04 / Հունիս / 2020 : 16-30

Իմ  ազատությունը   որևէ  մեկը  չի  կարող սահմանափակել. Անահիտ  Կիրակոսյան 

Ելակետ   լրատվականի/ Yelaket.am-ի    զրուցակիցն   է  դերասանուհի   Անահիտ  Կիրակոսյանը, որը  մեզ հետ   կիսեց  իր   խոհերը   լավագույն   ընկերների, ազատության   սահմանափակման, հետաքրքիր   ընտրության   և   կյանքի  ողբերգության  մասին:

 

-Ի՞նչն   է  սահմանափակում   Ձեր   ազատությունը:

-Իմ  ազատությունը   որևէ  մեկը  չի  կարող սահմանափակել,մինչև  ես  չփորձեմ  որևէ  այլ մեկի ազատությունը  սահմանափակել:Այսինքն՝  դու  ինքդ  պիտի  զգաս  այդ ազատության  չափը  և  սահմանը:

Այո՛, ազատությունը  պետք  է  ունենա  չափ:

-Ինչ   եք   անում   այն   պարագայում, երբ    թվում   է՝  ամեն   բան   ձախողված  է:

-Երբ թվում է, թե  ամեն բան ձախողված է, օրս վատ է անցնում  և թևաթափ եմ լինում, վերցնում  եմ  կիթառս  և  սկսում  եմ ստեղծագործել  կամ  թուղթ  ու  գրիչ, շատ  օգնում  է:

-Ի՞նչն    է   գեղեցիկ   և   երիտասարդ   լինելուց   կարևոր:

-Կարծում  եմ  հոգին, որ լինի երիտասարդ, գեղեցիկ ու բարի:Մարդը  չկորցնի  իր  մարդ  լինելու  ունակությունը, հիշի, որ  առաջին  հերթին  պետք   է  մնա   մարդ:

-Ինչու՞   է   անհրաժեշտ   գիրք   կարդալ:

-Գիրքը պատմություն է, իսկ  պատմությունները  մեզ  սովորեցնում են  չսխալվել, սովորեցնում  են  սովորել   ուրիշի սխալի վրա, սովորեցնում են հոգեբանություն, սովորեցնում են , թե  ինչպես պետք է ճիշտ ապրել: Ուղղակի պետք  է  ընտրել  ճիշտ  գիրքը: Շատ  լավ   արտահայտություն կա, որ կյանքում անհրաժեշտ է ընդամենը տասը գիրք կարդալ, բայց  այդ  տասը   գիրքը  ընտրելու   համար  պետք  է  մի  ամբողջ  գրադարան  կարդաս:

Ինձ   համար  գիրքը  ընկեր  է, հանգստություն   է:Ի  վերջո, գիրքը  կրթում  է:

-Ձեր  երեխաները   Ձեր  լավագու՞յն   ընկերներն   են:

-Իմ երեխաները իմ ընկերներն են, լավագույն թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև շատ դեպքերում  իմ խենթերն են, իմ  գժերն են, ինձ  նեղացնողներն են, ինձ  ջղայնացնողներն  են: Բայց  և  երեխաները  իմ  կյանքն  են:

Յուրաքանչյուր մարդ  երևի ինքն է իրեն լավ ճանաչում և իրեն կարող է օգնել: Պետք է ուղղակի փնտրել  քո  ներսում  քո  իսկ   հարցերի, քո  իսկ  կապանքների  ճիշտ  բանալիները:

- Բարին,  թե՞  ճշմարիտը,  որին   կտաք   նախապատվությունը   և   ինչու՞:

-Այնպիսի  հետաքրքիր  ընտրության առաջ  եք  դրել, որովհետև  ինձ  համար  հենց  բարության մեջ  է  ճշմարտությունը:Իհարկե բարին կընտրեմ,որովհետև բարին ինքը ճշմարտությունն  է, որովհետև ճիշտը  և  ճշմարիտը  յուրաքանչյուր  մարդու  համար  կարող է մի ձև դիտարկվել, իսկ բարին ցանկացած դեպքում իր մեջ ճշմարտություն է պարունակում:Ես չեմ տեսել մեկին,ով բարություն է անում և իրեն դա ինչ-որ կերպ չի վերադառնում:Իհարկե ,երբեմն  անգնահատելի  է,երբեմն   չարաշահում են, բայց  միևնույնն է, նախընտրում  եմ բարին ու շարժվում եմ բարության հետ կողք կողքի:Ինձ  համար  բարի լինելը  ամենալավ   հատկանիշներից  մեկն  է մարդու  համար: Բարին  ներող  է:

-Ի՞նչն   է  ոչնչացնում   արտիստին:

-Չգնահատված լինելը, նեղացնելը, անտեսելը, թույլ կողմին կպնելը, այն բոլոր մարդկային հատկանիշները, որոնք առհասարակ կարող  են   մարդուն ոչնչացնել, որովհետև  արտիստն  էլ  մարդ  է,  ու  շատ  ավելի  զգայուն, շատ  ավելի   էմոցիոնալ, խոցելի, երբեմն   թույլ...

-Ինչո՞ւմն   է    կյանքի   ողբերգությունը:

-Կյանքի  ողբերգությունն  այն է, որ չենք հասկանում, որ  ընդամենը  փոքրիկ  մրջյուններ ենք և ունենք  թիթեռի  կյանք:Մենք  մեզ   շատ  մեծ իմաստունների  տեղ ենք  դրել, և հենց դրանում  է կյանքի  ողբերգությունը: Պետք  է  գնահատել  ամենափոքր  մանրուքները  և  ամեն  վայրկյանից  ինչ-որ  բան  քաղել՝ փորձելով  տալ  լավը, բարին, դրականը:

-Ո՞րն   է   մեծագույն   իմաստությունը:

-Սոկրատեսն   արդեն   ասել  է. «Ճանաչիր  ինքդ  քեզ»:

Ինձ  թվում է ՝յուրաքանչյուր  մարդ պետք է ճանաչի ինքնիրեն, չդավաճանի իր սկզբունքներին, չմոռանա, որ  ոչինչ  չգիտի:Այո՛, ես գիտեմ, որ ոչինչ  չգիտեմ, շատերը դա  էլ չգիտեն: Իսկ մեծագույն  իմաստություններն  արդեն  ասվել  են փիլիսոփաների կողմից, պարզապես   պետք   է  այդ  ամենը  հասկանալ   և  շարժվել   իրենց   խորհուրդներով:

Նյութը  պատրաստեց  Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 120289անգամ
Վերջին լուրեր