27 / Մայիս / 2020 : 20-20

«Ֆիլմի  ավարտը   կարող  է  տարօրինակ  թվալ, բայց   կարծում   եմ, որ   ճիշտ   էր   սյուժեի   բաց   մնալը». Սերժ   Ավետիքյան

«Ելակետ»  լրատվականի  զրուցակիցն է  ֆրանսահայ   կինոռեժիսոր, սցենարիստ ,դերասան  Սերժ   Ավետիքյանը, որը   կիսեց   մեզ   հետ   իր   խոհերը  «Անատոլիական    պատմություն»  սերիալում    իր   կերտած  կերպարի, հանդիսատեսի   արձագանքի  և ամենազգացմունքային    դրվագների   մասին:

- «Անատոլիական    պատմություն»  սերիալում   Դուք   կերտում   եք   Մուստաֆա  Ղազիի  կերպարը: Հայատյաց    մի    թուրք,  ով    ծեր   հասակում   հանկարծ  պարզում   է, որ   իր   ծնողները   հայեր   են: Բարդ   չէր    արդյոք    կերտել   հայատյաց    թուրքի   կերպարը,   և  Ձեզ   չէր   վախեցնում   հանդիսատեսի   արձագանքը:

-Մուստաֆա   Ղազիի   կերպարը   շատ   հետաքրքիր,  շատ   հարուստ   շերտերով  կերպար  էր    և  անմիջապես   ինձ   հետաքրքրեց, առավել   ևս, որ   ինքը   շատ   մոտ   է   մեր պատմությանը, մեր   ընտանիքների   ապրած  և  կերտած   ճանապարհին:

Արձագանքը  շատ   մեծ   էր   ինձ   համար,լինի   թուրք, չար   մարդ   կամ    «Գորշ  գայլեր»-ի  ներկայացուցիչ. դա  արդեն  դրամատուրգիայի  հարցն  է:Իսկ   կերպարի ճանապարհորդությունը   այնքանով   էր   հետաքրքիր, որ   ինքը   շատ   կոմպլեքս,  լի զգացմունքով   և   ներքին   ապրումներով   կերպար  էր: Այնպես  որ   ես   մեծ   հաճույքով մարմնավորեցի  նրան, առավել   ևս ,որ   ինքը   տարիքով  պետք   է   լիներ   ավելի   մեծ, քան  ես  էի:

-Գլխավոր   հերոսի  կյանքում  պատահական   հանդիպումն    է   ամենի   ինչ    գլխիվայր    շուռ   տալիս:   Ձեր   կյանքում    եղել   են   պատահական   հանդիպուներ,  որոնք    հիմնովին   փոխել   են    Ձեր   կյանքը:

-Պատահական   հանդիպումներ   լինում   են,  որոնց ես   չեմ  հավատում,  որ   իրենք պատահական    են,  որովհետև   որևէ   հանդիպման   հետ   պետք   է   պատրաստ   լինես   ընդունել   իրեն, ինչպես  որ շանսն  է  կյանքում, այնպես  էլ   հանդիպումն   է, եթե   դու պատրաստ   չես   այդ   հանդիպմանը   մասնակցել, ուրեմն   դա   չի   կարող   տեղի  ունենալ: Իհարկե, երբ   դերասան   ես   և  արվեստագետ , <<պատահական>>  հանդիպումները  շատ են   լինում, որովհետև  հանդիպումներն   են   շատ, ոմանք   թողնում են   շատ   մեծ հետքեր, փոխում   են   որոշ  բաներ  ձեր   մեջ, հարստացնում   ձեզ, ոմանք՝  ոչ: Իհարկե, իմ    կյանքում   եղել   են    <<պատահական>>   հանդիպումներ, որոնք  հարստացրել  են   իմ   կյանքը   և   իմ   տեսանկյունը:

-Ո՞րն   է   ֆիլմի   ամենազգացմունքային  և  հուզիչ   դրվագը:

-Ես   կարծում  եմ, որ  միայն  մի  դրվագ  չէ, որ   հուզիչ  կամ   զգացմունքային   է   սերիալում: Կա   օրորոցայինի  հանդիպումը   երգի   հետ (առաջին արցունքներն   են կերպարի),բայց  և  կան   իր  հարաբերությունները  իր տղաների և աղջկա հետ, որոնք    միշտ   շատ   հուզիչ   են,  և   որոնք  ապացուցում   են, որ   ծնողի   հասկացությունը   և պատասխանատվությունը  իր   երեխաների  հետ   դաստիարակման   պրոցեսում  շատ  կարևոր  է:Այդ   առումով   ես   կարծում    եմ, որ  Մուստաֆա  Ղազիի  լրիվ   փոփոխությունը, իր   հայացքը   իր   կյանքի հանդեպ   փոխում   է   նաև   իր   հայացքը   իր   երեխաների   հանդեպ, և   ինքը  դրա պատասխանատվությունն   է   կրում: 

Հուզիչ  մոմենտներ  շատ  կան  սերիալում:

-Սերիալում    շոշափվում   է   նաև   խառնամուսնությունների   թեման:Ինձ   հետաքրքիր   է Ձեր  տեսակետն    այս   հարցին:

-Դա  բնական   երևույթ  է   այն  ազգերի  համար, որոնք  շատ   են   սփռված  աշխարհով մեկ, ինչպես   հայերը, հրեաները, պաղեստինցիները  և այլ ազգեր:Եվ  ես   նկատել   եմ, որ  այդ ամուսնությունների   հանգույցում  միշտ   փոքրամասնությունն   է   առաջ   տանում   իր մշակույթը  և  փոխանցում  իր   երեխաներին:Շատ  հայեր  կան, որ  ամուսնացել են   այլ   ազգի   ներկայացուցչի   հետ և   կարողացել են   փոխանցել  և՛ իրենց   մշակույթը,և՛ իրենց լեզուն, և՛  ձգտումը   պատմությունը   շարունակելու  համար:Այնպես  որ, ես   կարծում   եմ,որ դա  մեծ  պրոբլեմ   չէ.ամենակարևորը   մարդն  է, մարդկության   համամարդկային   հանդիպումները:

-  Մարկ   Արենը  կարծում    էր, թե  երջանկությունն   այն  է, երբ    ունես   մեկին,  ում   կարող   ես  գրկել: Ըստ   Ձեզ՝  ի՞նչ   է    երջանկությունը:

-Երջանկությունը   կարող  է  լինել  տարբեր   մակարդակների:Իհարկե, կա  սիրո երջանկություն, երբ   սիրո   պատմություն   է   ծագում, ծնվում   և  կարող   ես  գրկել   քո սիրած   անձնավորությանը :Բայց   կան   ուրիշ   երջանիկ  հանդիպումներ   էլ, ասենք ստեղծագործությունը    ժողովրդին   հասցնելը,զգալ,  որ  ինչ-որ բան  եք կարողացել  տալ, որը   ձեզնից   ավելի  վեր  է ,անցել   է   ձեր   միջով   և   հասնում  է   մյուսներին;Սա  էլ  է  շատ   մեծ   երջանկություն  արվեստագետի  համար:Կան ևս   ուրիշ   փոքրիկ   երջանիկ հանդիպումներ   կյանքում,բայց  սիրո  և  գործը   տեղ  հասցնելու   պրոցեսներն   են   ինձ  երջանկություն   պարգևում:

-Ձեզ   գոհացնում   է  նոր   սերնդի  դերասանական   վարպետությունը,  հատկապես  սերիալից  ո՞ր   դերասանին   կառանձնացնեիք, ով   աչքի   ընկավ  իր   կերտած  կերպարով:

-Ես  չեմ   կարող   առանձնացնել   սերիալում   որևէ   երիտասարդ   դերասանի, բոլորն   էլ աշխատեցին  հոգով, սրտով  և  իրենց   ունեցածը  մեջբերելով:Գիտեք  ինչ, դա   կապված  է կերպարներից, ժամանակաշրջանից, թե   ով   ինչ   ներքին   հարստություն  է   կարողանում  ցույց   տալ  կամ  անցկացնել   իր   կերպարի   միջոցով:Ես   կարծում եմ, որ   այստեղ   բոլորն էլ    աշխատեցին    լավագույնն     անել.ոմանց   մոտ   ավելի   լավ   է   ստացվում,  ոմանց մոտ՝ ոչ  այնքան:Այստեղ  կա   հանդիպում   որոշ   ժամանակաշրջանում   որոշ   կերպարների հետ,  որոնք    ստացվում   են   կամ   չեն   ստացվում:Այնպես  որ, ես  ոչ   մեկին  չեմ  կարող  առանձնացնել:

-Ձեզ   գոհացնու՞մ   է  ֆիլմի  ավարտը:

-Ֆիլմի  ավարտը   կարող  է  տարօրինակ  թվալ, բայց   կարծում   եմ, որ   ճիշտ   էր   սյուժեի   բաց   մնալը:Եթե   Մուստաֆա   Ղազին   գտներ   իր  ծնողների   գերեզմանը,  կարող  է  շատ   գոհ  լիներ:Բայց   պարզվում  է, որ   այդպիսի   բազմաթիվ   դեպքեր  են  եղել:Այնպես   որ պետք   էր    ընդլայնել   սյուժեն,պետք   էր   բաց   մնար   այդ   սյուժեն,ոչ  թե   գոհ    մնար Մուստաֆա Ղազին՝  գտնելով   իր    ծնողների  գերեզմանը:

-Դուք   կարծես   թե   միշտ   ճամփորդում   եք: Ու՞ր   են   տանում   բոլոր  ճամփաները:

-Մենք   ճանապարհորդության   ընթացքում   տանում   ենք   մեզ   հետ   մեր   հոգսերը,  մեր իմաստությունները, մեր   տեսանկյունը, բայց   իհարկե   կան   հանդիպումներ, որոնք   կարող են   դռներ    բացել:Այնպես   որ   ճանապարհորդությունը  միշտ   էլ   հետաքրքիր   է   եղել բոլորի   համար,  նամանավանդ   երիտասարդ   հասակում, որտեղ   կարելի   է  բազմաթիվ մշակույթների   մոտենալ, լեզուներ   ուսումնասիրել  և  իմաստություն   ձեռք   բերել:

Այնպես   որ   պետք  է  շարունակել   ճանապարհորդել...

 

Նյութը պատրաստեց  Նարինե Պետրոսյանը:

Դիտվել է 52436անգամ
Վերջին լուրեր