08 / Հունիս / 2020 : 17-54

Facebook-ը Թրամփի գրառումների հետ կապված սկանդալից հետո կվերանայի գրառումների վերաբերյալ քաղաքականությունը

Facebook ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումները չհեռացնելու պատճառով առաջացած բացասական արձագանքի ֆոնին կվերանայի գրառումների բովանդակության վերաբերյալ քաղաքականությունը, հաղորդում է The Guardian-ը։

«Ես գիտեմ, որ ձեզնից շատերը կարծում են, որ մենք պետք է ինչ-որ կերպ պիտակավորեինք նախագահի գրառումները՝ տեղեկացնելով, որ դրանք բռնության կոչեր են պարունակում: Մենք պատրաստվում ենք վերանայել մեր քաղաքականությունը և մտադիր ենք քննարկել գրառման բովանդակության խախտման կամ մասնակի խախտման հետ կապված պիտակավորման հնարավոր տարբերակները»,-հայտարարել է նա։

Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ն ավելի թափանցիկ կլինի որոշումներ կայացնելու հարցում և կփորձի ստեղծել ռասայական արդարության խթանման համար ծրագրային ապահովում:

Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք տեղեկանում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Հաղորդագրության հրապարակումից հետո երկուսուկես ժամվա ընթացքում Twitter-ը դրա վրա նախազգուշացնող պիտակ էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «բռնություն է փառաբանվում»։

Դիտվել է 8368անգամ
Վերջին լուրեր