրում է անձնազոհություն։ Եթե հոգին հասուն է այդ տեսակի սիրո համար, դա շատ մեծ շնորհ է։


-Հաղթողի վերքերը չե՞ն ցավում։
-Մտածում եմ՝ պարտություն ու հաղթանակ ասվածը երբեմն միայն մեր ընկալման ձևերն են։ Պարտությունը կարող է դառնալ հաղթանակ՝ ժամանակի մեջ։ Կարևորն այն է, որ հաղթանակը քեզ չլցնի ավելորդ հպարտությամբ, իսկ պարտությունը՝ հուսահատությամբ։ Պետք է կարողանաս երկուսի միջով էլ անցնել՝ չկորցնելով քեզ։

- Ճակատագիրը մի՞շտ է ուժեղներին սիրում։
-Չեմ կարծում, որ ճակատագիրը «սիրում» է։ Այն ավելի շատ տալիս է ճանապարհ։ Ուժեղները պարզապես չեն շրջանցում այդ ճանապարհը։

-Ասում են՝ տղամարդու լռությունը մերժման նշան է, իսկ կնո՞ջ լռությունը…
-Նման բաժանում չէի անի։ Մարդը երբեմն լռում է այնտեղ, որտեղ պետք է խոսեր, և խոսում է այնտեղ, որտեղ պետք էր փոքր ինչ լռել։

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 907անգամ
Վերջին լուրեր