10 / Հունիս / 2020 : 15-10

«Չէ,  թող   իմ   մասին   ֆիլմ   չնկարեն,  շատ   ավելի  շատ  արժանավոր  մարդիկ  կան». Բաբկեն   Չոբանյան

Ելակետ   լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն   է   դերասան   Բաբկեն   Չոբանյանը, որը  մեզ  հետ կիսեց   իր   խոհերը    դերից   հրաժարվելու,  սիրո,  խանդի ,թատրոնի  և  կինոյի   մասին:

-Կինո, թե  թատրոն. ո՞րն  է  Ձեզ  ավելի  հոգեհարազատ:

-Երկուսն  էլ  հոգեհարազատ  են, բայց  առանց  թատրոնի  երկար  ժամանակ  կինոյում անելիք   չես   ունենա:

-Ի՞նչն   է  գերում   մարդկանց, որպեսզի   թատրոն   հաճախեն:

-Տարբեր  բաների  համար  են   մարդիկ  գալիս  թատրոն: Շատերը՝ իրենք   իրենց  տեսնելու, շատերը՝  ժամանակ   անցկացնելու, մյուսները՝  հետաքրքիր   պատմություն   տեսնելու,իրենց սիրած   դերասանների,  սիրած  գործերի   համար, շատերն  ուղղակի  մտածելու  և  լավ  երեկո   անցկացնելու   համար:

-Դասական  գործերը   մեր   ժամանակաշրջան   տեղափոխելը   ինչպե՞ս   եք   որակում:

-Ցանկացած  գործ, եթե  լավ  և  որակով  է  արվում, ուրեմն   ինչու՞  չթողնել:Նույնը վերաբերում   է  նաև  դասական  գործերին:Եվ   շատ   զգույշ  է  պետք  անել:

 

 

-Կա՞  ստեղծագործություն, որն   ընթերցելով   վերագտել  եք  ինքներդ   Ձեզ:

-Ինձ  թվում  է՝ ցանկացած  ընթերցող  որևէ  բան  կարդալիս  ինքն  իրեն  ակամա փնտրում է ու   մեծ   մասամբ   գտնում:

-Պարտավորեցնող  են   արդյոք  տարատեսակ  կոչումները, պարգևներն  ու  մրցանակները:

-Ոչ իհարկե,չի կարող  պարտավորեցնել,որովհետև  աշխատանքը, գործունեությունը ոչ մի կերպ  միտված  չէ  պարգևներ ստանալուն, այդ ակնկալիքով  չես  աշխատում, դրանք կարևոր   հանգրվաններ  չեն:

-Ո՞ր  դեպքում  դերից  կհրաժարվեիք:

-Աշխատում  եմ  չհրաժարվել, բայց  մեծ   մասամբ   հրաժարվում  եմ, երբ  հետաքրքիր  չէ:

-Իսկական  սիրո   կողքին   խանդն   անելիք   ունի՞:

-Կարծում  եմ  չէ,անելիք  չպետք  է ունենա, բայց  մարդիկ  տարբեր են, էնպես որ խանդն էլ գոյության  իրավունք   ունի:

-Ի՞նչն   է  սերը   պահպանելու   լավագույն   միջոցը:

-Սերը   անընդհատ  աշխատանք   է առանց   ակնկալիքի, առանց   հաշվարկի,պետք է սիրել,անընդհատ սիրել. դա զգացողություն  է, որը  պահպանելու   համար  ջանքեր  են  պետք, աշխատանք  է  պետք:

-Ինչպիսի՞   վերնագիր   կունենա    Ձեր   մասին   պատմող    ֆիլմը:

-Չէ,  թող   իմ   մասին   ֆիլմ   չնկարեն,  շատ   ավելի  շատ  արժանավոր  մարդիկ  կան:

 

Նյութը   պատրաստեց   Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 50723անգամ
Վերջին լուրեր