01 / Հունիս / 2020 : 17-18

«Շնորհակալ եմ, պարոն, հա-հա»․ Մասկը ռուսերեն է պատասխանել «Ռոսկոսմոս»-ի շնորհավորանքին

Ամերիկացի գործարար, միլիարդատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի հաջող արձակման առթիվ ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինի շնորհավորական հրապարակմանը ռուսերեն է պատասխանել։

«Շնորհակալ եմ, պարոն, հա-հա։ Հույս ունենք, որ փոխշահավետ և երկարաժամկետ ու զարգացող համագործակցություն կունենանք»,- գրել է միլիարդատերն իր թվիթերյան օգտահաշվում։

Հիշեցնենք, որ Crew Dragon-ի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից՝ շաբաթ գիշերը: Արձակումը դարձել է պատմության առաջին թռիչքը, որի ժամանակ տիեզերագնացներն ուղեծիր են հասել մասնավոր ընկերության (SpaceX) կառուցած տիեզերանավով:

Հայտնի է, որ Crew Dragon տիեզերանավն արդեն միակցվել է Միջազգային տիեզերակայանին։

Բացի այդ, ԱՄՆ-ն վերջին 9 տարում առաջին անգամ է ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան ուղարկել ամերիկյան արտադրության տիեզերանավով. 2011 թվականից ի վեր, երբ շահագործումից հանվել են Space Shuttle ծրագրի փոխադրող սարքերը, տիեզերագնացները դեպի ՄՏԿ էին ուղևորվում ռուսական «Սոյուզ»-ով:

Դիտվել է 13050անգամ
Վերջին լուրեր