28 / Մայիս / 2020 : 16-21

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են. խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը կրկին անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած մի թեմայի:

«Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։

Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը, որտեղ բուժում է ստացել պացիենտը։

Պարոն Բաբաջանյանը և իր կինը մայիսի 14-ին ընդունվել են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Բաբաջանյանն ընդունվել է բարձր ջերմությունով՝ 38.5C˚:

Ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն- հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում:

Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն-հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումը ընթացել է հարթ:

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են, ինչպես բոլոր պացիենտները, նրանք նույնպես ստացել են համապատասխան բուժում և բուժօգնություն: Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, որը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները:

Ավելին, Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։

Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասը օր հետո մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։

Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է նա:

Դիտվել է 11417անգամ
Վերջին լուրեր