03 / Հունիս / 2020 : 18-00

««Պատվի   համար»-ը  մի  քանի  առավելություն  ունի». Ռաֆայել Քոթանջյան

Ելակետ   լրատվականի/Yelaket.am-ի   զրուցակիցն   է   ՀՀ   ժողովրդական   արտիստ  Ռաֆայել Քոթանջյանը, որը  կիսեց    մեզ   հետ    իր   խոհերը    մանկության  տարիների, կերտած կերպարների, պատվի   ու   արժանապատվության  մասին:

 

-Որո՞նք    են   Ձեր   պատանեկության     լավագույն   խաղերը:

-Չզարմանաք՝  իմ   սիրելի  խաղը  պահմտոցին  է:Թվում  է , թե  այս  օրերին  պիտի  ավելի բարդ խաղեր լինեն, բայց, այնուամենայնիվ, ես էլ,իմ թոռնիկներն էլ  սիրում ենք ամենապարզ, ամենահասարակ պահմտոցին, նաև  մեկ-մեկ  թոռնիկներս  չեն հասցնում ասել  պահմտոցի, ասում  են՝ պակվոցի խաղանք:Ես  մեծ  հաճույքով  խաղում  եմ  իմ թոռների  հետ, քանի որ  այդ   խաղը  երևի   ժամանակի  ազդեցությունը  իր  վրա  չի  կրում  և չի  խախտվում,  այն  միշտ   մեզ   համար   պակվոցին   է:

-Հոգու   խորքում    չկա   ափսոսանք,  որ   չեք   լսել   Ձեր   հայրիկին  և  չեք   ընտրել ճարտարապետի   մասնագիտությունը:

-Այս   դեպքում  ինձ   համար   ամենակարևորն  էր, որ  հայրիկս  չնեղվեր  ինձնից, որ  ես չլսեցի  իր  խորհուրդը, բայց  անցավ  մի  քանի  տարի, մի  քանի   դեր  և  հայրիկս  ընդունեց իմ  մասնագիտությունը, իսկ   դա  ամենամեծ  հաղթանակն  էր,  որ   ես  կարող  էի  համարել  որպես   մասնագիտություն, որպես  իմ  ընտրություն և  ես շատ շնորհակալ եմ ճակատագրին, որ նաև ճակատագրի բերումով  ես  իմ մասնագիտությունը  միանգամայն   ճիշտ  ընտրեցի:

-Հարցազրույցներից    մեկում    ասել  եք, որ   Դուք   չեք   խաղում, այլ   մտնում   ու  ապրում   եք   կերպարի   մեջ:  Այդ   դեպքում   ո՞ր   կերպարն   է   Ձեզ   ավելի  հոգեհարազատ:

-Բազմիցս  ասել  եմ, որ  ես  ինձ   համար  նախընտրել   եմ   Բրեխտի  ուսմունքը՝ որպես   ուղեցույց, իսկ   Բրեխտի   մոտ   կա   օտարացման  թեորիան:Այսինքն՝  դու  գործի  մեջ  ես,կերպարի  մեջ  ես, բայց  նաև կարողանում  ես  մի այնպիսի պատրանք ստեղծել, որ   կողքից   տեսնում  ու  դատում  ես կերպարիդ մասին:Այդ  սկզբունքը  ես  կարողացա   բերել   բեմ   և  հաջողությամբ   հաստատել:

Այնպես որ, այն  բոլոր  կերպարները, որ  ես  խաղում  եմ, ինձ  համար  սիրելի  կերպարներ են, բոլորն  էլ   ինձ   համար  թանկ  են : Դա  երևի   զգացվում է, իսկ հանդիսատեսն էլ գնահատում  է:

 

- « Պատվի  համար»     հեռուստանովելում   Դուք  կերտում   եք   Բարխուդարի կերպարը: Ինչո՞վ  է   առանձնանում    Ձեր   կերպարը:

Ասեմ, որ   այս   «Պատվի   համար»-ը  մի  քանի  առավելություն  ունի:Մեկն  այն  է, որ  հեղինակը՝  Անահիտ   Աղասարյանը, շատ   գրագետ, խորաթափանց  և  գեղեցիկ  ֆանտազիա   ունեցող   անձնավորություն  է:Նա  այս  անգամ   մտածեց, որ  կերպարների  մեջ կարելի   է  նաև  փոփոխություն   մտցնել,  և  այդ   փոփոխությունը    Բարխուդարի  կերպարը  մեջտեղ   բերելն  էր:

Բարխուդար  չկա, բայց  այս  տարբերակում  հայտնվում  է  և պարզվում է, որ այդ Բարխուդարից  շատ   ու   շատ   բան  է   կախված,  և Բարխուդարը  կարողացավ  լրացնել որոշ   պակասություններ, որոնք, չեմ   ասի...

Իհարկե  չեմ   կարծում, որ   մեր   դասականը  սխալներ  է արել, դրա մասին  չէ  խոսքը, խոսքն այն  մասին  է, որ լավից  լավն  էլ  կա: Եվ  այս  նոր  տարբերակում  Բարխուդարը  լրացնում  է  ինչ-որ   թեթև  պակասներ, որոնք  կային  սյուժետային   գծի   մեջ,  և  կարծում  եմ, որ դիտողը   անպայման   այդ   փոքրիկ  նրբությունները,  նյուանսները   կգնահատի  և  կընդունի:

-Ձեր   կարծիքով   այսօր   երիտասարդների   մոտ   պատիվն   ու  արժանապատվությունը գերակա՞  արժեքներ   են:

-«Պատվի համար»  հեռուստանովելի նկարահանման ընթացքում ես շրջապատված էի երիտասարդ  արվեստագետներով, որոնք  մասնակցում  էին  հեռուստատեսային գործի նկարահանմանը, և  կարող  եմ  հաստատ  ասել,  և  նույնիսկ   ստորագրել, եթե   պետք  է, այդքան  նվիրված  իրենց  գործին, այդքան  ուշադիր փորձ ունեցող դերասանների նկատմամբ  (ես  նկատի  ունեմ  տակտով, չեմ  ուզում  վիրավորել  տարիքով  ասածը),այնքան ուշադիր  էին, պատրաստակամ, բարյացակամ ,որ  կողքից  դիտողին  իսկապես  շատ  հաճելի  էր: Ես  շատ   շնորհակալ  եմ   և  ուրախ, որ  նման   շրջապատում   աշխատել եմ:

 Բնականաբար,  այն , ինչ  ասացի, ինձ  թվում  է՝ վերաբերվում է  նաև  բոլոր  այն  երիտասարդներին, որոնց  հետ  ես  շփվում  կամ  չեմ  շփվում:

-Դուք   նկարահանվել   եք  ու շարունակում   եք   Ձեր   ստեղծագործական   աշխատանքը կատարել  լավագույն   ռեժիսորների   լավագույն   ֆիլմերում:Ո՞րն   է  Ձեր   հաջողության գաղտնիքը:

-Գաղտնիքը  անմնացորդ  նվիրումն  է  առաջարկությանը, գործին, քո աշխատանքին: Ես այլ կերպ  չեմ  կարող:

-Ի՞նչ   է  փնտրում  տղամարդը  կնոջ  մեջ:

-Ինձ   թվում  է՝ ամենաճիշտը   փոխըմբռնումն  է:Այսինքն՝  եթե  դու  ինչ-որ  մի խոսք  ես  ասում  և  դիմացինդ   նայում   է քեզ  ոչ  թե  պաղ, անհրապույր, անհասկացող  հայացքով, այլ դու տեսնում  ես աչքերի  մեջ, որ ինքը  լրիվ հասկացավ, թե  դու  ինչ  ես ասում.դա  ամենահաճելի  պահն  է, երբ  քեզ    հասկանում  են:

-Թումանյանն   ասում  է. « Ի՞նչը   կհաղթեր   կյանքում   հերոսին ,թե   չլիներ   կինն   ու գինին»:Իսկ   Ձեզ   հաղթում   է...

-Քանի  որ  ես վաղ հասակից  սկսեցի  պարապել յոգայով,աստիճանաբար  ինձ  մոտ  մտավ  մի կարևոր հատկություն. այն է՝ ոչ մի բանի  նկատմամբ  կախվածություն  չունենալ, և դա աստիճանաբար  տարածվեց  և՛  ծխելու  վրա, և՛ խմիչքի, և՛ ինչ-որ հաճույքներ ստանալու, ինչ-որ  տարօրինակ  բնավորության  գծերի  վրա: Չկա   այդ   ամեն   ինչը:

Ես   գոհ եմ,  որ այնպիսին եմ, ինչպիսին  կամ:Աստված  տա  մինչև   իմ  կյանքի  վերջ  այդպես  էլ   կարողանամ   շարունակել:

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 58948անգամ
Վերջին լուրեր