Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ news.am-ն է գրում նշելով, որ համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը հայտնել է, որ 61-ամյա կինը վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։
«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշել է համայնքապետը։
Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։
Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։
Գյուղապետը նշել է, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է մեկ տասնյակի։