28 / Մայիս / 2020 : 19-12

Չկարդացող դերասանը երբեք չի կարող լավ դերասան լինել. Անի  Գևորգյան

Yelaket.am-ի/Ելակետ   լրատվական-ի   զրուցակիցն   է   թատրոնի   և  կինոյի   դերասանուհի Անի  Գևորգյանը, որը    մեզ    հետ  կիսեց    իր   խոհերը   <<Վերջին  ուսուցիչը>>  հեռուստասերիալում    կերտած   կերպարի, մոնոներկայացման, սիրո, գրականության  և ժամանակակից   աշխարհի   մասին:

-Ինչի՞   կնմանեցնեիք  թատրոնը:

-Երբ աշխատում էի երեխաների հետ (իմ կյանքում այդպիսի փուլեր եղել են)  միշտ   ասում  էի, որ թատրոնը խաղ   է։ Այն իսկական խաղալիք  էր  մեր ձեռքում, որի   միջոցով   կարող էինք   թափառել   երևակայական   աշխարհներում, հորինել հազար ու մի բան և անկեղծորեն հավատալ մեր հորինածին։ Թատրոնը անուրջ է, երազ, որում տեսնում ես կյանքիդ պատմությունը`  փոխաբերություններով և երազում ես ավելի գեղեցիկ, ավելի կատարյալ կյանքի   մասին։ Թատրոնը  հայելի   է,  որն   արտացոլում   է    մարդկային  կյանքի  հոգին։

-Ի՞նչը   խթան   հանդիսացավ, որպեսզի   խաղաք  <<Կամելիազարդ տիկինը>>  մոնոներկայացումը:

-Երբ  ռեժիսոր   Գալուստ  Ներսիսյանն  ինձ  առաջարկեց Մարգարիտ Գոթյեի դերը,  ես մի պահ   երկյուղեցի, բայց  և միանգամից ոգևորվեցի։ Որովհետև այդպիսի հարուստ ներաշխարհ  և  դրամատիկ   կյանք   ունեցող  կերպարի  վրա աշխատելը  լուրջ փորձություն   է դերասանի  համար և միաժամանակ  լուրջ հայտ, որի  միջոցով  դու իսկապես ի ցույց ես դնելու   դերասանական   քո  բոլոր հմտություններն  ու  կարողությունները։ Իսկ  ես  սիրում  եմ  վտանգներին  դեմ  հանդիման  դուրս գալ, ես սիրում   եմ   դժվարություններ  հաղթահարել։ Այնպես   որ, այդ  դերի  բարդությունն   ինձ   ազարտի   մեջ   գցեց...

 

-<<Վերջին  ուսուցիչը>>   հեռուստասերիալում    Դուք   միայնակ   մոր   կերպարն  եք մարմնավորում: Ունե՞ք   կերպարի   հետ  ընդհանրություններ:

-Ի տարբերություն Մարգարիտ Գոթյեի, «Վերջին ուսուցիչը» ֆիլմում իմ կերպարը մարմնավորելիս ես իմ առաջ բոլորովին այլ խնդիր էի դրել. այդ կերպարում ես էի` առաջադրվող հանգամանքներում (ինչպես կասեր Ստանիսլավսկին)։ Կյանքի հանգամանքները  նման   չէին  իմ  կյանքին, բայց կերպարն իրոք նման  էր ինձ, և ես պարզապես  ձգտել  էի    լինել   որքան հնարավոր  է  իրական, կենդանի,  ռեալ։

-Ինչի՞  մասին   է   պատմում  Ձեր  սիրած  կինոն:

-Սիրում   եմ   ցնցող, այսպես ասած` ծանր ֆիլմեր։ Ֆիլմեր, որոնք ամիսներով  մնում   են  քեզ հետ, խրվում  են կյանքիդ մեջ… Որոնք  կարծես  ապտակ  լինեն քո գիտակցությանը, քո հոգուն։ Որոնք դաժանաբար ու անխնա քեզ ցույց են տալիս քո` մարդ արարածի թերությունները, որոնք  ստիպում    են   մտածել,  որոնք   ստիպում   են,  որ   դու  փոխվես…

-Ի՞նչ   է   տալիս   ընթերցանությունը  դերասանին:

-Չկարդացող դերասանը երբեք չի կարող լավ դերասան լինել։ Դա այնքան կարևոր նախապայման է դերասանի համար, որ նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Ամբողջ թատերական  արվեստը  հիմնված  է գրականության վրա։ Ինչպե՞ս   կարող է այդ ասպարեզում   ստեղծագործողը   կարդացող  չլինել…

Եթե  չես  կարդում, ուրեմն   մտածող  չես, ուրեմն  մտավորական  չես, ուրեմն  ընդհանրապես չես   կարող   արվեստագետ   կոչվել…

-Համամիտ  եք, որ տաղամարդու  սիրտը  տանող  ճանապարհն  անցնում  է ստամոքսի միջով:

-Գուցե   որոշ   մարդկանց   սրտի   ճանապարհը  ստամոքսն   է,  բայց   ոչ   իմ  տղամարդու…

 

-Սիրո   մեջ  տղամարդու  և  կնոջ   տարբերությունն   ինչո՞ւմն   է:

-Ես  տարբերություն  չեմ  տեսնում։ Եթե  խոսքը իսկական սիրո մասին է, ապա երկուսն էլ նույն կերպ են սիրում։

-Գրականությունն   ու   ժամանակակից    աշխարհը   քայլու՞մ  են  համարժեք:

-Այո, իհարկե։ Դասական գրականության  գլուխգործոցները   դասական   են  հենց  նրանով, որ իրենց մեջ կրում են հավերժական թեմաներ, որոնք երբևէ չեն կորցնի իրենց արդիականությունն աշխարհում։ Իսկ   եթե խոսքը գնում  է այն մասին, թե արդյո՞ք  այսօր  էլ կան   հետաքրքիր  ժամանակակից   գրողներ, ապա  այո, իհարկե  կան  և  քիչ   չեն։

-Ո՞րն   է   աշխարհ   գալու  Ձեր   առաքելությունը:

-Այսպես   ասեմ`  հենց  առաքելությունս   գտնելու   համար   եմ   լույս   աշխարհ եկել։

-Ի  վերջո՝  ի՞նչ   է   ուզում  կինը...

-Սեր…

 

 

Նյութը   պատրաստեց   Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 68994անգամ
Վերջին լուրեր